Վան Բայբուրդ. Վրաստանը՝ ճկուն է, Հայաստանը՝ ճկուն է դառնում

- in Կարծիք
230
Van Bayburd

Թբիլիսիում գտնվելու օրերին շարունակեցինք հարցազրույցների շարքը այնտեղ գործունեություն ծավալող գործիչների հետ: Վրաստանի նախկին նախագահների խորհրդական, հասարակական, քաղաքական գործիչ, <Վրաստան> հայալեզու թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրդի հետ զրուցում ենք հայ – վրացական հարաբերությունների, Վրաստանի համար Եվրամիության երկրներ վիզայի ազատականության ու ասոցացման, Հայաստանի տարածաշրջանային տնտեսական ծրագրերից դուրս մնալու, և իհարկե՝ Վրաստանում Հայաստանի արդեն նախկին ու նորանշանակ դեսպանների մասին:

Պարոն Բայբուրդ, ինչպիսի՞ն են այսօր հայ – վրացական հարաբերությունները, հատկապես՝ տնտեսական դաշտում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ևս մեկ անգամ դուրս մնաց տարածաշրջանային տնտեսական հզոր ծրագրից՝ Կարս – Ախալքալակ – Բաքու երկաթուղուց, որի մեկնարկն ազդարարվեց օրերս: 

Ես կարծում եմ, որ հայ – վրացական հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային, բարեկամական, վիրահայության կառուցվածքների առումով, չտեսնված լավ են: Այն, ինչը դուք համարում եք կտրվածություն է, ես հակառակը՝ նման բան չկա, որովհետև դա աշխարհի մեծ քաղաքականության մի մասն է մեր տարածաշրջանում, որի պայմաններում ի՞նչ անի Վրաստանը, կամ՝ ի՞նչ անի Հայաստանը:

Կան ավանդական հարաբերություններ, որոնք ունեն հազարամյակների պատմություն, որը կարիք չունի լրացուցիչ արձանագրությունների: Հայ – վրացական հարաբերություններն ինչպես մեկնարկվել են հազարամյակներ առաջ, այդպես էլ՝ շարունակվում են: Մեր հարաբերությունները նույնքան բարեկամական են եղել անգամ այն ժամանակներում, երբ երկու երկրները տարբեր տիրապետությունների ներքո էին գտնվում:

Իհարկե լավ կլիներ, որ Հայաստանը մասնակիցը լիներ Կարս, Ախալքալակի, Բաքու, ես համարում եմ, որ երկաթամայրուղու անունը պետք է լինի՝ Պեկին, Աստանա, Բաքու, Թբիլիսի, Ստամբուլ, Փարիզ, Լոնդոն … ծրագրում: Ապագայում այդ երկաթուղին այդպիսի ծանրաբեռնվածություն է ունենալու: Չմոռանանք, որ դրա արդյունքում Ախալքալակին դառնալու է կարևորագույն տնտեսական հանգույց Ասիայի և Եվրոպայի միջև՝ իր տնտեսական առավելություններով հանդերձ:

Հայաստանի դիվանագիտությունը պետք է անցած տասը տարիների ընթացքում, երբ իրականացվում էր այդ երկաթուղու շինարարությունը, միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների միջոցով գտներ ուղիներ դրան մասնակիցը լինելու համար: Սակայն դեռևս ամեն ինչ կորած չէ Հայաստանի համար, իմ կարծիքով: Ճանապարհը բացվել է, բայց այն լիարժեք կաշխատի մի քանի տարի անց, կարծում եմ:

Մի բան պետք է հաշվի առնել, որ Արևելք – Արևմուտք տարածության մեջ Իրանն էլ է ցանկանում մասնակիցը լինել այդ նախագծին, շատ երկրներ են ցանկանում: Իրանն աշխատում է, կարծեմ, դեպի Թուքիա երկաթգծով միանալու համար: Հայաստանը գուցե 5 կամ՝ 10 տարի հետո, երբ կլուծի ղարաբաղյան հակամարտության խնդիրը թերևս հնարավորություն կունենա միանալու Գյումրի – Կարս արդեն գոյություն ունեցող երկաթուղով: Ադրբեջանն էլ գուցե կհասկանա, որ պետք է հաշտվել իրականության հետ՝ աչքի առաջ ունենալով Վրաստանին, որը ևս ունի կորցրած տարածքներ՝ Աբխազիան ու Հարավային Օսիայում, բայց չի վարվում այնպես, ինչպես՝ Ադրբեջանը: Ամեն ինչը դեռ առջևում է: Կարծում եմ՝ Հայաստանում գիտակցում են, որ երբ կկարգավորվեն Հայաստան – Ադրբեջան – Թուրքիա հարաբերությունները, կլուծվի ղարաբաղյան հիմնախնդիրը, Հայաստանը կմիանա այդ երկաթուղուն և կաշխատի Գյումրի – Կարս հատվածը: Եթե կարծում եք, որ ամեն ինչն այնպես կբաժանվի, որ Հայաստանին բաժին չի մնա, ես հակառակը՝ դա միանշանակ հնարավոր է, անգամ լրացուցիչ ռելսեր կավելացվեն:

