Մոսկվան ֆորմալացնում է իր մեծապետական քաղաքականությունը

- in Հասարակություն
ETM

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը օրենք է ստորագրել Եվրասիական տնտեսական միության շրջանակում Ղազախստանի հետ օգնության համաձայնագիրը չեղարկելու մասին: Համաձայնագիրը ստորագրվել էր 2016 թվականին, որով նախատեսվում էր Ղազախստանի կողմից Ղրղզստանին 100 մլն դոլարի օգնության տրամադրում «ԵՏՄ-ին Ղրղզստանի ինտեգրման գործընթացներին նպաստելու համար»:

Սա տեղի է ունենում 2 երկրների միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին այն բանից հետո, երբ Աթամբաևը Ղազախստանի իշխանություններին մեղադրել էր նախագահական ընտրություններին միջամտելու փորձի մեջ: Դրանից հետո Ղազախստանը Ղրղզստանի սահմանին անվտանգության ուժեղացված միջոցառումներ էր սահմանել, որոնց հետևանքով սահմանով քաղաքացիների տեղափոխման ամենօրյա միջին թիվը 2,5 անգամ կրճատվել էր: Ղրղզստանը հրաժարվում է Աստանայի այն օգնությունից, որը պետք է նպաստեր երկրի եվրասիական ինտեգրմանը, փաստացի Բիշքեկը «դեղին քարտ» է ցույց տալիս հենց ԵՏՄ-ին, որովհետև եթե մաքսային միությունը չի կարողանում կարգավորել անդամ երկրների տնտեսական, առևտրային վեճերը, ապա այդ միությունն, ըստ էության, գոյություն չունի:

Քաղաքական հետևանքների հարթության վրա Ալմազբեկ Աթամբաևի ստորագրած օրենքը ճանապարհ է բացում ԵՏՄ-ից Ղրղզստանի դուրս գալու կամ նույնիսկ` ԵՏՄ-ի փաստացի փլուզման համար: Վեճեր, նույնիսկ ճգնաժամներ լինում են անգամ Եվրամիությունում, սակայն դրանք ի վերջո հաղթահարվում են, որովհետև ԵՄ-ն, ի տարբերություն ԵՏՄ-ի, կայացել է ոչ թե հարկադրանքի, այլ անդամ երկրների քաղաքական, տնտեսական, քաղաքակրթական ընդհանրության հենքով: ԵՏՄ-ում նույնիսկ անիմաստ է խոսել քաղաքական ընդհանրության մասին, որովհետև թշնամական հարաբերություններ ունեն Ղրղզստանն ու Ղազախստանը, Բելառուսն ու Ղազախստանն ակնհայտորեն գործում են իրենց նոմինալ դաշնակից Հայաստանի շահերի դեմ:

Տնտեսական ընդհանրության մասին խոսելն առհասարակ անիմաստ է, որովհետև ԵՏՄ-ն, ըստ էության, ոչ թե ինտեգրացիոն նախագիծ է, այլ հարթակ, որտեղ Մոսկվան ֆորմալացնում է իր մեծապետական քաղաքականությունը: Այս լույսի ներքո ցանկացածնույնիսկ լոկալ հակադրություն կարող է կասկածի տակ դնել ԵՏՄ-ի կենսունակությունը, գոյությունը, մանավանդ, որ ավտորիտար ցանկացած առաջնորդի հեռացում իշխանությունից թուլացնում է ԵՏՄ-ի կոնսոլիդացիոն ռեսուրսը: Պատահական չէ, որ ղրղզա-ղազախական հակադրությունը սրվեց Աթամբաևի իշխանությունից հեռանալու ֆոնին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20