Սերժ Սարգսյանի անփոխարինելիության թեզը, անայլընտրանք Հայաստանի դատավճիռն է

- in Ով ով է ..., Պնակալեզներ
230
serzh-sargsyan

Գալուստ Սահակյանը, ինչպես միշտ, գերազանցում է բոլոր սպասելիքները: Նա առաջատարն է բոլոր այն հանրապետականների մեջ, ովքեր Սերժ Սարգսյանին համարում են անփոխարինելի: Երեկ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում Սահակյանը նույնիսկ ծաղրել է Կարեն Կարապետյանի իշխանական հավակնությունները՝ «երազելը վնաս չէ» մոտիվներով:

Սերժ Սարգսյանի անփոխարինելիության թեզն իրականում Հայաստանում ավտորիտարիզմի ինստիտուցիոնալացման դրսևորում է, երբ իրական քաղաքականության ռեժիմում, բայց հատկապես քարոզչության մակարդակում ձևավորվում է համոզմունք, որ ոչ միայն իշխանության, այլ նաև երկրի կայունությունն ու անվտանգությունը պայմանավորված են մեկ անձով: Սա նույնիսկ ավելի վտանգավոր մոտեցում է, քան կուսակցության ղեկավար և ուղղորդող դերի մասին սովետական Սահմանադրության իմպերատիվ պահանջը, որովհետև անգամ կառավարման այդ հետադիմական ձևը ենթադրում էր որոշակի կոլեգիալություն կամ հակակշիռների մեխանիզմ գենսեկի անսահմանափակ թվացող իշխանությանը: Եթե Սերժ Սարգսյանի իշխանության ներսում «պահեստայինների նստարան» չկա, ապա նա թիմային խաղացող չէ և այդպիսին չի դառնա, եթե անգամ մեկ կամ երկու անգամ երկարացվի նրա կառավարման շրջանի մանդատը:

Առաջնորդի անփոխարինելիության թեզը միայն հայկական երևույթ չէ և հիմա խիստ տարածված է արևմտյան քաղաքական մշակույթի սահմաններից դուրս գործող քաղաքական համակարգերում: Անծայրածիր Ռուսաստանում ընտրողների մեծամասնությունը կարծում է, որ Վլադիմիր Պուտինն անփոխարինելի է, բացառիկության և անփոխարինելիության իմիջ է ձևավորվում Սի Ցզինպինի անձի շուրջ՝ չնայած այն հանգամանքին, որ Չինաստանի պետական կայացած համակարգը կադրերի պակաս ակնհայտորեն չունի, և այդ երկրում գործում են էլիտայի ռոտացիայի հստակ մեխանիզմներ:

Ամբողջ խնդիրն այն է, որ ավտորիտար այդ համակարգերում առաջնորդների իշխանության երկարաձգման քաղաքական, գաղափարական մոտիվները՝ անկախ դրանց ադեկվատ կամ ոչ ադեկվատ լինելուց, ձևավորված են, ու այդ պարագայում միշտ կարելի է գտնել իշխանության վերարտադրության սահմանադրական մեխանիզմներ կամ սողանցքներ: Օրինակ՝ Պուտինի անձը նույնացվում է Ռուսաստանի հզորության կամ ռուսական կայսրության վերականգնման գաղափարի հետ: Ռուսական մենթալիտետը հաշվի առնելով՝ այդ երկրի հասարակությունը պատրաստ է հանուն Վելիկոռուսիայի թքած ունենալ դեմոկրատիայի և Սահմանադրության վրա՝ չնայած Պուտինը իր իշխանության վերարտադրման ճանապարհին պահպանել է Սահմանադրության տառն ու ոգին և անգամ չի դիպչել դրան: Չինաստանի առաջնորդ  Սի Ցզինպինը սոցիալիզմի նոր կամ չինական մոդելի հեղինակն է և իր քաղաքական կշռով արդեն համարժեք է պետության հիմնադիր Մաոյի հեղինակությանը, ինչի դրսևորումն այն է, որ Սիի անունն այլևս հիշատակված է Չինաստանի կոմկուսի կանոնադրության մեջ: Սրանով հանդերձ՝ այնքան էլ ակնհայտ չէ՝ Սին հինգ տարի հետո մնալո՞ւ է իշխանության ղեկին, թե՞ հեռանալու է իր նախորդների օրինակով, ովքեր պետության և կուսակցության գլուխն են եղել մեկ տասնամյակից ոչ ավելի:

Այս օրինակները բերվեցին այն նպատակով, որպեսզի ցույց տրվի, որ ավտորիտար առաջնորդները նախ ձևավորել են իրենց իշխանության երկարաձգման քաղաքական, ապա նոր՝ իրավական հիմքերը: Սերժ Սարգսյանը ստեղծել է սեփական իշխանության երկարաձգման իրավական միջավայրը. սահմանադրական փոփոխությունները 2018-ին նրա վարչապետությունը միանգամայն լեգիտիմ են դարձնում: Սակայն խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի նոր իշխանությունը չունի քաղաքական բովանդակություն, առաքելություն: «Համազգային լիդերի» կերպարը հասարակական գիտակցության մեջ չի աշխատում, որովհետև Սերժ Սարգսյանը հասարակական վստահության ռեսուրս չունի անգամ Հայաստանում:

Մյուս կողմից՝ «համազգային» օրակարգը նոր իշխանությանը քաղաքական հարթության վրա չի լեգիտիմացնում արտաքին միջազգային հանրության աչքերում, որովհետև անկեղծ լինենք՝ հայկական գործոնն աշխարհում նվազ ազդեցություն ունի:

Ժողովրդագրական խնդիրները կամ «չորս միլիոնանոց Հայաստանի» թեզը բումերանգի պես հարվածում են Սերժ Սարգսյանի դիրքերին, որովհետև նրա պաշտոնավարման ամեն օրն ասոցացվում է արտագաղթի հետ:

Սերժ Սարգսյանի անունը դժվար է ասոցացնել նաև ԼՂ խնդրի հետ, որովհետև գործող նախագահը մեր հասարակության աչքերում չի նույնանում հաղթանակի, իսկ միջազգային հանրության համար՝ խաղաղության գաղափարի հետ: Սերժ Սարգսյանը ստատուս քվոյի հետևողական պաշտպան է, իսկ ստատուս քվոն ավելի շատ ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերի, այլ միջազգային կոնյունկտուրայի հետևանք է: Այդ կոնյունկտուրայի մեջ կարող են տեղավորվել նաև Կարեն Կարապետյանը, նույնիսկ Գալուստ Սահակյանը:

Եվրամիության շրջանակային համաձայնագիրը Հայաստանը, ըստ ամենայնի, ստորագրելու է Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, սակայն գործող նախագահին, ով Հայաստանի եվրասիականացման հիմնական նախաձեռնողն է, դժվար է համարել եվրաինտեգրացիայի կողմնակից:

Մյուս կողմիցՍերժ Սարգսյանը նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման խորհրդանիշ չէ, որովհետև Մոսկվայում երբեմն դժգոհություն է հարուցում նրա «ինքնուրույնությունը»: Ինչպես տեսնում ենք չկա որևէ խնդիր կամ գաղափար, որն օբյեկտիվորեն քաղաքական բովանդակություն կհաղորդի Սերժ Սարգսյանի նոր իշխանությանը: Այս պարագայում` նրա անփոխարինելիության թեզը, եթե նույնիսկ այն օբյեկտիվ է, անայլընտրանք Հայաստանի դատավճիռն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20