Այլապես՝ այսօր ո՞ւմ են Հայաստանում մեղադրում, պետք է լինել ժամանակակից ու զարկերակի վրա: Տեսեք՝ Վրաստանը, թեև ունի Ռուսաստանի կողմից զավթված տարածքներ, բայց շարունակում է մարդկային բարիդրացիական հարաբերություններն աբխազների ու օսերի հետ ու բոլորն էլ ձգտում են միմիայն խաղաղ ճանապարհով հիմնահարցի լուծմանը:

Վրաստանը ստորագրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, Հայաստանը՝ ոչ, միայն օրեր անց ծրագրվում է ԵՄ-ի հետ յուրօրինակ համաձայանգրի ստորագրում, որը կոնկրետ գործողություններ և պարտավորություններ չունի: Վրաստանի համար ազատականացվեց նաև վիզային ռեժինը դեպի ԵՄ: Դուք, որ հաղորդակից եք և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի հասարակությունների և իշխանությունների հետ, ի՞նչ եք կարծում, ասոցացման արդյունքում ի՞նչ փոխվեց Վրաստանում, որը հերթական անգամ բաց թողնվեց Հայաստանում: Եվ՝ դեպի ԵՄ վիզայի ազատականացման արդյունքում աճե՞լ է արտագաղթը Վրաստանից:

Չեմ կարծում, թե խոշորացույցով պետք է դիտարկել յուրաքանչյուր մանրուք: Վրաստանում պարզապես զգում ենք, որ եվրոպական մեծ ընտանիքի մաս ենք ու հանկարծ ու որևէ բան պատահելու դեպքում ոչ թե մեկ, այլ տասնյակ երկրներ են մեր կողմնակիցը, Եվրոպան մեր կողքին է՝ և՛ ուրախության, և՛ տխրության պահերին, իհարկե՝ փոխաբերական իմաստով: Դա Վրաստանին ինքնավստահություն է տալիս, որ ինքը մենակ չէ:

Բացի տնտեսական ներդրումներից, որ Վրաստանում արվում են Եվրոպայի երկրների կողմից, ասոցացումը հնարավորություն է տվել ազատ շնչելու: Թեև՝ պետք է արձանագրենք նաև, որ Վրաստանում ամենամեծ ներդրում կատարող երկիրն Ադրբեջանն է ու վերոհիշյալ հարցի շրջանակներում՝ ի՞նչ եք կարծում, որ հսկայական ներդրում անողի հետ շահերն ավելի սերտ չպե՞տք է լինեն, նույն՝ ազգային, պետականության տեսանկյունից նաև: Պարզապես՝ Վրաստանի արտաքին քաղաքականությունը շատ ճկուն է դարձել դարերի ընթացքում, ի տարբերություն Հայաստանի: Այդ ճկունությունն այսօր էլ է երևում, երբ նկատելի է, որ Վրաստանը հետխորհրդային երկրներից առաջ է անցել՝ բոլոր առումներով: Մինչդեռ՝ ոմանք ասում են՝ ավելի լավ է հպարտ մեռնել, քան … Դա 21-րդ դարի համար չէ ու ազգային շահերից էլ չի բխում:

Հայաստանում շեշտը դրված է կարծես միայն Ցեղասպանության թեմայի վրա: Լավ է, որ ամեն տարի ապրիլի 24-ին հիշում ենք, սակայն եկեք ապրիլի 24-ի հետ միասին հիշենք նաև, թե երբ ենք կորցրել պետականությունն ու հարյուրավոր տարիներ այն չենք ունեցել, ուստի՝ ինչպե՞ս անել, որ այսօրվա Հայաստանը նույն սխալները թույլ չտա և Աստված մի արասցե՝ նորից կտրվածք ունենա պետականության հարցում: Երբ հայ ժողովուրդը կհասկանա, թե ինչու ենք ժամանակին սխալվել ու ինչպես անենք, որ այն չկրկնենք, Հայաստանն էլ առաջ կշարժվի:

Այսօր ինչո՞ւ է Հայաստանն այս վիճակում … Ճկունության նշաններ կան Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ նոր տեսակի համաձայնագրի ստորագրման հարցում: Պարզապես՝ Հայաստանը, փոխաբերական իմաստով, նման է գեղեցիկ հարսնացուի, ում ցանկանում են և՛ Ռուսաստանում, և՛ Եվրոպայում, այս վիճակից պետք է օգտվել և ոչ թե բոլոր <փեսացուներին> ասել՝ ոչ:

Իսկ վիզաների ազատականացման արդյունքում Եվրամիության երկրներ մեկնող Վրաստանի քաղաքացիներից շատ քչերն են, որ չեն վերադառնում:

Վրաստանը եվրոասոցացվելով ո՞ւնի այնպիսի արտադրատեսակներ, որոնք արտահանում է Եվրոպա, որովհետև Հայաստանում իշխանությունները դափնում են, թե Հայաստանում չկան արտադրանքներ, որոնք հնարավոր է իրացնել Եվրոպայում, իսկ ահա ԵԱՏՄ-ում՝ շատ:

