Մոսկվան հակված չէ հավատալ Անկարայի ղարաբաղյան «արցունքներին»

- in Միջազգային
215
Erdoghan Putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Սոչիում կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարը և Սիրիայի իրադրությունը: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Նոյեմբերի տասներեքին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքային այցով կժամանի Սոչի: Պլանավորվում է, որ նրանք կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային ու միջազգային խնդիրների, այդ թվում՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարի և Սիրիայում իրադրության կարգավորման շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ օրակարգում նաև երկկողմ հարցերի լայն շրջանակի, մասնավորապես առևտրատնտեսական կապերի ամրապնդման, էներգետիկայի բնագավառի համագործակցության հեռանկարների քննարկումն է: Դատելով Մոսկվայի պաշտոնական հաղորդագրությունից՝ երկու օր հետո Պուտինի և Էրդողանի հանդիպման օրակարգում ԼՂ հարցն առանձին ներառված չէ, և եթե անգամ երկու առաջնորդները դրան անդրադառնան, ապա դա տեղի է ունենալու տարածաշրջանային ավելի գլոբալ հարցերի համատեքստում:

Բաքու կատարած վերջին այցից հետ Թուրքիայի նախագահը խոստացել էր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացնել ԼՂ հարցը, որովհետև Էրդողանի համոզմամբ՝ եթե Ռուսաստանի նախագահը կենտրոնանա խնդրի վրա, արդյունքներն անհամեմատ տեսանելի կլինեն: Ակնհայտ է, թե ադրբեջանա-թուրքական ընկալմամբ որն է «արդյունքը». դա, ըստ էության, վերադարձն է այն իրավիճակին, որը ծնեց 2016-ի քառօրյա պատերազմը: Մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ Էրդողանի հայտարարությունն առավելապես քարոզչական, ֆոնային բնույթ ուներ, որովհետև տարբեր պատճառներով այսօր Մոսկվայի օրակարգում չկա Ղարաբաղյան խնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից դուրս սեպարատ նախաձեռնությամբ հանդես գալու անհրաժեշտություն:

Օբյեկտիվորեն Մինսկի խումբը միակ միջազգային հարթակն է, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքն արդյունավետ համագործակցում են, և գոնե այս պահին Պուտինը չի փակի այդ պատուհանը, մանավանդ, որ բավականին բարդ արտաքին և ներքին քաղաքական կոնյունկտուրայով պատրաստվում է 2018-ի մարտին նշանակված նախագահական ընտրություններին:

Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ ԼՂ խնդրում Վաշինգտոնն ու Փարիզն ընդունում են Մոսկվայի հիմնական դերակատարության լեգիտիմ իրավունքը: Սա Մոսկվայի համար հատկապես կարևոր է վերջին օրերի իրադարձությունների ֆոնին, երբ Ռուսաստանի իզգոյացումն ավելի ակնհայտ դարձավ ամերիկա-չինական բարձր մակարդակի հանդիպման հետևանքով, մանավանդ, որ դրանից հետո Դոնալդ Թրամփն ըստ էության հրաժարվեց Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնական հանդիպում ունենալ Վիետնամում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան վեհաժողովի շրջանակներում(ՍՄՆ և Ռուսաստանի նախագահները սահմանափակվել են ընդհանուր հայտարարության հեղինակմամբ, որը վերաբերում է Սիրիայի խնդրին):

Այս լույսի ներքո Պուտին-Էրդողան հանդիպման քաղաքական նշանակությունն էապես ստորադասվում է՝ վերածվելով քաղաքակիրթ աշխարհից քշված ավտորիտար երկու առաջնորդների հանդիպման: Մոսկվան և Անկարան չունեն ռեսուրսներ լայն ճակատով Արևմուտքին հակադրվելու համար, մանավանդ, որ Պեկինը միանգամայն ինքնաբավ քաղաքականություն է վարում և նույնիսկ փորձում է օգտվել Վաշինգտոնի ու Մոսկվայի հակադրությունից՝ գերտերության իր հավակնությունները, երկրորդ բևեռի իր հայտը ձևակերպելու համար:

Պուտինն ու Էրդողանը իրենց պահանջարկվածությունը կարող են խաղարկել սիրիական գործոնով, և, ըստ ամենայնի, նրանց հանդիպման օրակարգում առաջնայինը լինելու է հենց Սիրիայի հարցը: Այսօրվա միջազգային համատեքստում Մոսկվան հակված չէ հավատալ Անկարայի ղարաբաղյան «արցունքներին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20