Մամիկոն Ասլանյանը «սրբորեն» հետևել է այն «ավանդույթներին», որոնք ամրացնում են Հայաստանի օլիգոպոլ համակարգը

- in Ով ով է ..., Պնակալեզներ
206
mamikon-aslanyan-vanadzor

Նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշումից հետո Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պնդում է, թե անցած մեկ տարում ապօրինություն թույլ չի տվել:

Կայքերից մեկի հետ զրույցում նա նույնիսկ պատկերավոր համեմատություն է արել. «Հիմա ոնց որ կանաչ լույսի տակով մեքենայով անցնեք, ու հետո ասեն, որ այդ պահին այդտեղ պետք է կարմիր լույս վառած լիներ, բայց քանի որ այն ժամանակ կանաչ լույս է եղել, դուք անցել եք. այժմ պիտի էլ չանցնեք, պետք է համապատասխանեցվի, քանի որ այնտեղ ուրիշ լույս պիտի վառվեր: Հիմա այդ պահին, որ դու տեսել ես՝ դա կանաչ լույս է, քո գործողությունների մեջ ո՞րն է անօրինական: Անօրինական բան ես որտեղի՞ց կարող էի անել. եթե ես անօրինական բան արած լինեի, կոնկրետ իմ որոշումները կվիճարկեին, բայց իրենք վիճարկում էին օրենքի այն դրույթը, որի հիման վրա ես նիստեր եմ գումարել։ Եթե նիստեր եմ գումարել, այդ նիստերը օրինական չէին կարող չլինել, որովհետև այդ պահին գործող օրենքն է դա թելադրել»:

Սա այն դեպքն է, երբ չես կարողանում բան ապացուցել նույնիսկ այն դեպքում, երբ գողոնը բռնել ես գողի ձեռքին: Մամիկոն Ասլանյանի մտածողությունը, սակայն, զարմանալի չէ, որովհետև հակասահմանադրականությունը բնորոշ է պետական ամբողջ համակարգին, ընդ որումտարիներ շարունակ: Ի վերջո, Ասլանյանի ապօրինությունները խրախուսվել են ամենաբարձր մակարդակով: Իր իսկ պայմանական ձևակերպմամբ ընդդիմությունը նրան անընդհատ զգուշացրել է, որ անցնում է «կարմիր լույսի» տակով, սակայն Ասլանյանը համառորեն «շփոթել» է գույները, որովհետև երաշխիքներ է ստացել ամենաբարձր մակարդակներում: Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը «դուխով» կանգնած էր Վանաձորի ինքնակոչ քաղաքապետի թիկունքին, խորհրդարանական մեծամասնության ղեկավար, վանաձորցի Վահրամ Բաղդասարյանը պիտակներ էր կպցնում Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող ընդդիմադիրներին: Բոլորին գերազանցեց վարչապետ Կարեն Կարապետյանը, որը մի քանի շաբաթ առաջ իսկական ֆոտոսեսիա կազմակերպեց Մամիկոն Ասլանյանի հետ Վանաձորի փողոցներում:

Ապօրինության այս շղթայի, Վանաձորի քաղաքապետի և քաղաքային իշխանության ինքնիրավչության շահառուները ոչ միայն Մամիկոն Ասլանյանն է, որն այս պատմության մեջ, շախմատային լեզվով ասած՝ «զինվորի» ֆունկցիա է կատարել, այլ նաև Հայաստանի և ՀՀԿ-ի առաջին դեմքերը, քաղաքապետի ապօրինություններն ու ավագանու անգործությունը հանդուրժող մարզպետը, վարչապետը, մանավանդ, որ ընդդիմությունն ահազանգել է բոլոր հասցեներով և ՍԴ-ն վերջին հանգրվանն էր, որովհետև ընդդիմադիր պատգամավորները հասկացան, որ հակասահմանադրականության վիրուսով հիվանդ իշխանության համակարգը ոչ միայն չի վերացնելու, այլ նաև քաջալերելու է վանաձորյան բեսպրեդելը:

Մամիկոն Ասլանյանը նույնիսկ զարմացած է ՍԴ այսօրվա որոշումից, որովհետև «սրբորեն» հետևել է այն «ավանդույթներին», որոնք ամրացնում են Հայաստանի օլիգոպոլ համակարգը: Ասլանյանի առաջին արձագանքը ՍԴ որոշմանը հուսահատ էր, հետո նա գոտեպնդվեց: Հավանաբար` ինչ-որ երաշխիքներ ստացավ կուսակցական «հայրերից»:

Հայաստանի հակասահմանադրական ռեժիմն անշուշտ փորձելու է «մաղել» ՍԴ որոշումըայն համապատասխանեցնելով իր շահերին: «Ելք»-ը պետք է փորձի երկրում իրականություն դարձնել սահմանադրական հեղափոխություն ՍԴ որոշումը դարձնելով նախադեպային հիմք, գլոբալ հարթություն տեղափոխելով դրա քաղաքական նշանակությունը: Ի վերջո, եթե Վանաձորը դարձել էր համակարգի հակասահմանադրականության խորհրդանիշը, ապա անցած տարվա ավագանու ընտրությունները այն հրաշալի նախադեպն են, որ այս երկրում հնարավոր են փոփոխություններ` ընտրությունների միջոցով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20