Պատերազմն անխուսափելի է. Սեֆիլյանը՝ արտաքին մարտահրավերների և Սերժ Սարգսյանի պլանների մասին. Galatv.am

- in Կարծիք
256
JIRAYR SEFILYAN

Սերժ Սարգսյանի պլանների մասին.

-Ըստ Ձեզ, ո՞րն է իշխանությունների ծրագիրը։ 2018թ. ապրիլից հետո որտե՞ղ (կամ ի՞նչ պաշտոնի) է լինելու Սերժ Սարգսյանը։

-Այս դեպքում պետք է ասել ոչ թե իշխանությունների, այլ Սերժ Սարգսյանի ծրագրի մասին։

Տարիներ առաջ, երբ նա նախաձեռնեց Սահմանադրության փոփոխությունը, բացահայտեց իր ծրագիրը, որ ուզում է 2018թ.-ից հետո շարունակել իր բռնապետությունը։

Սկզբնական շրջանում նա մտադիր չէր որևէ պետական կառավարման պաշտոն ստանձնել, այլ նախատեսում էր իրեն ծանոթ եղանակով՝ նորացված կոմկուս դարձած ՀՀԿ-ի ղեկավարի լծակներով պահել երկրի ղեկը։

Սակայն որքան մոտենում է ժամանակը, այնքան նրա մեջ խորանում է վախը, որ առանց պետական կառավարման պաշտոնի չի կարողանալու ղեկը պահել։ Ուստի արդեն երկար ժամանակ է, որ նա երկընտրանքի մեջ է։ Հիմնականը վարչապետի տարբերակն է։ Եթե չստացվի, ապա՝ ԱԽՔ-ի տարբերակը։

-Իշխանության պլանն իրագործվելու դեպքում ինչպիսի՞ Հայաստան կունենանք 2040թ.-ին։ Սերժ Սարգսյանը խոստանում է 4 միլիոնանոց Հայաստան։

-Իշխանություն կոչվածի, ավելի ստույգ՝ Սերժ Սարգսյանի պլանը Ռուսաստանի ձեռքում գտնվող գաղութային համակարգի պլանի մեջ տեղավորվելով ու հարմարվելով՝ անձնական ու կլանային շահերի ապահովումն է Հայաստանի ու հայության շահերի հաշվին։

4 միլիոնանոց Հայաստանի մասին խոստումը լկտի ծաղր է մեր երեսին։ Գաղութային համակարգի պլանի և նրա շրջանակում կազմվող Ս. Սարգսյանի պլանի իրագործման հետևանքով 2040թ. Հայաստան պետություն չի լինելու։ Եթե նույնիսկ կարմիր ցեղասպանություն չլինի, ապա ավելի քան երկու տասնամյակ շարունակ նրանց կազմակերպած սպիտակ ցեղասպանությունը կդատարկի Հայաստանը։

Սակայն մենք պետք է մտածենք մեր, այլ ոչ թե գաղութային համակարգի պլանով։ Իսկ մեր պլանով նրանք չեն լինելու։ Իսկ ազգային պետություն ունենալու պարագայում 4 միլիոնանոց Հայաստան լինելու է։ Եվ դա միայն սկիզբն է լինելու։

-«Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը Ձեզ մեղադրեց, թե Դուք ցանկանում էիք Հայաստանի դիկտատոր դառնալ։ Ի՞նչ կասեք այդ մասին։

-Անշուշտ, այս հարցին ավելի լավ կարող էր պատասխանել մասնագետ հոգեբանը։ Այնուամենայնիվ, փորձեմ պատասխանել։

Սերժ Սարգսյանի այս անհաջող սադրանքի փորձն ինձ հիշեցնում է «Հայելի» մուլտֆիլմը։ Այնտեղ յուրաքանչյուրն իրեն էր տեսնում հայելու մեջ և բնութագրում իր տեսած պատկերը։ Մի աթոռ զավթած «թագավոր» էլ կար։ Նա հայելու մեջ տեսնում էր մարդակեր գազանին, որ աչքն իր գահին է տնկել։

