ՍԴ-ն փրկեց երկրի խորհրդարանական մոդելի հեղինակությունը

- in Վերլուծական
211
Gagik Harutyunyan

Սահմանադրական դատարանը հրապարակել է Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ որոշումը։

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը քիչ առաջ ընթերցել է ՍԴ որոշումը, համաձայն որի. ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։ Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են»։ ՍԴ-ի որոշումները ուժի մեջ կմտնեն մարտի 31-ին։ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՍԴ-ի որոշմամբ Վանաձորի ավագանու բոլոր նիստերը հակասահմանադրական են, և ավագանին պետք է լուծարվի։

ՍԴ-ի այսօրվա որոշումն, ըստ էության, աննախադեպ էր. մանդատագողությունը ամրագրվեց Սահմանադրական դատարանի վճռով:

ՍԴ-ն հանգուցալուծեց Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված իրավական կազուսը՝ նախադրյալներ ստեղծելով քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար: ՍԴ որոշմանը պետք է հաջորդի Վանաձորի, ըստ էության, ինքնահռչակ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնանկությունը, ով, եթե իրերը կոչենք իրենց անուններով, ուզուրպացրել է քաղաքային իշխանությունը և մեկ տարուց ավելի զբաղված է եղել ինքնիրավչությամբ: Չենք բացառում, նույնիսկ շատ հնարավոր ենք համարում, որ ապօրինությունների այս շղթան անցած մեկ տարում էական վնաս է հասցրել Վանաձորի տնտեսությանը՝ նույնիսկ ծնելով կոռուպցիոն ռիսկեր: Կարծում ենք, որ իրավիճակի համապարփակ կարգավորման հրամայականը թելադրում է, որ պատկան մարմինները զբաղվեն նաև այս հարցերի ուսումնասիրությամբ:

Իրատես լինենք և ենթադրենք, որ ՍԴ-ի այսօրվա որոշումը, իր պատմականությամբ հանդերձ, համակարգային տրանսֆորմացիայի հետևանքով ավտորիտար իշխանության կոնսոլիդացիոն պոտենցիալի որոշակի կորստյան հետևանք է: Նույն տրամաբանությամբ կարող ենք ենթադրել, որ ՀՀԿ-ում կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն Մամիկոն Ասլանյանի դեմքով պահպանել իշխանությունը: Սակայն նման հնարավոր գործելակերպը միայն կխորացնի ինստիտուցիոնալ ճգնաժամը Վանաձորում՝ անխուսափելի դարձնելով ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք անկասկած կանցնեն քաղաքականացված մթնոլորտում՝ չեզոքացնելով ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի գործոնները: Բացառիկ հնարավորություն է ստեղծվել, որ ՀՀԿ-ն, ցանկացած պարագայում, հանրապետության երրորդ քաղաքում՝ Վանաձորում, կորցնում է իշխանությունը:

ՍԴ այսօրվա որոշումը հրաշալի նախադեպ է ոչ միայն իրավաքաղաքական առումով: Շատ ավելի կարևոր է դրա խորհուրդը ընդդիմության համար՝ այն համատեքստում, որ նպատակային ու համակարգված աշխատանքն ի վերջո տալիս է իր դրական արդյունքը՝ անկախ ստատուս քվոյից, ուժերի հարաբերակցությունից: Իսկ ավելի գլոբալ հարթության վրա՝ ՍԴ-ն փրկեց երկրի խորհրդարանական մոդելի հեղինակությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20