Վրաստանը գուցե չունի այնքան ապրանքատեսականիներ՝ այնպիսի չափանիշներով արտադրված, որ լայնածավալ արտահանի դեպի Եվրոպա, ավելի շատ ագրոուղվածությամբ ապրանքներ, սակայն ունի զբոսաշրջություն, որն այս տարի հատում է 4 մլն-ի սահմանը, և միայն զուտ տուրիստների ցուցանիշներով: Այդտեղ ներառված չեն որպես տարանցիկ երկիր մուտք գործող և դուրս եկողներն, օրինակ, ինչպես Հայաստանից մեկնում են Ռուսաստան՝ Վրաստանով: Այդ ամենը բարենպաստ է Վրաստանի բյուջեի համար: Այլևայլ արտադրություններ էլ ունենք՝ ռազմատեխնիկականից սկսած մինչև նորագույն տեխնոլոգիաների: Եվ ոչ թե Ռուսատան արտահանելու որակով, երբ ասում են՝ ինչ էլ արտադրես թեկուզ մի կերպ՝ կծախվի այդ շուկայում:

Վատ է, որ Հայաստանի կողմից չի բարձրաձայնվում պատճառների մասին, թե ինչո՞ւ չի բացվում Ռուսաստան – Վրաստան – Հայաստան երկաթուղին: Բանն այն է, որ նախնական համաձայնագիրը երկու երկրների միջև ստորագրվել է. Ռուսաստանի կողմից՝ Ադլերում և Վրաստանի կողմից Զուգդիդիում, որը պետք է իրականացվեր շվեյցարական ընկերության կողմից, սակայն դրանից հետո <միամիտ> ռուսներն առաջ քաշեցին յուրօրինակ առաջարկ, որով ցանկանում էին խաբել վրացական կողմին և պարտադրեցին, որ համաձայնագրին միանան Աբխազիան և Հարավային Օսիան, որին էլ իհարկե Վրաստանը դեմ էր, որովհետև դա կնշանակեր, որ այն ճանաչում է Աբխազիայի և Հարվային Օսիայի անկախությունները: Մինչդեռ Ռուսաստանը պատճառաբանում է, թե այդ ծրագիրը չի իրականացվում, որովհետև Վրաստանը չի ուզում: Ռուսաստանում խաբում են բոլորիս և ցանկանում՝ Վրաստանը նսեմացնել վերջին ձևերով, բայց դա չի ստացվի: Ռուսական կայսրության ողբերգությունն է դա, թեև՝ այնտեղ էլ կան լավ աշխարհաքաղաքագետներ, ովքեր ՌԴ իշխանություններին թերևս պետք է հուշեն, թե ինչպե՞ս է պետք խոսել Վրաստանի հետ, այս ժողովրդի հոգեբանությունը վերջապես պետք է ճիշտ հասկանան: Այդ հատկանիշը չունեն, որի արդյունքում ունենում են լուրջ խնդիրներ, սկսած 1801 թվականից:

Այս ամենի համատեքստում՝ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների կողմից այնպիսի կարևորագույն երկիր, ինչպիսին Վրաստանն է՝ հյուսիսային դարպասը, դեսպաններ նշանակելու քաղաքականությունը: Ինչպիսի՞ն էր Յուրի Վարդանյանը, ի՞նչ եք ակնկալում Ռուբեն Սադոյանից:

Զարմանալիորեն՝ Հայաստանի մամուլը շատ է խոսում այդ մասին: Երբ խոսում են դեպանի գործունեության մասին, լավ կլիներ գոնե համացանցով ծանոթանալ, թե ի՞նչ իրավունքներ ու պարտավորություններ ունի դեսպանն ընդհանրապես:

Ես՝ Յուրի Վարդանյանի աշխատանքը, շատ բարձր են գնահատում, որովհետև այն, ինչը նրան պարտադրված էր, նա լիարժեք կատարել է: Ո՞ր դեսպանն է, առանց իր երկրի ԱԳՆ-ի ցուցումի, ինքնուրույն հարցեր լուծում՝ ոչ մի: Դեսպանը նշանակված է երկրի նախագահի կողմից և առաջնորդվում է ԱԳՆ-ի ամենօրյա թելադրանքներով: Իսկ Յուրի Վարդանյանը հրաշալի արել է պետության գործը և մի քանի բան, որոնք էլ արել է իր հեղինակության հաշվին:

Իսկ Ռուբեն Սադոյանին ճանաչում եմ հեռակա, այնքանով, որքանով բարեկամներս Երևանում կենտրոնում են ապրում, որոնց հարևաններին նա օգնել է ժամանակին և անշահախնդիր: Գիտեմ, որ նա լավ ընտանիքից է, հարեհաս է …

Մնացածը՝ ռուսական թեմա է, երբ քննադատում եք, ասենք՝ Ջավախքում հայոց լեզվի դասաժամերը մեկ ժամով պակասեցնելու կամ՝ համանման խնդիրների մասին:

Զրուցեց՝ Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20