Ռուսաստանն ուրախ կլիներ Բաքվին տեսնել ԵՏՄ-ում

- in Միջազգային
Sergey Lavrov

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը, Բաքվում ելույթ ունենալով դիվանագիտական ակադեմիայի ուսանողների առաջ, ասել է, որ Ռուսաստանն ուրախ կլիներ Բաքվին տեսնել ԵՏՄ-ում: Միևնույն ժամանակ Լավրովը ասել է նաև, որ ԵՏՄ անդամության ցանկություն հայտնում են նաև ոչ ԱՊՀ երկրները, սակայն Ռուսաստանը նաև ոչ մեկին չի պարտադրում անդամակցել ԵՏՄ-ին:

Լավրովի հայտարարություններն ունեն ուշագրավ տողատակ՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը տարբեր առիթներով մի քանի անգամ ակնարկել է ԵՏՄ հանդեպ հետաքրքրության դիմաց Արցախը ստանալու մասին, այսինքն՝ այդպիսի մի գործարքի պատրաստակամության մասին: Ըստ այդմ, Լավրովի՝ Բաքվում արած հայտարարությունը ինքնաբերաբար առաջացնում է հարց կամ խնդիր, թե արդյո՞ք Ադրբեջանի հետ քննարկվում է հենց այդ գործարքը, առավել ևս, որ Լավրովի, այսպես ասած, բլից այցը Բաքու-Երևան երթուղով առաջացրել է մի շարք հարցեր և վարկածներ:

Մյուս կողմից, սակայն, ՌԴ արտգործնախարարի հայտարարության մեջ ուշագրավ է այն, որ նա խոսում է «ոչ մեկին չպարտադրելու» մասին, ինչը թերևս ակնարկ է, որ Ռուսաստանն ուրախ կլինի Բաքվին տեսնել ԵՏՄ-ում, բայց պատրաստ չէ «Արցախի դիմաց» գործարքին: Ընդ որում, ՌԴ արտգործնախարարի այդ հայտարարությունը հետաքրքիր է հնչում նախորդ շաբաթավերջին Թուրքիայի նախագահ Էրդողանի արած հայտարարությունների ֆոնին, որոնք վերաբերում էին Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Պուտինի հետ նոյեմբերի 13-ին ունեցած զրույցին: Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղյան հարցը, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերը կատարելու խնդիրները, սակայն Պուտինը «հույս չունի», որ այդ ամենը հնարավոր է: Էրդողանն այդ կերպ պարզապես հայտարարեց, որ Պուտինը համաձայն չէ կամ առնվազն հնարավորություն չի տեսնում կատարելու, այսպես ասած, տարածքային պայմանով որևէ գործարք:

Էրդողանի հայտարարությունից հետո ԵՏՄ-ի մասին հիշատակումը գործնականում հիշատակում է Հայաստանի դերի մասին՝ Ռուսաստանն ուրախ կլիներ Բաքվին տեսնել, բայց կա Հայաստանը, որն իհարկե ուրախ չէ Բաքվին տեսնել ԵՏՄ-ում: Կամ՝ Ռուսաստանի ուրախությունը քիչ է, պետք է ուրախ լինի նաև Հայաստանը: Իսկ թե ո՞ր դեպքում Հայաստանը կարող է ցանկություն ունենալ Բաքվին տեսնելու ԵՏՄ-ում, արդեն, այսպես ասած, քննարկման հարց է:

Բացառված չէ, որ ներկայումս Ադրբեջանն ինքն է, այսպես ասած, շահագրգռված ԵՏՄ հարցում Ռուսաստանի հետ քննարկումների համար, ինչը կարող է պայմանավորված լինել Եվրոպայի հետ ունեցած խնդիրներով: Բանն այն է, որ ընդամենը օրեր առաջ Ալիևը կրկին հայտարարում էր Եվրոպայի խորհրդից դուրս գալու մասին: Ադրբեջանը կարծես թե գտնվում է Եվրոպայից իզգոյացման ճանապարհի վրա, և ընթացքը դառնում է անկասելի, ինչը էլ ավելի խնդրահարույց է դառնում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման հեռանկարի ֆոնին՝ հուսանք մոտալուտ ստորագրման հեռանկարի: Այլ կերպ ասած՝ ստեղծվում է մի վիճակ, երբ Երևանն ու Բրյուսելը բավականին նկատելի արագությամբ շարժվում են առաջ, իսկ Բաքուն երթևեկում է, այսպես ասած, հանդիպակաց գոտով՝ խախտելով երթևեկության կանոնները:

Բացառված չէ, որ Ալիևը մտադիր է ԵՏՄ-ով, այսպես ասած, շանտաժել Եվրոպային: Բայց Ռուսաստանն էլ, գուցե պատկերացնելով այդ ամենը, Ալիևի համար սահմանում է բավական բարձր գին՝ նրա այդ խաղին միանալու համար:

Ռիսկը կամ խնդիրը այստեղ այն է, որ Արցախը, դուրս մնալով ԵՏՄ-ի շուրջ Ադրբեջան-Ռուսաստան քննարկումների օրակարգից՝ որպես, այսպես ասած, պայման կամ գին, իր տեղը կարող է «զիջել» Հայաստան-ԵՄ համաձայնագրին, և Բաքուն այժմ էլ փորձի հատկապես նոյեմբերի 24-ից առաջ Մոսկվային գայթակղել ԵՏՄ պայմանով, որ Մոսկվան Հայաստանին, այսպես ասած, թույլ չտա շատ առաջ գնալ ԵՄ-ի հետ հարաբերություններում և այդպիսով շատ հետ թողնել Բաքվին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20