Ռուսաստանը չի խոչընդոտելո՞ւ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրմանը

- in Կարծիք
109
Serj Putin

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա: Այցի պաշտոնական առիթը Տրետյակովյան պատկերասրահում «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունն է, որին մասնակցելու են Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները: Սպասվում է նաև Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը:

«Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Քաղաքական և փորձագիտական շրջանակներում կարծիք են հայտնում, որ Սարգսյանի մոսկովյան այցն իրականում կապված է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի հետ, որի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերի 24-ին` Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:

Իհարկե, հեռու ենք այն պարզունակ մտքից, որ կարող է կրկնվել 2013-ի նախադեպը, երբ Մոսկվան «կացնային» տարբերակով չեղարկեց Հայաստանի եվրաինտեգրման գործընթացըՀայաստանին պարտադրելով անդամակցություն Մաքսային միությանը: Հիմա վիճակն արմատապես տարբեր է ու դրա վկայությունը թերևս այն է, որ Երևանն ու Բրյուսելն արդեն նախաստորագրել են փաստաթուղթը, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Մոսկվայի գիտության: Այսօրվա հիմնական առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի ու Եվրամիության միջև համագործակցությունը լոկալ դրսևորում ունի և չի տեղավորվում, այսպես կոչված, մեծ փաթեթի մեջ ինչպես 2013թ-ին էր, երբ Հայաստանը, ըստ էության, դարձավ Կրեմլի հակաուկրաինական ագրեսիայի առաջին թիրախը, այլ խոսքովճնշելով Սերժ Սարգսյանին, Մոսկվան առավելապես նպատակ ուներ վախեցնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի աչքը: Բացի այդ, հիմա Հայաստանը ԵՏՄ անդամ է ու, անկախ այն հանգամանքից, որ շրջանակային համաձայնագիրը խիստ կարևոր է Հայաստանի համար այն չի ենթադրում Հայաստանի ապագա անդամակցություն Եվրամիությանը: Ավելին, Մոսկվայում թերևս վստահ են, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը բովանդակային հարթության վրա Հայաստանում չի իրագործվի` այսպիսով անսասան պահելով քրեաօլիգարխիայի իշխանությունը, ինչը ռուսական ազդեցության կարևոր երաշխիք է:

Նոյեմբերի 24-ին Ռուսաստանը չի խոչընդոտելու Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրմանն ու այս անգամ, կարծես թե, գործընթացի հիմնական ռիսկերը պայմանավորված չեն ռուսական գործոնով: Սրանով հանդերձՊուտինի համար խիստ սկզբունքային է, որ Բրյուսել տանող Սերժ Սարգսյանի ճանապարհն անցնի Մոսկվայով: Պուտինի համար խիստ էական է Բրյուսելին հասկացնել, որ Հայաստանի անգամ եվրոպական քաղաքականությունը, ձգտումները վերահսկվում, ուղղորդվում են Մոսկվայի կողմից: Իհարկե, այս համատեքստը էապես նվազեցնում է Հայաստանի սուբյեկտությունը նույնիսկ Բրյուսելին հուշելով Հայաստանի հետ կապված հարցերում առաջնային համարել Մոսկվայի կարծիքը: Սակայն սա է այսօրվա իրականությունը և պատահական չէ, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հետևողականորեն պնդում են, որ պետք չէ եվրաինտեգրումը հակադրել հայ-ռուսական հարաբերություններին, այլ խոսքով` դիտարկել ապագաղութացման համատեքստում: Մոսկվան ամեն ինչ արել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի քաղաքական նշանակությունը նսեմացնելու համար և, մեծ հաշվով, դա նրան հաջողվել է Հայաստանի իշխանության վախվորած քաղաքականության հետևանքով:

Իհարկե, Պուտին-Սարգսյան հանդիպման օրակարգը ավելի տարողունակ է, եթե հաշվի առնենք, որ հաջորդում է Պուտին-Էրդողան հանդիպմանը և նախորդում է Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցին: Մյուս կողմիցերեկ ռուսաստանահայ բիզնեսը հայտարարել է Հայաստանում մեկ միլիարդ դոլար ներդրում անելու պատրաստակամության մասին, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի բարձր իշխանության գիտության, ըստ այդմ Պուտինն ու Սարգսյանը կքննարկեն նաև հարցերի շրջանակ, որը վերաբերում է 2018-ի համատեքստին:

Այնուամենայնիվ, մեկնարկում է Սերժ Սարգսյանի եվրոպական երթը, որն անցնում է Մոսկվայով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20