Սխալը կատարվել և վիրավորանքը հասցվել է հրապարակավ

- in Կեղտոտ լվացք
Arm Rus

Հայաստանում հանրային մեծ ուշադրության և աղմուկի պատճառ է դարձել ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի կիրակնօրյա, այսպես ասած, վերլուծական թողարկումը, որտեղ կարճ, սակայն բավականին խոսուն և ըստ էության ագրեսիվ ու սպառնալից տոնայնությամբ անդրադարձ կար Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի սպասվող ստորագրմանը:

«Զվեզդա»-ի, այսպես ասած, վերլուծականը Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասով «զուգահեռ» էր տանում Ուկրաինայի հետ, միաժամանակ նաև անդրադառնում Գարեգին Նժդեհին, նրա արձանի տեղադրմանը՝ ներկայացնելով դա որպես ֆաշիզմին աջակցողին, այսպես ասած, պատվում և վիրավորանք հայ ժողովրդի հասցեին, որը կռվել է ֆաշիզմի դեմ: Այդ սլաքով էլ, այսպես ասած, «կասկածելիի» կնիք է դրվում ՀՀԿ-ի վրա, առնվազն դրա որոշ ներկայացուցիչների:

«Զվեզդա»-ի անդրադարձը իսկապես հետաքրքիր շերտեր է պարունակում և արժանի է ուշադրության հատկապես մի քանի պատճառով: Նախ՝ խոսքը վերաբերում է մի հեռուստաալիքի, որի հաղորդավարուհին ՌԴ իշխող կուսակցության, այսպես ասած, ոչ շարքային անդամ է: Տվյալ հեռուստաալիքի սեփականատերն էլ ՌԴ պաշտպանության նախարարությունն է: Բացի այդ, Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, այսպես ասած, հակառուսական և գրեթե «ֆաշիստական» Հայաստանի ոչ բարեկամական կամ ոչ դաշնակցային քայլ է ներկայացվում, այսպես ասած, հակաարևմտյան հաղորդման միջակայքում:

Իրականում ակնհայտ է, որ ոչ թե Հայաստան-ԵՄ համաձայնագիրն է ոչ բարեկամական կամ ոչ դաշնակցային քայլ ՌԴ-ի դեմ, այլ լիովին հակառակը՝ այդօրինակ հաղորդումներն են ոչ բարեկամական և ոչ դաշնակցային քայլ Հայաստանի դեմ: Ընդ որում, հերթական քայլը, որը միգուցե իր անմիջական սպառնալիքի տեսանկյունից հավասարազոր չէ Ադրբեջանին մի քանի միլիարդ դոլարի մահաբեր սպառազինության վաճառքին, բայց ոչ պակաս աջակցություն է Ադրբեջանին Հայաստանի դեմ գործողություններում:

Ի դեպ, ուշագրավ է, որ Հայաստանի եվրաինտեգրացիան հակառուսականության ներքո ներկայացնող հեռուստաալիքը որևէ անգամ չի անդրադարձել Ադրբեջանին միլիարդավոր դոլարների սպառազինության վաճառքի և Հայաստանի համար դրա, մեղմ ասած, ռիսկերի խնդրին՝ իր սեփականատեր գերատեսչությանը հորդորելով չանել այդպիսի քայլեր դաշնակից Հայաստանի դեմ:

Այս ամենը, սակայն, արդեն թերևս չունի թե՛ Հայաստանի հանրության, թե՛ ընդհանրապես հայ-ռուսական հարաբերության համար ավելորդ, լրացուցիչ բացատրության և մեկնաբանության կարիք: Այս ամենը ևս մեկ անգամ ակնհայտ է դարձնում այն, որ այդ հարաբերությունն ունի ուղղակի լրջագույն ախտորոշման և ապաքինման կարիք, քանի որ միայն հիվանդ, անառողջ դաշնակցությունը կարող է ունենալ այդպիսի պարբերական դրսևորումներ:

Միաժամանակ ակնհայտ է նաև, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ոչ միայն հակադաշնակցային քայլ չէ Հայաստանի կատարմամբ, այլև համաձայնագրի թե մշակման, թե բանակցման գործընթացում Հայաստանը հաշվի է առել դաշնակցային բոլոր համաձայնություններն ու դաշնակցի շահերը՝ չթողնելով, այսպես ասած, սեպարատ տպավորության որևէ տեղ:

Այլ հարց է, թե ՌԴ պաշտպանական գերատեսչության ալիքի հակահայկական դրսևորումների համար ով է պատասխանատու՝ արդյո՞ք հենց ՌԴ ՊՆ-ն, թե՞ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում իրավիճակն այն աստիճան անվերահսկելի է, որ այդ պատասխանատվությունը կարող է հանգիստ ստանձնել նաև Ադրբեջանը կամ թեկուզ ԻԼԻՊ-ը:

Այս ամենում ուշագրավ է մեկ այլ բան, որը համենայնդեպս դուրս է մնում լայն ուշադրությունից: Խիստ հետաքրքրական է, որ ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող հեռուստաալիքով հակահայկական այդ դրսևորումը տեղի է ունենում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ ու Կանադա կատարած այցին զուգահեռ, այցի ավարտից գրեթե անմիջապես հետո: Ըստ այդմ՝ նվազագույնը հարց է ծագում, թե արդյոք Հայաստանի պաշտպանության նախարարի այդ ա՞յցն է անհանգստություն առաջացրել ՌԴ պաշտպանության նախարարությունում՝ դառնալով, այսպես ասած, Հայաստանի հանդեպ դեմարշի պատճառ: Համենայնդեպս ակնհայտ է, որ տեղի ունեցածը չի կարող լինել լոկ խմբագրական քաղաքականության տարր, որը կապ չունի մեծ քաղաքականության հետ:

Մյուս կողմից՝ եթե դա խմբագրական քաղաքականության տարր է, ապա մեծ քաղաքականության ռուսական պատասխանատուները, նվազագույնը հենց պաշտպանության նախարարության մակարդակով, պետք է ուղղեն դաշնակից Հայաստանի դեմ այդ, մեղմ ասած, սխալը, ինչն այլ բան չէ, քան պարզապես Հայաստանի ինքնիշխան գործին միջամտություն և անհարգալից վերաբերմունք հայկական պետականության ու հասարակության նկատմամբ:

Սխալը կատարվել և վիրավորանքը հասցվել է հրապարակավ, հետևաբար այն ևս պետք է ուղղվի հրապարակավ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20