Վիգեն Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

- in Կարծիք
260
Vigen Sargsyan

Պաշտպանության նախարարի նշանակումն այդ պաշտոնին արդեն իսկ միարժեք չի ընդունվել զինված ուժերում, իսկ օրենսդրական նախաձեռնությունները մեծ աղմուկ են հանել:

Զինապարտության մասին օրենքը առաջացրել է ուսանողության մի մասի դժգոհությունը, իսկ 27 տարին լրացած ու զինծառայություն չանցած անձանց գումարի փոխհատուցման չափը 9 միլիոնի հասցնելու վերաբերյալ նախագիծը՝ արդեն իր հարազատ կուսակցության դժգոհությունը:

Երեւանում ուսանողության մի մասը դասադուլ է անում, միացել են նաեւ դասախոսներ: Տարօրինակ կլիներ, այն էլ Հայաստանում, եթե այս վիճակը «չքաղաքականացվեր», չհայտնվեին բազում շահեր, խարդավանքներ ու քաղաքական առեւտուր: Այս ամենն արդեն նկատելի է, առավել եւս նախագծերի շուրջ կողմ եւ դեմ փաստարկների անհեթեթության ֆոնին:

Իրավիճակն «ունիվերսալ» է, եւ դա բնական է, քանի որ գործ ունենք այնպիսի թեմայի հետ, ինչպիսին բանակն է ու զորակոչի խնդիրը՝ կոռուպցիայի, անարդար զորակոչի, պաշտոնյաների զավակների տոտալ չծառայելու, ժողովրդագրական խնդիրների եւ այլնի հետ: Այստեղ չկան եւ չեն կարող լինել միարժեք լուծումներ, այն էլ իշխանության, քաղաքական դասի ու նրա նախաձեռնությունների հանդեպ տոտալ անվստահության պայմաններում:

Ակնհայտ է, որ խնդիրը պետք է լուծվի այսպես ասած համալիր փաթեթով, եւ Վիգեն Սարգսյանի այն պնդումները, թե այս օրենքները լուծելու են այդ խնդիրները, համոզիչ չեն: Իսկ հակառակ կողմի փաստարկներն էլ պարզապես բախվում են մեկ այլ իրականության՝ զորակոչվողների, սահմանին ծառայություն անցնողների, ռազմական գործողություններում զոհվածների ծնողների ու հարազատների իրականությանը եւ հարցին՝ ինչու պետք է մեր որդիները ծառայեն, մյուսները՝ ոչ:

Այս ամենում կա մի վտանգ՝ բանակի, նրա հեղինակության խնդիրը: Այն էլ՝ պատերազմող բանակի: Բանակն այն եզակի կառույցն է մնացել, որը ոչ միայն պահում է Հայաստանի ինքնիշխանության վերջին թելը, այլեւ հանրության հետ կապն ու վստահությունը: Այս գլամուրային վեճերի կողմերը, նախեւառաջ ՊՆ ղեկավարությունը, պետք է հասկանան, որ այդ թելը կտրելուց հետո անիմաստ է դառնալու ամեն ինչ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20