ՆԱՏՕ-ն, դրա առանցքային երկիր ԱՄՆ-ը կարևոր զսպող գործոն էին Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության ծավալման ճանապարհին

- in Միջազգային
Nato

Թուրքիայի նախագահի խորհրդական Յալչըն Թոփչուն տեղեկացրել է, որ երկրի խորհրդարանն առաջիկայում կքննարկի ՆԱՏՕ-ում անդամակցության ամբողջական կամ մասնակի դադարեցման հարցը: Թոփչուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն թշնամական վերաբերմունք ունի Թուրքիայի հանդեպ:

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հետ է կանչել երկրի զինվորականներին Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններից, որտեղ հրաձգային գործողությունների ժամանակ պայմանական թիրախի դերում եղել են նաև Էրդողանի ու Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալի լուսանկարները: ՆԱՏՕ-ն պաշտոնապես ներողություն է խնդրել, սակայն դա չի բավարարել Անկարային՝ մանավանդ, որ կողմերի հարաբերություններում ճգնաժամն ավելի խորքային բնույթ ունի:

Բանն այն է, որ ՆԱՏՕ-ն հրաժարվել է ֆինանսավորել Սիրիայի սահմանին գտնվող թուրքական ռազմաբազաները ու չեղարկել է Թուրքիային Patriot ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագիրը: Թուրքիայի փորձագիտական շրջանակներում նույնիսկ քննարկում են Անկարայի գլխավորությամբ նոր ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման հարցը, որին կարող են մաս կազմել Կատարը, Իրանը, Լիբանանը: Իհարկե, գործընթացը շատ ավելի բարդ ու բազմաշերտ է, և պետք չէ ենթադրել, որ հենց վաղը Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից կամ ռազմաքաղաքական նույն դաշինքում ընկերակցել Իրանին, որի հետ ունի սկզբունքային, նույնիսկ անլուծելի հակասություններ մերձավորարևելյան ուղղության վրա: Մյուս կողմից՝ Անկարայի ու ՆԱՏՕ-ի հակասություններն այնքան բազմաշերտ են, որ խզման հեռանկարը միանգամայն հնարավոր է:

Մեզ ավելի շատ անհանգստացնում է Հայաստանի քաղաքական և փորձագիտական մտքի ոչ ադեկվատ արձագանքը, երբ Թուրքիան կամ Ադրբեջանը պրոբլեմներ են ունենում արևմտյան կառույցների հետ: Դրանից ոգևորվել պետք չէ, որովհետև այդ փաստերը միայն ավելացնում են Հայաստանին ուղղված մարտահրավերները՝ Բաքվի ու Անկարայի ավելի անկանխատեսելի դառնալու հետևանքով, և նաև տարածաշրջանում մեծանում է Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան առանցքի ստեղծման հնարավորությունը: Թուրքիան պոտենցիալ ու հավակնություններ ունեցող երկիր է, և եթե դրանք չեն ռեալիզացվում Արևմուտքում, ապա Անկարայի հայացքը շրջվում է դեպի Արևելք՝ դրանից բխող հետևանքներով:

ՆԱՏՕ-ն, դրա առանցքային երկիր ԱՄՆ-ը կարևոր զսպող գործոն էին Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության ծավալման ճանապարհին, ու մասնավորապես Հայաստանի անվտանգության երաշխիքը պետք է փնտրել ոչ թե Հայաստանում տեղակայված ռուսական բազայի, այլ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի գործընկերային հարաբերությունների մեջ:

ՆԱՏՕ-ից դուրս Թուրքիան վտանգավոր ու անկանխատեսելի հարևան է՝ մանավանդ մեկ այլ անկանխատեսելի երկրի՝ Ռուսաստանի հետ սերտ համագործակցության ռեժիմում: Իսկ սա ոչ թե ուրախանալու, այլ մտահոգության առիթ է՝ մանավանդ հայ-թուրքական ճգնաժամային հարաբերությունների ֆոնին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20