Սերժ Սարգսյանի այդ միտքն ապացույց է, որ նա, ինչպես ասում են, իր արշինով է չափում՝ բացահայտելով նաև իր համապատասխան հոգեվիճակը։ Այդ միտքը նաև վախի հետևանք է, ինչից տառապել և տառապում են բոլոր դիկտատորները՝ մտավախություն ունենալով, որ մի օր մեկ այլ դիկտատոր աթոռը կխլի իրենից և իր հետ կվարվի այնպես, ինչպես ինքը տարիներ շարունակ վարվել է բազմաթիվ մարդկանց նկատմամբ։

Բնականաբար, չեմ ընդունում նրա անհեթեթ մեղադրանքը։ Միևնույն ժամանակ խոստանում եմ մեր ժողովրդին, որ ապագա փաստացի անկախ Հայաստանում իրավունքի և սահմանադրականության գերակայության պայմաններում անկախ դատարանի առաջ են կանգնելու բոլոր նրանք, ովքեր մեր ժողովրդի ու պետության նկատմամբ հանցագործություններ են կատարել։

-Դատավարությունների մասին կուզեի՞ք արտահայտվել

-Ինչպես գաղութային համակարգի և Սերժ Սարգսյանի պլանների, այնպես էլ դրանց մաս կազմող այս «դատավարությունների» մասին մտածելու փոխարեն պետք է ջանքերը կենտրոնացնենք իրավունքի գերակայություն հաստատելու և անկախ դատարան ունենալու ուղղությամբ։

Իսկ այդ նպատակին հասնելու ճանապարհն անցնում է Անցումային արդարադատության, «Հայկական Նյուրնբերգի» միջանկյալ փուլով։

Մինչ այդ, հարկ է փաստել, որ գաղութային բռնապետական ռեժիմի օրոք չի կարող լինել անկախ դատարան։

Վախենալով մեր կենդանի խոսքից՝ նրանք ստիպված խախտում են նույնիսկ դատավարության ձևական կողմը։

Իմ նկատմամբ կատարվածը պետք է դիտել որպես պատանդառություն, որն ուղղակի կապ ուներ ապրիլյան քառօրյա պատերազմի մեխանիզմի, հետևանքների, այդ թվում՝ զոհերի ու տարածքային կորուստների, ինչպես նաև այդ ամենի պատասխանատուների վերաբերյալ իմ և իմ պայքարակից ընկերների կատարած բացահայտումների հետ։ Բացի այդ, ես պահանջում էի պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ինչպես նաև նախաձեռնեցի կամավորների հավաք՝ ԶՈՒ կառավարման մարմինների համակարգմամբ կորցրած տարածքներն ազատագրելու նպատակով։

Պայմանավորված այդ պատերազմը, որին մեղսակից էր ՀՀ բարձրագույն իշխանությունը, դավաճանություն և դավադրություն էր մեր Հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ։

Ասվածի ապացույցները շատ են։ Բավական է սակայն այն հանգամանքը մատնացույց անելը, որ ոչ միայն քայլ չկատարվեց մեր կորցրած 18 մարտական հենակետերը (8 կմ2 կամ 800 հա տարածք) հետ վերադարձնելու ուղղությամբ, այլև ոչ մի միջոց չձեռնարկվեց դիվանագիտական առումով։ Քառօրյա պատերազմի ռազմական գործողությունները դադարեցնելու ժամանակ հայկական կողմը պայման չդրեց, որ դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ հակառակորդը վերադառնա նախկին սահմանագիծ, որը 1994թ. ի վեր չէր խախտվել։ Եվ մինչ օրս տեղի ունեցած Սարգսյան-Ալիև երեք հանդիպումների ժամանակ այդ հարցը չի արծարծվել։ Դրա փոխարեն՝ դավադրությունը բացահայտողներին և այդ հարցը բարձրաձայնողներին պատանդի նման պահում են կալանքի տակ՝ նրանց ներկայացնելով անհիմն ու անհեթեթ մեղադրանքներ։

