Շարունակվող դասադուլը մտահոգել է իշխանություններին. ԿԳ նախարարը խորհրդակցություն է հրավիրել

- in Մամուլ
110
Levon Mkrtchyan

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ զինծառայությունից ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ ուսանողների՝ արդեն երկրորդ շաբաթը շարունակվող դասադուլը ՀՀ իշխանությունների վերնախավին լուրջ մտահոգել է:

Նախօրեին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը բուհերի ռեկտորների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել: Նախարարը ռեկտորներից փորձել է պարզել, թե նրանցից յուրաքանչյուրը որքանով է տիրապետում իր ղեկավարած բուհում տիրող իրավիճակին և ինչ միջոցներ է ձեռնարկում դասադուլների մասսայականացումը կանխելու ուղղությամբ:

Մեր տեղեկություններով՝ ԿԳ դաշնակցական նախարարը ռեկտորներին հանձնարարել է, որ նրանք իրենց դասախոսներին հրահանգեն՝ ուսանողների բոլոր բացականերն արձանագրվեն, սակայն միևնույն ժամանակ դասադուլավոր ուսանողների հեռացման հարց ոչ մի դեպքում չպետք է բարձրացնեն:

Վերը բերված լուրերի առնչությամբ ՀՀ ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ նախարար Լևոն Մկրտչյանը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է ունենում ռեկտորների հետ: «Ինչպես գիտեքգործում է ռեկտորների խորհուրդը, որտեղ հաճախակի կրթության և հատկապես բարձրագույն կրթության բարեփոխումների շուրջ քննարկումներ են տեղի ունենում: Վերջին շրջանում նախարարը երեք անգամ ռեկտորների հետ խորհրդակցություն է անցկացրել բարձրագույն կրթության օրենքի նախագծի շուրջ անդրադառնալով բարձրագույն կրթության տարբեր դրույթների»,- ասաց խոսնակը:

Իսկ ինչ վերաբերում է դասադուլների հետ կապված ռեկտորներին հանձնարարականներ տալու խնդրին, ապա, ըստ Լուսինե Մարգարյանի, դա չի մտնում ՀՀ ԿԳ նախարարի գործառույթի մեջ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20