Նոյեմբերի 24-ը ըստ ամենայնի պատմական օր է դառնալու Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին

- in Հրապարակ
Serzh Aliyev

Երեկ, երբ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողները Էդուարդ Շարմազանովին հարց են տվել նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական միության Արևելյան գործընկերություն ծրագրի 5-րդ գագաթնաժողովի մասին, ՀՀԿ խոսնակը նրբանկատորեն ասել է, թե նախագահի մամուլի ծառայությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ:

Շարմազանովը փաստացի հասկացրել է, որ Բրյուսելում Հայաստանը ներկայացված կլինի Սերժ Սարգսյանի դեմքով, և մեր ունեցած տեղեկություններով՝ արդեն այսօր այդ մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի:

Եթե Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել, ապա գրեթե երաշխավորված կարելի է համարել, որ Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը ստորագրվելու է հենց նոյեմբերի 24-ին:

Կարելի է ենթադրել, որ որոշակի լուծում է գտնվել նաև Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի տեքստի վիճահարույց դրույթների հարցում: Ընդ որում՝ այս հարցում կարող է լուծում գտնված լինել երկու, նույնիսկ երեք հարթության վրա: Օրինակ՝ Երևանն ու Բաքուն գուցե համաձայնության են եկել հռչակագրի ղարաբաղյան հատվածի շուրջ, և դրանում տեղ են գտնելու փոխզիջումային ձևակերպումներ: Հնարավոր է, որ երկու կողմերին, այսպես ասենք, փոխզիջում պարտադրել է Բրյուսելը՝ բոլոր հակամարտություններին մեկ փաթեթով և ընդհանուր ձևակերպումներով անդրադառնալու ճանապարհով:

Սակայն միանգամայն հնարավոր է, որ Երևանի ու Բաքվի միջև որևէ փոխզիջում չի էլ կայացել, ու նույնիսկ հռչակագրի տեքստում պահպանվել են ձևակերպումներ, որոնք անգամ խոցելի են հայկական շահերի տեսանկյունից: Հայկական կողմն ըստ ամենայնի որոշել է հռչակագրում ներառված ձևակերպումները չկապել Հայաստան-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրի հետ, քանի որ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրն այնքան կարևոր չէ, որքան երկկողմ համաձայնագիրը, որի ստորագրմանը կողմերը երկար են նախապատրաստվել:

Այն փաստը, որ Բրյուսել մեկնում է Սերժ Սարգսյանը, հուշում է, որ հայկական կողմը նախապատվությունը տվել է ռացիոնալ փաստարկներին, ու նոյեմբերի 24-ը ըստ ամենայնի պատմական օր է դառնալու Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20