Սերժ Սարգսյանի ու Պուտինի տարբերություններն ու նմանությունները

Serj Putin

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի համար եվրասիական տնտեսական, այսպես ասած, էֆեկտին՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում իրականություն կդառնա Իրանի հետ ազատ առևտրային համաձայնությունը, որ կկնքվի ԵՏՄ-ի հետ:

Սերժ Սարգսյանը և ընդհանրապես հայկական կողմն առաջին անգամը չէ, որ հայտնում է այդ հույսը՝ հաշվի առնելով այն, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունն այդ առումով այլևս կախված է ԵՏՄ-ից: Իհարկե, հանուն արդարության պետք է նկատել, որ նույնն է նաև երրորդ որևէ այլ երկրի հետ առևտրային հարաբերության մասով, նաև ԵՏՄ այլ անդամների վերաբերյալ՝ նրանք էլ պետք է ստանան ԵՏՄ բոլոր անդամների համաձայնությունը: Այդպիսով, առաջին անգամ չէ, որ հայկական կողմը այդ հույսն է հայտնում, սակայն Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը առավել ուշագրավ երանգ է ստանում Թեհրանում զուգահեռ տեղի ունեցող իրադարձության կամ իրադարձությունների ֆոնին:

Բանն այն է, որ նոյեմբերի 1-ին Իրան է այցելում ՌԴ նախագահ Պուտինը, իսկ նրա երկկողմ հանդիպումներից հետո Թեհրանում տեղի է ունենալու արդեն Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ նախագահական հանդիպում, որի, այսպես ասած, առաջին արարը տեղի էր ունեցել մի քանի ամիս առաջ Բաքվում: Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափը տնտեսաքաղաքական ձևաչափ է, որը գործնականում տնտեսական առումով կարող է անիմաստ դառնալ ԵՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի պարագայում:

Բանն այն է, որ այդ դեպքում հարթակ դառնում է Հայաստանը, համենայնդեպս ավելի գրավիչ, քան ներկայումս Ադրբեջանն է: Աբխազական երկաթուղու փակ լինելու, Վերին Լարսի դժվարանցանելի լինելու պայմաններում Հայաստանը Իրանի համար և Իրանի ուղղությամբ Ռուսաստանի համար դառնում է նվազ գրավիչ կապող հարթակ, քան Ադրբեջանը: Եթե Իրանն ու ԵՏՄ-ն ստորագրում են Ազատ առևտրի համաձայնագիր, ապա Հայաստանը, որպես Իրանին սահմանակից և ԵՏՄ անդամ, ստանում է որոշակի առավելություն Ադրբեջանի նկատմամբ, որպես այսպես ասած՝ կամուրջ: Բայց կա՛մ տրանսպորտային փակ, կա՛մ սահմանափակ ենթակառուցվածքները դարձյալ անում են իրենց գործը, և Ադրբեջանն է շարունակում մնալ կապող կամուրջ կամ օղակ, կամ էլ Ռուսաստանը շահագրգռված չի լինի Իրանի հետ ազատ առևտրի ռեժիմով բարձրացնել Հայաստանի դերակատարումն ու ըստ այդմ նվազեցնել Ադրբեջանի նշանակությունը, քանի որ այդ եռակողմ ֆորմատի հարցում Ռուսաստանն առայժմ շահագրգռված է ավելի, քան Հայաստանը կապող կամուրջ դարձնելու հարցում: Համենայնդեպս, մինչ այժմ ռուսական քաղաքականությունը վկայում է հենց դրա մասին, և չեն նշմարվում միտումներ, որոնք կարող են խոսել հակառակի վերաբերյալ:

Այդ իմաստով ակնհայտ է, որ հայկական ուղղությունը խոշոր հաշվով «մրցունակ» չէ Ադրբեջանի համեմատ, եթե խոսքը վերաբերում է Իրանի ու Ռուսաստանի կամ ԵՏՄ-ի միջև կամրջի դերին: Ավելին, անգամ ԵՏՄ անդամ լինելը այդ հարցում շոշափելիորեն չի ավելացնում մրցունակությունը: Եվ այդ տեսանկյունից Հայաստանը Իրանի համար գրավիչ է ոչ թե որպես Ռուսաստանի հետ կապող կամուրջ, այլ լիովին հակառակը՝ որպես գործընկեր, որը կարող է լինել ռուսական քաղաքականությունից և ռազմավարությունից անկախ և նպաստել տարածաշրջանում ուժերի հավասարակշռմանը, ոչ թե հակառակը:

Այստեղ է հայ-իրանական ուղղության առանցքային, սկզբունքային հանգամանքը, որն առ այսօր թույլ չի տվել, որպեսզի երկկողմ տնտեսական կապը զարգանա քաղաքական անհրաժեշտությանը և առկա ներուժին համարժեք:

Ամենևին պատահական չէ, որ ռուսական կողմը երբեք աչքի չի ընկել հայ-իրանական ուղղությամբ մեծ շահագրգռություն վկայող քաղաքական հայտարարություններով: Ուզենք, թե ոչ՝ Հայաստանը Ռուսաստանի և Իրանի համար ունի լիովին տարբեր ռազմավարական նշանակություն, և Հայաստանի ռազմավարությունը պետք է կառուցվի հաշվի առնելով այդ հանգամանքը և դուրս գալով կամրջային պատրանքներից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20