Հրաժարակա՞ն, թե՞ մահափորձ. Milliyet, Թուրքիա

- in Միջազգային
179
siria

Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրի հրաժարականի մասին լուրը պարզ երկնքում որոտի պես հնչեց: Այդ հրաժարականի մեջ ինչ-որ տարօրինակ բան կա, գրում է թուրքական Milliyet պարբերականը:

Ամենից առաջ վարչապետն ուղիղ եթերում հայտարարեց իր հեռանալու մասին և նշեց, որ վախենում է սեփական անվտանգության համար: Ավելին, նա դա արեց Սաուդյան Արաբիայում, ոչ թե իր երկրում: Իսկ այն, որ խոսքը Լիբանանի մասին է, այդ ամենը դարձնում է ավելի հետաքրքիր, քանի որ երբ փռշտում է Լիբանանը, ամբողջ Մերձավոր Արևելքն է հարբուխով հիվանդանում:

Հիմա բոլորը տարակուսած են: Հարիրին սաուդցիների ազդեցության տա՞կ է հրաժարական տվել: Թե՞ թաքնվել է Էր-Ռիյադում՝ փրկվելով մահափորձից, որը նրա դեմ պատրաստվում էր Բեյրութում:

Այս իրադարձությունների իրական պատճառին նայելիս պարզ է դառնում, որ Սաուդյան Արաբիան Հարիրիին ստիպել է անել դա: Պատճառը պարզ է՝ Սաուդյան Արաբիայի և Իրանի մրցակցությունը: Այսօր Իրանն ազդեցիկ է տարածաշրջանում ինչպես նախկինում երբեք: Իսկ ԱՄՆ նախագահ Թրամփի հզոր և բաց աջակցությունը ստացած Սաուդյան Արաբիան ձգտում է հնարավորինս շուտ գերազանցություն ստանալ Իրանի նկատմամբ: Եվ գիտի, որ առաջին հերթին դա պետք է Լիբանանում անել, որը շիաների և սուննիների վեճի առաջադիրք է:

Մինչ այս պահը մազհաբային հակամարտությունից պառակտվող Լիբանանում Հարիրին սուննի թևի դրոշն էր կրում: Բայց մյուս կողմից, նրան քննադատում էին «Հզբոլլահի»՝ Իրանի լիբանանյան խաղազինվորի նկատմամբ ոչ բավականաչափ խիստ դիրքորոշման համար: Ավելին՝ մամուլում բազմիցս արտացոլվել է տեղեկությունը, որ Հարիրին փորձել է գաղտնի կապվել Ասադի՝ Սիրիայում Իրանի դաշնակցի հետ: Իսկ այն, որ լիբանանյան բանակը «Հզբոլլահի» հետ ԴԱԻՇ-ի դեմ համատեղ գործողություններ է իրականացնում Սիրիայում, թերևս, դարձավ Սաուդյան Արաբիայի համբերության լցված բաժակի վերջին կաթիլը:

Միաժամանակ, Լիբանանում Հարիրիի հեռանալով ընկավ կառավարությունը, որը հաջողվել էր ստեղծել միայն անցած տարի՝ նախագահ ընտրելու հետ կապված երկուսուկես տարի տևած ճգնաժամից հետո: Ընտրությունները, որոնք պետք է մայիսին տեղի ունենային, նույնպես հետաձգվեցին անորոշ ժամանակով: Երկիրը, ըստ ամենայնի, երկար ժամանակ չի կարողանա դուրս գալ այդ քաոսից: Սաուդյան Արաբիան կփորձի այդ իրավիճակը կապել նրա հետ, որ «Հզբոլլահը» չի կարողանում կառավարել երկիրը և ձգտում է թուլացնել այդ կազմակերպությանը: Իսկ հաջորդ նպատակը, անկասկած, կլինի «Հզբոլլահի» զինաթափումը:

Հրաժարականի հետևում է նաև Հարիրիի անձնական անհանգստությունը: Նրա մտահոգությունն իր ֆինանսական կարողությունը պահպանելու համար: Հարիրին գլխավորում էր իրեն հորից հասած Oger հսկայական ընկերությունը, որի բազան Սաուդյան Արաբիայում է: Սրա հետ կապված՝ ենթադրվում է, որ Հարիրին համակերպվել է իր պաշտոնանկության հետ՝ իրեն պատկանող ընկերության բռնագրավում թույլ չտալու համար, և այդպիսով ապացուցեց իր նվիրվածությունը սաուդյան արքայազնին:

Բավական նշանակալի է ժամանակը, որ ընտրել է Սաուդյան Արաբիան: Այն օրերին, երբ Հարիրին հրաժարական է տալիս, Սաուդյան Արաբիայում պաշտոնապես պալատական հեղաշրջում է տեղի ունենում: Թագաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանը սաուդյան պատմության մեջ աննախադեպ մասշտաբով ձերբակալել է տասնյակ արքայազնների և նախարարների կոռուպցիայի մեղադրանքով: Միաժամանակ պնդում կա, որ նրանք բոլորը Սալմանի հանդեպ ընդդիմությունում են նախևառաջ Իրանի նկատմամբ նրա ագրեսիվ քաղաքականության պատճառով:

Եվս մեկ էական տարր կա ժամանակի ընտրության տեսանկյունից. վերջերս Թրամփը, ով մտածել է Իրանի վերջը տալ տարածաշրջանում, հայտարարեց «Հզբոլլահի» և Թեհրանի կառավարման տակ գտնվող «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» դեմ պատժամիջոցների մասին, նաև Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չեղարկելու մտադրություն հայտնեց:

Եվ այսպես, մենք մտնում ենք շրջան, երբ նա, ով մտերմանում է Իրանի հետ, ինքը կարող է լրջորեն տուժել, ասվում է հոդվածում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20