Նոյեմբերին 24-ը կարող է շրջադարձային լինել Հայաստանի նորագույն պատմության մեջ

- in Հասարակություն
Hayastan EM

Ադրբեջանում ակնհայտորեն գերագնահատել էին իրենց դիվանագիտական հնարավորությունները և Կատալոնիայի իրադարձությունների ազդեցությունը եվրոպական կառույցների դիրքորոշումների վրա, որոնցում հակամարտությունների կարգավորման համատեքստում վերջին շրջանում գերիշխող էր դարձել տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը:

Ադրբեջանական դիվանագիտությունն ամեն ջանք գործադրել է, որպեսզի Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի բանաձևում ԼՂ հակամարտության կարգավորումը ներկայացվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի համատեքստում:

Հաջողության դեպքում Ադրբեջանըմի կողմից, կստվերեր նույն օրը ստորագրվելիք Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի քաղաքական նշանակությունը, մյուս կողմից ԼՂ խնդրում կձևավորեր համապատասխան իրավա-քաղաքական համատեքստ եվրոպական կառույցներում: Սակայն Ադրբեջանի ջանքերը ձախողվել են` հայկական դիվանագիտության ու լոբբիստական կազմակերպությունների արդյունավետ աշխատանքի շնորհիվ:

Երեկ Բրյուսելում Եվրախորհրդարանը, ձայների մեծամասնությամբ, ընդունել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի բանաձևի նախագիծը, որտեղ կարգավորման մյուս երկու սկզբունքների հետ միասին` ճանաչվել է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Սա ադրբեջանական քաղաքականության կատարյալ ֆիասկոն էր և հայկական դիվանագիտության հաղթանակը:

Ճիշտ է` Արևելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ բանաձևն իմպերատիվ ուժ չունի, սակայն նախանշում է Արևելյան գործընկերության զարգացման դինամիկան, իսկ դա նշանակում է, որ ԼՂ խնդրում Եվրամիությունն առաջնորդվելու է հայանպաստ ձևակերպումներով, մանավանդ, որ դրանք տեղ են գտել նաև Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրում, որն արդեն փոխադարձաբար պարտավորեցնող փաստաթուղթ է:

Նոյեմբերին 24-ը կարող է շրջադարձային լինել Հայաստանի նորագույն պատմության մեջ` իրապես նպաստելով Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության դիվերսիֆիկացիային, սուբեկտայնության մեծացմանը, նոր բարենպաստ հեռանկարների ԼՂ հարցում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20