«Ղումար» ենք խաղում ազգովի. մեր տնտեսությունը մնացել է կազինոների հույսին

- in Մամուլ
99
Kazino

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին 9 ամիսներին վերաբերող սոցիալ-տնտեսական ցուցանիշների մասին զեկույցում մի սահմռկեցուցիչ տվյալ կա: Խոսքը կազինոների և շահումով խաղերի ոլորտի մասին է:

Այդ ոլորտի ծավալը այս տարվա հունվար-սեպտեմբերի ընթացքում կազմել է ավելի քան 196 միլիարդ դրամ կամ 400 միլիոն դոլարից ավելի: Ինչպես նկատել են 168.am պարբերականի մեր գործընկերները, այս ցուցանիշը առաջին անգամ է հրապարակում ԱՎԾ-ն:

Ասել, որ սա մեծ, շատ մեծ ծավալ է, նշանակում է ոչինչ չասել: Եթե համարենք, որ կազինոների ու շահումով խաղերի շրջանառությունը հավասարաչափ է բաշխվում տարվա ընթացքում, և առաջին ամիսներին ծավալը կազմել է 196 միլիարդ դրամ, ապա տարվա կտրվածքով այն կլինի մոտ 260 միլիարդ դրամ: Որպեսզի պատկերացնենք, թե սա ինչ ծավալ է, նշենք, որ 2017 թվականին ՀՀ պետբյուջեով պաշտպանության ոլորտին հատկացված է միայն 209 միլիարդ դրամ: Եթե կոպիտ հաշվարկներ անենք, ապա կստացվի, որ կազինոների ու շահումով խաղերի ծավալը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով կազմում է 200 դոլար:

Համեմատության համար նշենք, որ օրինակ կրթության ոլորտում մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը այս տարվա առաջին 9 ամիսներին, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 38 մլրդ դրամ կամ 5 անգամ քիչ, քան շահումով խաղերի ու կազինոների ցուցանիշն է: Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը եղել է ընդամենը 40 մլրդ դրամ…

Եվս մի ցուցանիշ: Կազինոների ու շահումով խաղերի ոլորտում տրամադրված ծառայությունների ծավալը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Այլ կերպ ասած, կազինոներն ու շահումով խաղերը մեր տնտեսության թերևս ամենածանրակշիռ ոլորտներից մեկն է: Ընդ որում, ամենադինամիկ աճողը: Միայն մեկ տարվա ընթացքում այս ոլորտում աճը գերազանցել է 18 տոկոսը, այն դեպքում, երբ տնտեսական աճը մոտ 4 տոկոս է:

Կասկածները, որ Հայաստանում արձանագրվող տնտեսական աճերի մի զգալի մասը կազինոների ու շահումով խաղերի ոլորտի առաջանցիկ աճի շնորհիվ է, կային դեռ վաղուց: Այդ մասին էր խոսում այն փաստը, որ նշված ընդհանուր ծառայությունների ոլորտի հզոր աճեր գրանցվում էին հատկապես Կոտայքի մարզում, որտեղ տեղակայված է Հայաստանի ամենախոշոր կազինոն՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոնը»: Սակայն պաշտոնական ցուցանիշների տեսքով ապացույցներ չկային: Հիմա՝ արդեն կան:

Կան, ու այդ ցուցանիշը, մեղմ ասած, շատ տխուր է: Դժվար է ասել, թե խաղատնային բիզնեսի վրա սևեռված եվրոպական քաղաք պետություններից ուրիշ որ երկրներում է այսպիսի վիճակ: Փաստորեն տարեկան մոտ 540 միլիոն դոլար մենք ծախսում ենք «բախտ փորձելու» վրա: Այդ ահռելի կապիտալը ոչինչ չի ստեղծում, չի նպաստում տնտեսության որակական փոփոխությանը, ուղղված չէ ապագային… Թերևս չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ այս ցուցանիշը շոշափում է ՀՀ անվտանգությունը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20