Պուտինի կողմից ԵՄ-ի հետ համագործակցության առումով կշտամբանք չեմ լսել

- in Մամուլ
Serj Putin

«Ես նոր ժողովի ժամանակ նաև դա ասացի՝ արդեն շուտով տասը տարի կլինի, որ նախագահ եմ, դրանից առաջ տարբեր պաշտոններում, ես երբեք կես բառ անգամ չեմ լսել Ռուսաստանի որևէ ղեկավարից, հատկապես նախագահ Պուտինից, որն իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով»:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տված հարցազրույցում երեկ ասել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե դուք վերջերս եք եղել Ռուսաստանում, հանդիպել եք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որևէ առարկություն, որևէ վերապահում եղե՞լ է Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ կապված։

Եվրամիության ու Արևելյան գործընկերության վեց երկրների առաջնորդներն այսօր՝ նոյեմբերի 24-ին կհանդիպեն Բրյուսելում՝ նպատակ ունենալով առավել խորացնել կապերը Միության և նախկին խորհրդային հանրապետությունների միջև:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը թերևս Հայաստանի հետ կնքվող Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրն է:

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Գագաթնաժողովից հետո Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։

«Ազատություն». – Շարքային հայաստանցին ի՞նչ է ստանալու այս համաձայնագրից։

Սերժ Սարգսյան. – Վաղը չէ մյուս օրը, երևի թե՝ ոչինչ, անմիջապես իր վրա չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա, որովհետև մենք բարեփոխումները ի վիճակի ենք արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ։ Ինքներս հեծանիվ հնարելու ունակությունը չունենք և ոչ էլ ցանկությունը, կան բացարձակ ճշմարտություններ, և այդ ճշմարտություններով մենք պետք է ղեկավարվենք։ Բայց ընթացքում բացի ներքին ազատություններից, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու առանց խոչընդոտի ուղևորվել դեպի Բրյուսել, դեպի Փարիզ, դեպի եվրոպական այլ երկրներ, և կարծում եմ, որ ԵԺԿ-ի այսօրվա հայտարարության մեջ այդ հստակ ձևակերպումը կար, տեսնենք, թե վաղվա գագաթնաժողովի ժամանակ ինչպիսին կլինի։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20