Ովքեր են ուսանողական շարժման թիրախները

- in Հրապարակ
146

Տարկետման իրավունքի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այդ մասին երեկ ասել է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ շեշտելով, որ առաջին ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում տարկետմանը վերաբերող դրույթները նույնությամբ պահպանվել են 2-րդ ընթերցմանը ներկայացվող փաստաթղթում: Հետևաբար, ըստ պաշտպանության փոխնախարարի, զիջումների մասին խոսք լինել չի կարող, ինչպես պնդում են լրատվամիջոցները:

Այս հարցն ամենաինտրիգայինն է ԱԺ այսօր մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգում: Սակայն, ըստ ամենայնի, մեծ ինտրիգներ սպասել պետք չէ: Արտակ Զաքարյանի խոսքը շատ հստակ է՝ 1997-ի և 2004-ի նախադեպերը չեն կրկնվելու, մանավանդ, որ ԱԺ-ում միայն «Ելք» դաշինքն է ընդդիմանում օրինագծին, իսկ ուսանողական դասադուլն ու ցույցերը շատ միագիծ ու կանխատեսելի են՝ իշխանություններին անհանգստացնելու համար:

Մյուս կողմից՝ Հայաստանում չէ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով, օրինագծից ոչ պակաս, դարձել էր քննադատությունների թիրախ: Նույնիսկ ենթադրում ենք, որ այսօր իշխանությունները շատ ավելի կոնսոլիդացված պայմաններում կկազմակերպեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի երկրորդ ռեժիմով քննարկումներն ու քվեարկությունը:

Իրերի նման վիճակն ակնհայտ երկընտրանքի առջև է կանգնեցնում ուսանողական շարժման ղեկավարներին: Վեց օրվա դասադուլը, ցույցերը, հանրային ու քաղաքական քննարկումները հրաշալի առիթ էին, որպեսզի նրանք ընդլայնեին շարժման օրակարգը, դրա միջոցով մեծացնեին իրենց կողմնակիցների ու հետևորդների թիվը: Այդ ամենը չի արվել, և օրինագծի երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի ընտրությունն այնքան էլ մեծ չէ՝ նրանք կա՛մ պետք է վերադառնան լսարաններ, կա՛մ իրենց պահանջի հետապնդմանը հետամուտ լինեն քաղաքական հարթության վրա՝ ընդհուպ մինչև առաջ քաշելով հրաժարականների պահանջներ:

Իհարկե, այս համատեքստում միանգամից երկու հարց է հրապարակ գալիս. արդյոք ուսանողական այս շարժումը պատրա՞ստ է քաղաքական պայքարի, և ովքե՞ր պետք է լինեն նրանց հնարավոր քաղաքական պահանջների թիրախները: Երկու հարցերն էլ, գոնե այս պահին, չունեն միանշանակ պատասխաններ: Քաղաքական պայքարը պահանջում է նոր գաղափարներ, կրեատիվ մոտեցումներ, որոնց անցած օրերին ականատես չենք եղել, մյուս կողմից՝ իշխանության կոշտությունն ուսանողների մեջ գուցե բորբոքի արժանապատվության զգացումը, որովհետև հասարակության այս խումբն օբյեկտիվորեն ամենաքիչն է հարմարվում ստեղծված իրավիճակին, իշխանության բեսպրեդելին:

Պակաս կարևոր չէ նաև ուսանողական շարժման թիրախների հարցը: Արտաքուստ թիվ մեկ թիրախը պետք է լինի Վիգեն Սարգսյանը: Նա է ներկայացրել օրինագիծը, և բացի այդ՝ ուսանողների ու Վիգեն Սարգսյանի հարաբերություններում նույնիսկ անձնական լարվածության տարրեր են նկատվում: Մյուս կողմից՝ Վիգեն Սարգսյանը օբյեկտիվորեն պաշտպանել է բանակի շահերը, ինչը նույնիսկ բնական է, և ուսանողներն ավելի շատ դժգոհելու առիթ ունեն Լևոն Մկրտչյանից, ով այս առիթով ու նաև բյուջետային քննարկումների ժամանակ առհասարակ չի պաշտպանել կրթության և գիտության շահերը:

Շատ ավելի տրամաբանական է, որ ուսանողները պահանջեն այս օրինագծի հետ կապ ունեցող երկու նախարարների ու նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը՝ մանավանդ, որ առանց կառավարության ղեկավարի հաստատման որևէ օրինագիծ չի կարող ներկայացվել ԱԺ: Բացի այդ, եթե ուսանողները սևեռվեն միայն Կարեն Կարապետյանի կամ Վիգեն Սարգսյանի վրա, կարող են վտանգել իրենց շարժման հեղինակությունը՝ այն մանրադրամ դարձնելով ներհամակարգային խաղերում:

Իշխանություններն իրենց անելիքը որոշել են, գնդակը ուսանողական շարժման դաշտում է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20