Նոր մանրամասներ լիբանանցի վարչապետի անհետացումից

- in Միջազգային
137

Հայտնի են դարձել որոշ մանրամասներ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի անսպասելի հրաժարականից, որի մասին նա հայտարարել է Սաուդյան Արաբիայում։ Ինչպես գրում է The Washington Post-ը, լիբանանցի վարչապետն առևանգվել էր օդանավակայանից թագավոր Սալմանի նստավայր տանող ճանապարհին։

Սաադ Հարիրին նախատեսում էր օդանավակայանից անմիջապես ուղևորվել թագավորի մոտ ընդունելության, սակայն քաղաքական գործչին հանդիպած մարդիկ տարել են նրան անհայտ ուղղությամբ, վերցրել նրանից հեռախոսը և կարդացել նրա հրաժարականի մասին նախապես պատրաստված հայտարարությունը։

Հաջորդ օրը սաուդցիների վերահսկողության տակ գտնվող Al-Arabiya հեռուստաալիքի եթերում Հարիրին հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Մի շարք լիբանանյան աղբյուրներ հայտնել էին, որ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը ցանկացել է փոխարինել Սաադ Հարիրիին նրա եղբորով՝ Բաhայով։ Վերջինիս կանչել են Էր-Ռիադ և պահանջել, որպեսզի նա հավատարմության երդում տա թագավորին, սակայն նա հրաժարվել է դա անել։

Երեկ Լիբանանի նախագահ Միշել Աունը պահանջել էր Էր-Ռիադից պարզություն մտցնել Սաադ Հարիրիի առեղծվածային անհետացման հարցում։ Նախագահը պահանջել էր Հարիրիին տեղափոխել Էր-Ռիադում Լիբանանի դեսպանատուն և այնտեղ կազմակերպել նրա հանդիպումը ՄԱԿ-ի, ԱՊԼ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ։

Ամերիկյան պարբերականը գրում է, որ սաուդցիները ստիպել են Սաադ Հարիրիին հրաժարական տալ նրա իրանամետ դիրքորոշման պատճառով։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20