Պուտինը բավականին բարդ կացության առաջ է թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրների մասով

- in Միջազգային
242
putin

Արձագանքելով Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովի հայտարարությանը, թե Պուտին-Թրամփ հանդիպումը հավանաբար տեղի կունենա Վիետնամում նոյեմբերի 10-ին՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի շրջանակում, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, թե չկա հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում: Թիլերսոնը ասել է, որ խնդիրն այն է, թե արդյո՞ք նախագահների հանդիպումը արդյունք կտա:

ԱՄՆ պետքարտուղարի արձագանքը հուշում է, որ Թրամփ-Պուտին հանդիպմամբ շահագրգռված կողմը Ռուսաստանն է, իսկ ամերիկյան կողմն ըստ ամենայնի դնում է հանդիպման պայման, օրակարգային որևէ հարցի մասով՝ միայն այդ դեպքում համաձայնելով հանդիպել: Կբավարարի՞ Ռուսաստանի նախագահն այդ պայմանին:

Ներկայումս Պուտինը բավականին բարդ կացության առաջ է թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրների մասով: Առաջիկա օրերին նա Սոչիում կընդունի Էրդողանին՝ այն դեպքում, երբ Թրամփը այց է կատարում Չինաստան, որտեղ նրան ընդունում են բարձր մակարդակով, և կնքվում են հարյուրավոր միլիարդ դոլարների առևտրային համաձայնագրեր: Ամերիկա-չինական բարձր մակարդակի հանդիպումը անկասկած կարևոր է ոչ միայն տնտեսության և դրա քաղաքական ու աշխարհաքաղաքական էֆեկտի մասով, այլև, այսպես կոչված, կորեական ճգնաժամի, որտեղ ակնառու է, որ առաջին ջութակը Պեկինն ու Վաշինգտոնն են, և Մոսկվան դուրս է մնում այդ շարքից: Ու դա այն դեպքում, երբ Պեկինը ռուսական պաշտոնական քարոզչության տեսանկյունից դիտարկվում էր, այսպես ասած, Մոսկվայի գլխավոր զենքը կամ հակախաղը Արևմուտքի հետ դիմակայությունում:

Պարզվում է, որ իրականում Պեկինը ոչ միայն մտադիր չէ մտնել այդ դիմակայության մեջ, այլև գործնականում պատրաստ է օգտվել առիթից և զբաղեցնել աշխարհաքաղաքական երկրորդ բևեռի կարգավիճակը, որին, ի դեպ, արժանացել է լիարժեքորեն: Պեկինը զբաղեցնում է Մոսկվայի թափուր մնացած տեղը, և այդ համատեքստում իհարկե Նահանգները իրեն իրավունք է վերապահում մեծ վստահությամբ թելադրել Թրամփ-Պուտին հանդիպման օրակարգ ու պայմաններ: Միևնույն ժամանակ, դրանք թերևս առաջարկներ են, որոնք Պուտինը չի կարող մերժել:

Այդ տեսանկյունից հետաքրքիր է, թե դրանցում ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել Կովկասը, այդ թվում՝ Հայաստանն ու Արցախյան խնդիրը: Այդ համատեքստում ուշագրավ էր օրերս Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի արած հայտարարությունը, որ նոր վարչակազմը ունի կայացրած որոշումներ, որոնք վերաբերում են կարգավորման գործընթացը շարունակելուն: Այդ հայտարարությունը հնչում է Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ, որից առաջ Էրդողանը հայտարարել էր, թե Պուտինի հետ քննարկելու է Ղարաբաղյան հարցը, ու եթե Պուտինը կենտրոնանա, ակտիվանա այդ հարցում, ապա կարգավորումը արագ կլինի: ԱՄՆ դեսպանի հայտարարությունը թերևս հիշեցում էր Թուրքիային ու Ադրբեջանին, որ Ղարաբաղյան խնդրում Պուտինը գուցե ունի կարևոր, բայց ամենևին ոչ վճռորոշ դեր, և կան, այսպես ասած, ԱՄՆ նոր վարչակազմի որոշումները: Իսկ այդ որոշումների կամ ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունների մասին շաբաթներ առաջ բարձրաձայնել էր նույն պետքարտուղար Թիլերսոնը՝ ասելով, որ ԱՄՆ-ի համար առաջնահերթություն են շփման գծում դիպուկահարների հետքաշումն ու հրադադարի մեխանիզմի հաստատումը:

Ամբողջ հարցն այն է, թե ինչքանով են այդ խնդիրները օրակարգային Թրամփ-Պուտին մակարդակի համար և կարո՞ղ են արդյոք տեղ գտնել այդ հանդիպմանը: Թեև, եթե անգամ ոչ ուղղակիորեն, այդուհանդերձ անուղղակի կերպով հնարավոր հանդիպման տոնայնությունը իր անդրադարձն է ունենալու նաև ավելի ցածր մակարդակների վրա, որտեղ արդեն աներկբայորեն առկա են նաև կովկասյան, ղարաբաղյան խնդիրները: Այդ տեսանկյունից կարող է ստացվել հանդիպումների, այսպես ասած, ուշագրավ եռանկյուն՝ Թրամփ-Սի Ցզինպին, Թրամփ-Պուտին, Պուտին-Էրդողան:

Ըստ երևույթին, ամերիկա-չինական պայմանավորվածությունը կփոխանցվի Պուտինին, որն էլ իր հերթին դրա մասին կտեղեկացնի Էրդողանին՝ բացատրելով, թե ինչու է ստիպված մերժել Ղարաբաղյան խնդրում թուրք-ադրբեջանական առաջարկները: Որովհետև Չինաստանը Հայաստանում կառուցում է եվրասիական տարածաշրջանում իր մեծությամբ երկրորդ դեսպանատունը, ի դեպ՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20