Վիգեն Սարգսյանի քաղաքական ռեստարտն է, որին կհաջորդի նրա հակագրոհը

- in Ով ով է ..., Պնակալեզներ
191
Vigen Sargsyan

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ և Կանադա: ՊՆ-ի հաղորդմամբ՝ այցի շրջանակում Սարգսյանը հանդիպումներ կունենա սփյուռքի կառույցների և հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, կմասնակցի Վանկուվեր քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին:

Պաշտպանական գերատեսչության տարածած պաշտոնական հաղորդագրությունը, գուցե ակամայից, այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովն ընդամենը անդրօվկիանոսյան այցի պաշտոնական առիթն է, իսկ Վիգեն Սարգսյանի բուն նպատակը սփյուռքի կառույցների, ԱՄՆ-ում և Կանադայում ապրող մեր հայրենակիցների հետ հանդիպելն է: Գուցե այս հանգամանքն առանձնապես ուշագրավ չլիներ, եթե գործ չունենայինք երկու կարևոր հանգամանքի հետ:

Այս օրերին Հայաստանում տեղի են ունենում ներքաղաքական իրադարձություններ, որոնց կիզակետում հենց Վիգեն Սարգսյանի անձն է: Հաջորդ շաբաթ խորհրդարանը երկրորդ ընթերցումով քննարկելու է զինապարտությանը վերաբերող օրենքի նախագիծը: Առաջին ընթերցմամբ քննարկումներն անցան Վիգեն Սարգսյանի և «Ելք» խմբակցության պատգամավորների սուր հակադրության մթնոլորտում, երբ քաղաքական պոլեմիկան իր տեղն, ըստ էության, զիջեց անձնական վիրավորանքներին և փոխադարձ մեղադրանքներին:

Ենթադրվում էր, որ երեքշաբթի ականատես կլինենք Վիգեն Սարգսյան-«Ելք» հակադրության երկրորդ ռաունդին, մանավանդ, որ պաշտպանության նախարարը դարձել է նաև անցած շաբաթ սկիզբ առած ուսանողական դասադուլի հիմնական «հակահերոսը»:

Ընդ որում, ընդհանուրի կարծիքովՎիգեն Սարգսյանը հրապարակային հակադրության երկու դրվագներում էլ պարտվել է կորցնելով քաղաքական դիվիդենտներ: Ավելին, եթե չլիներ Բաղրամյան 26-ի կոշտ միջամտությունը, ապա երեկ այդպես էլ տեղի չէր ունենա խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նիստը, որը դրական եզրակացություն պետք է տար վիճահարույց նախագծին` խորհրդարանական երկրորդ ընթերցմամբ քննարկումներից առաջ: Եթե այս համատեքստում Վիգեն Սարգսյանը մեկնում է արտերկիր, ապա հստակ երաշխիք է ստացել, որ խորհրդարանն, առանց անակնկալների, զինապարտությանը վերաբերող օրենքի նախագիծը ընդունելու է երկրորդ ընթերցմամբ:

Մյուս կողմիցՎանկուվերի համաժողովի ձևաչափն այնպիսին է, որ Վիգեն Սարգսյանի փոխարեն կարող էր մեկնել պաշտպանության փոխնախարարը: Նույնիսկ կարելի է ենթադրել, որ Վիգեն Սարգսյանին պատրվակ էր պետք հաջորդ շաբաթ բացակայել խորհրդարանական քննարկումներից, որովհետև հրապարակային նոր բանավեճում նրա նոր պարտությունը կարող էր նույնանալ քաղաքական անխուսափելի ֆիասկոյի հետ:

Մյուս կողմիցհիմա էլ ընդդիմությունն անտարակույս մատնանշելու է Վիգեն Սարգսյանի բացակայության հանգամանքը դա համարելով նրա քաղաքական թուլության, փաստարկների բացակայության հետևանք: Սակայն ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս: Վիգեն Սարգսյանը ոչ միայն իրեն դուրս է դնում խորհրդարանական ընդդիմության կամ ուսանողական շարժման հետ նոր հակադրությունից կամ բանավեճից, այլ կտրուկ փոխում է իր գործունեության հրապարակային հարթակը:

Կասկածից վեր է, որ սփյուռքի լսարաններում Վիգեն Սարգսյանը կներկայանա դրական, նույնիսկ կրեատիվ իմիջով` «Ազգ-բանակ» կոնցեպցիայի շնորհիվ նույնիսկ համազգային կոնսոլիդացիայի որոշակի ֆոն ստեղծելով իր անձի և ծրագրերի շուրջ: Սովորաբար ընդունված է, որ արտերկրի այցերի ընթացքում տեղի հայ համայնքների հետ հանդիպումներ է ունենում նախագահը:

Արդյո՞ք Վիգեն Սարգսյանի հյուսիսամերիկյան այցի օրակարգը հուշում է, որ նա Սերժ Սարգսյանի կողմից ուժեղ աջակցություն է ստացել ոչ միայն տարկետման չեղարկմանը վերաբերող նախագծի պարագայում, այլ նաև2018-ի իշխանական հնարավոր հավակնությունների համատեքստում: Այլ խոսքով շատ հնարավոր է, որ առաջիկա այցը Վիգեն Սարգսյանի քաղաքական ռեստարտն է, որին կհաջորդի նրա հակագրոհը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20