Միայն այս հանգամանքը բավարար է, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, թե ովքեր են ղեկավարում մեր երկիրը։

Այնուամենայնիվ, եթե պայմանականորեն մեզ պատկերացնենք անկախ դատարանում, ապա իմ պարագայում անմիջապես կբացահայտվեր գործի շինծու լինելը, իսկ Սասնա Ծռերն անպարտ կճանաչվեին, քանի որ իրացրել են ապստամբելու իրավունքը։

Արտաքին քաղաքական հարցեր

-Ինչպիսի՞ զարգացումներ ենք տեսնում արցախյան ճակատում

-Հետևելով մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին՝ կարող եմ եզրակացնել, որ պատերազմն անխուսափելի է։ Ցանկանում ենք մենք դա, թե ոչ։ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցության ակտիվացմանը զուգահեռաբար Ռուսաստանն ուժասպառ է լինում, իսկ Ադրբեջանի ներքին մարտահրավերներն անշեղորեն աճում են՝ սպառնալով վերածվել կազմաքանդող գործընթացների։ Իր հերթին՝ Թուրքիան կանգնած է ներքին և արտաքին գոյութենական մարտահրավերների առաջ։ Երեքն էլ ժամանակ չունեն։ Ուստի նրանք վերը նշված հերթականությամբ շահագրգռված են պատերազմ սանձազերծելու և իրենց նպատակներն այդ ծայրահեղ տարբերակով, բնականաբար՝ մեր հաշվին, իրագործելու հարցում։

Էլ չեմ խոսում ամեն օր տեղի ունեցող սողացող, հյուծիչ պատերազմի մասին, որ մեզանից պարբերաբար երիտասարդ կյանքեր է խլում։ Ինչպես բազմիցս ասել եմ, սողացող պատերազմը հնարավոր է կասեցնել միայն ժողովրդի կամքի պարտադրմամբ։

Ինչ վերաբերում է լայնածավալ պատերազմական գործողություններին, ապա վայն եկել է մեզ, եթե դրանք տեղի ունենան այս ռեժիմի օրոք։ Որովհետև սրանք ենթարկվելու են և համաձայնելու են ռուսական սցենարին, որը բաղկացած է հետևյալ քայլերից.

1.Ադրբեջանի բանակի ներխուժում – առաջխաղացում, շատ հավանական է՝ այս անգամ արդեն նաև (կամ միայն) ՀՀ սահմաններից ներս, որպեսզի ՀՀ տարածքից ադրբեջանական բանակի դուրս բերման պայման դրվի Արցախի ազատագրված տարածքների հետ փոխանակումը,

2.Ռուսական զինուժի «զսպիչ» միջամտություն, բնականաբար՝ ըստ Ռուսական կայսրության վերականգնման ծրագրի, ինչը ենթադրում է Արցախի տարածքում զորքերի տեղակայում և Ադրբեջանի կախյալություն Ռուսաստանից,

3.Պատերազմի դադարեցում՝ հայկական կողմին պարտադրելով զիջել առնվազն 4 շրջան։

Անկախ ամեն ինչից՝ համոզված եմ, որ ի վերջո հաղթելու ենք։ Բայց որպեսզի դա տեղի չունենա անդառնալի ծանր կորուստների գնով, պետք է կազմակերպվենք և նախապես ստեղծենք ազգային-պետական համակարգ՝ ազգային պետություն։ Հակառակ պարագայում ստիպված կլինենք դա անել պատերազմի պայմաններում՝ շատ թանկ վճարի դիմաց։

Բոլորս պետք է հասկանանք, որ ազգային պետությունը՝ Կուր-արաքսյան տարածքով ու ինքնիշխան քաղաքականությամբ, մեզ համար լինել-չլինելու խնդիր է։

– Ի՞նչ կարծիք ունեք հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու համաձայնագրի մասին, որ օրերս վավերացվեց ԱԺ-ում։

-Հայաստանը վերջնականապես գաղութացնելու ռուսական ծրագրի հերթական քայլն է, որը ջանասիրաբար սպասարկում է հայաստանյան գաղութային վարչակազմը։

