Ուրվագծվում է առաջիկա նոր կոալիցիան

- in Հրապարակ
Serzh Gagik

ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում վարչապետ Կարեն Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի հակասությունների մասին:

Վերջին շրջանում դա արտահայտվեց ՊԵԿ-ի գործողությունների դեմ Առինջ մոլի առեւտրականների բողոքի ելույթներով, կառավարության հասցեին Ծառուկյան դաշինքի սուր քննադատությամբ եւ Ծառուկյանի ձեռնարկություններում խոշորածավալ ստուգումներով:

Այս ամենն անկասկած կապված է 2018-ի ապրիլին իշխանության ձեւավորման խնդիրների հետ, երբ ներհամակարգային խմբավորումները փորձում են նոր իշխանության մեջ առնվազն պահպանել դիրքերն ու քվոտաները:

Այս իրադարձությունների ֆոնին երեկ տարածվեց Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որով նա հավաստիացնում է, որ Արցախում իր ծրագրերը շարունակական են լինելու, քանի որ ինքը Արցախի ու նրա ժողովրդի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունի:

«Այս անգամ ես որոշել եմ, հանուն Արցախի և նրա անվտանգության, հանդես գալ ևս մեկ խոշորածավալ նախաձեռնությամբ: Իմ միջոցներով Արցախում կառուցվելու է միանգամայն նոր, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված զորամաս, քանի որ այսօր մեզանից յուրաքանչյուրի գերնպատակն ու գերխնդիրը պետք է լինի Արցախի անվտանգության ամրապնդումն ու խաղաղության ապահովումը: Այս զորամասի կառուցման հողային աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, իսկ հիմնական շինարարարությունը մեկնարկելու է գարնանը: Ապահովվելու է նաև այդ զորամասի մշտական ջրամատակարարումը», ասվում է հայտարարության մեջ:

Կարելի է պատկերացնել, թե ինչ զորամաս է լինելու դա, հաշվի առնելով Ծառուկյանի ոճն ու մասշտաբը: «Բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված» զորամասը կարող է նաեւ գրավիչ լինել պաշտոնյաների ու պատգամավորների որդիների համար, եթե Վիգեն Սարգսյանն իսկապես մտադիր է նրանց բանակ տանել:

Գագիկ Ծառուկյանն, այսպիսով, մտնում է «սրբության սրբոցը»՝ անվտանգության ոլորտ, որը Սերժ Սարգսյանի քաղաքական առաջիկա ծրագրերի «կարգախոսն» է: Սարգսյանի շրջապատն ու ապոլոգետները տեւական ժամանակ զարգացնում են անվտանգության խնդիրներում նրա անփոխարինելիության թեզը, դա դարձնելով նրա իշխանության շարունակման հիմնավորումը:

Եվ ահա, ներքաղաքական կոշտ պայքարում, որն ավելի է սրվելու 2018-ի ապրիլին ընդառաջ, Ծառուկյանն իր քաղաքական դիրքերը բարձրացնում է նոր մակարդակի ու «մտնում» անվտանգության ոլորտ, հայտարարելով նոր ժամանակակից զորամասի կառուցման մասին:

Սա մի կողմից պատասխան է կառավարության գործողություններին, մյուս կողմից՝ փաստացի աջակցություն Սերժ Սարգսյանի ծրագրերին: Դա արտահայտվեց նաեւ ԱԺ-ում Ծառուկյան դաշինքի գործողություններում, երբ դաշինքը, սուր քննադատության ենթարկելով բյուջեի նախագիծը, աջակցեց Վիգեն Սարգսյանի ներկայացրած նախագծերին:

Այսպիսով, կարծես թե ուրվագծվում է առաջիկա նոր կոալիցիան, ինչպես նաեւ ուժերի դասավորությունը նոր եւ ունիվերսալ «մեծամասնության» առումով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20