Սամվել Բաբայանին՝ 7 տարվա ազատազրկում. Հրապարակվեց «Իգլայի» գործով մեղադրական ճառը

- in Իրավունք
219
Samvel Babayan

Սամվել Բաբայանի և մյուսների  գործով  դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով:

Նա հաստատված գնահատեց բոլոր առաջադրված մեղադրանքները և միջնորդեց՝ Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարի ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարի, Արմեն Պողոսյանին 3 տարի, Կարեն Քոչարյանին 3 տարի, Դավիթ Հարությունյանին 2 տարի ազատազրկման: Անդրանիկ Քոչարյանին և Ժորա Զաքարյանին 2 տարի ազատազրկման: Այս երկու ամբաստանյալների նկատմամբ դատախազը միջնորդեց պայմանական կիրառել և սահմանել 3 տարի փորձաշրջան:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատական քննությունը:

Մեղադրող դատախազ Ա. Արամյանը մոտ մեկուկես ժամ հոտնկայս ընթերցեց մեղադրական ճառը:

Մեղադրողը հաստատված գնահատեց բոլոր ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները: Ճառի սկզբում դատախազը նշեց, որ դատական քննության ընթացքում պաշտպանական կողմը «անհաջող փորձեր էր անում»՝ հերքելու առաջադրված մեղադրանքները՝ «թիրախավորելով» գործի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների թույլատրելիությունն ու հավաստիությունը:

Դատախազը մտահոգություն հայտնեց, որ մեղադրանքները հերքելու՝ պաշտպանական կողմի այդ «անհաջող փորձերը» նպատակաուղղված էին «թյուր հասարակական կարծիք ձևավորելուն»:

Դատախազը նշեց, որ գործի ողջ դատական քննության ընթացքում ամբաստանյալները, ամբողջ պաշտպանական կողմը ջանքեր էր գործադրում՝ դյուրակիր զենիթահրթիռային համակարգի արձակման խողովակը՝ իրենց խոսքերով՝ «տրուբան», որպես անպիտան առարկա ներկայացնելու համար: Մինչդեռ, ըստ դատախազի, գործով կատարված փորձաքննության եզրակացությամբ ու դատարանում հարցաքննված փորձագետի պնդմամբ՝ այդ արձակման համակարգն ու նրանում առկա մարտական մեկ հրթիռը ճանաչվել են որպես ռազմամթերք: Ավելին, փորձագետը պնդել է, թե պահպանման սխալ պայմանների կամ հրթիռի վրա այլ ներգործության դեպքում այն կարող էր ցանկացած պահի պայթել: Դատախազն ասաց, թե փորձաքննության եզրակացությանը ժամանակին ծանոթացել է պաշտպանական կողմը, սակայն որևէ հայտարարություն, որևէ առարկություն այդ ուղղությամբ չի ներկայացրել, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջնորդություն չի արել:

Դատախազը Սամվել Բաբայանի մասին ասաց. «Առնվազն կասկածելի է, որ պաշտպանական ոլորտում երկար տարիներ գտնված, տարիներ շարունակ պաշտպանության նախարար աշխատած լինելով՝ մարդը չի կարողանում տարբերել զենիթահրթիռային համակարգի արձակման խողովակը անպիտան խողովակից»:

Ըստ դատախազի՝ պաշտպանական կողմն ու, մասնավորապես, ամբաստանյալները, դատական քննության ընթացքում ամեն բան անում էին՝ «ստվեր նետելու համար օրենքի խստագույն պահպանմամբ կատարված քննության վրա»:

Դատախազի կարծիքով՝ ամբաստանյալների կողմից իրենց մեղավոր չճանաչելու փաստարկները չեն բխում գործով հաստատված փաստական հանգամանքներից, «զուրկ են իրավաբանական ու տրամաբանական հիմնավորումներից»:

Դատախազը նշեց, որ գործով պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք արձանագրվել է միայն Սամվել Բաբայանի ու Սանասար Գաբրիելյանի վերաբերյալ՝ մեղադրանքի կողմն այս ամբաստանյալների համար ծանրացնող հանգամանք է դիտել նրանց «առանձնապես ակտիվ դերը»:

Դատախազը միջնորդեց՝ «Իգլայի» դրվագով Սամվել Բաբայանին դատապարտել 4 տարի, փողերի լվացման դրվագով՝ 4 տարի ազատազրկման, այս պատիժները մասնակիորեն գումարելու եղանակով Սամվել Բաբայանին վերջին հաշվով դատապարտել 7 տարի ազատազրկման:

Սանասար Գաբրիելյանի համար դատախազը միջնորդեց 4 տարի, Արմեն Պողոսյանի և Կարեն Քոչարյանի համար՝  3-ական տարի, Դավիթ Հարությունյանի համար՝ 2 տարի իրական ազատազրկում:

Մեղադրողը մեղմություն դրսևորեց միայն Ժորա Զաքարյանի ու Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ՝ նրանց համար միջնորդելով 2-ական տարի ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվի, իսկ հիշյալ ամբաստանյալների համար կսահմանվի 3-ական տարի փորձաշրջան:

Փաստորեն՝ ազատության մեջ գտնվող ամբաստանյալներից՝ Կարեն Քոչարյանի ու Դավիթ Հարությունյանի՝ իրական ազատազրկման ձևով պատժի սկիզբը կհաշվվի, ըստ մեղադրողի, նրանց փաստացի կալանքի տակ առնելու պահից, այսինքն՝ դատախազը չմիջնորդեց նրանց կալանքի տակ առնել դատարանի դահլիճից:

Մեղադրողի ճառի ընթացքում՝ հաստատված մեղադրանքների վերաբերյալ հատվածներում, Սամվել Բաբայանն ու Սանասար Գաբրիելյանը երբեմն հեգնական ժպտում ու հայացքներ էին փոխանակում դահլիճում գտնվող մտերիմների հետ…

Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց՝ պաշտպանական ճառերին պատրաստվելու համար, որով նրանք հանդես կգան հաջորդ դատական նիստին:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ և 190 հոդվածի 1-ին մասերով՝ Բաբայանը, ըստ մեղադրանքի, դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն, պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով «Իգլա» ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով:

Եղբայրներ՝ Անդրանիկ և Կարեն Քոչարյանները, ինչպես նաև Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը մեղադրվում են հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ դրա հանցավոր ծագումն ու իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190 հոդվածի  1-ին մասով: Խոսքը կարմիր ներկանյութով պատված 101 հատ 50 եվրո և 2 հատ 20եվրո արժողությամբ թղթադրամների մասին է, որոնց անհաջող «լվացման» փորձ են կատարել, ըստ մեղադրանքի, գործով հինգ ամբաստանյալները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20