Հայկական բանակը մեր ինքնիշխանության պահպանման միակ պետական կառույցն է։ Եվ արդեն հերթը նրան է հասել։ Մոսկվան ցանկանում է մաս-մաս (սկզբում՝ ՀՕՊ, հիմա արդեն՝ Թուրքիայի ու Նախիջևանի ուղղությամբ տեղակայված բանակային կորպուսներ) իր ռազմավարական կառավարմանը ենթարկել Հայկական բանակը։ Հայաստանի այսօրվա կառավարիչների կողմից սա Հայրենիքի դավաճանություն է։ Ռուսաստանը ցանկանում է մեզ զրկել ինքնապաշտպանության հնարավորությունից, որպեսզի հնարավոր դառնա հակառակորդի միջոցով մեզ այնպիսի վիճակի մեջ դնել, որ մենք հրաժարվենք Արցախից ու մեր ինքնիշխանությունից և ապավինենք նրա ողորմածությանը։

Ուզում եմ շեշտել, որ ի սկզբանե ձախողված ձեռնարկում է։ Պատմության ընթացքին, մեր ժողովրդի, առաջին հերթին՝ երիտասարդության, որ նաև բանակի ողնաշարն է, կամքին ու նպատակներին հակասող մի ձեռնարկում, որ նաև առիթ է դառնալու ռուսական գաղութատիրությունից հնարավորինս շուտ և արմատականորեն ազատվելու համար։

– Ձեր տեսակետը Հայաստան-ԵՄ նախատեսվող համաձայնագրի մասին։

-Մենք Ասիայում ապրող եվրոպացի ենք։ Ուստի Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցումը կենսականորեն կարևոր է մեզ համար։ Մենք դառնալու ենք մեր տարածաշրջանի ու Եվրոպայի միջև կամուրջ-միջնորդ։ Դա մեր առաքելությունն է, որ իրականացրել ենք դարեր և ստանձնելու ենք ապագայում։

Ասվածը հաշվի առնելով՝ շատ կարևոր եմ համարում թեկուզ առանց տնտեսական բաղադրիչի ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը։ Միևնույն ժամանակ, համաձայնագրով և ավելի լայն ու խոր ձևաչափերով ԵՄ հետ համագործակցությունը հնարավոր է բացառապես ազգային կառավարություն ունեցող, ապագաղութացված և ինքնիշխան Հայաստանի կողմից։ Այսօրվա գաղութային վարչակազմն ունակ չէ և չի ցանկանում իրապես գործակցել Եվրոպայի հետ։ Նա իմիտացիայով է զբաղված, որի նպատակը ԵՄ-ից ստացվող ֆինանսական միջոցներն են և, ցավոք, վերջինիս քաղաքական լոյալությունը։ Դրանք վարչակազմին անհրաժեշտ են գոյատևելու և Հայաստանում ու տարածաշրջանում ռուսական գաղութատիրական ծրագիրն առաջ տանելու համար։

Անկախ սրանից՝ համաձայնագիրը կունենա իր դրական ազդեցությունն ինչպես վարչակազմի բռնապետական դրսևորումները և ռուսական գաղութատիրությունը զսպելու, այնպես էլ մոտ ապագայում անխուսափելիորեն իրականացվելիք մեր ապագաղութացում-ազատագրումը (Armexit) հնարավորինս դյուրին ու անցնցում դարձնելու առումներով։

Ժ. Սեֆիլյանի լավատեսության հիմքը

Հայ ազգի առաքելությունը և հավատը մեր ժողովրդի արարչական ուժի նկատմամբ։ Իմ ու իմ ընկերների հավատն ու համոզմունքը, որ մեզ՝ հայերիս, հաջողվելու է ստեղծել հզոր ու արդար Հայաստան։

Նաև՝ իր ազատատենչությամբ շատերին զարմացնելու ունակ նոր սերնդի առկայությունը։

Բացի այդ, աշխարհաքաղաքական զարգացումները հօգուտ մեզ են՝ ի տարբերություն 1918-1920թթ.։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20