Վիճակը չի փոխվի, եթե Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք համաձայնագիրը մնա թղթի վրա

- in Հրապարակ
224
Hayastan EM

Ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի՝ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումով Հայաստանը վերջապես կազատվի այն ստերոտիպից, որով ԵՄ երկրները Հայաստանին և Ադրբեջանին դիտարկում էին նույն հարթության վրա, իսկ Վրաստանին առանձնացնում տարածաշրջանում։

«Այս համաձայնագրի գերնպատակն այն է, որ շարքային քաղաքացիներն ավելի լավ ապրեն, և պոկվենք Ադրբեջանի հետ ասոցացվելու ԵՄ քաղաքականությունից։ Ադրբեջանն էլ է բանակցում ԵՄ շրջանակային համաձայնագիր ստորագրելու համար, բայց այնտեղ կան շատ լուրջ խնդիրներ։ Ես չեմ բացառում, որ ադրբեջանական փաստաթուղթը կարող է ավելի շատ դեկլարատիվ լիներ»,-ասել է Աշոտյանը։ Քանի դեռ ԼՂ խնդիրը կարգավորված չէ և գոյություն ունի հայ-ադրբեջանական հակադրություն, նույնիսկ բնական է, որ մեր քաղաքական գործիչներն արտաքին քաղաքականությունը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը դիտարկում են հենց ղարաբաղյան խնդրի համատեքստում` ակամայից մրցակցության մեջ մտնելով Ադրբեջանի հետ:

Մյուս կողմիցերբ Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի, ձգտումների նշաձող սահմանվում է Ադրբեջանի հետ մրցակցությունն, ապա ինքնաբերաբար սահմանափակում ենք մեր ամբիցիաները, ժամանակակից պետություն ունենալու ձգտումները: Հայաստանի քաղաքական դասին պետք է գոհացներ ոչ թե այն փաստը, որ եվրաինտեգրման ֆորմալ հարթության վրա մեր երկիրը պոկվում է Ադրբեջանից, այլ խորապես մտահոգեր այն հանգամանքը, որ հետխորհրդային Լատվիան, Լիտվան և Էստոնիան վաղուց Եվրամիության անդամ են, անգամ Արևելյան գործընկերության ձևաչափում Հայաստանն արդեն զիջում է Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային և համեմատության մեջ է, ըստ էության, եվրոպական հավակնություններ չունեցող Ադրբեջանի և Բելառուսի հետ: Արմեն Աշոտյանը անկեղծ չէ, երբ ասում է, թե ԵՄ երկրները Հայաստանին և Ադրբեջանին դիտարկում էին նույն հարթության վրա: Ավելի շուտ դա այդպես է, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի նույնացումը հետևանք է ոչ թե Բրյուսելի սուբյեկտիվ ընկալման, այլ այն հսկայական գահավիժման, որ երկու տասնամյակի ընթացքում Հայաստանն ունեցել է ժողովրդավարության, ընտրական և քաղաքական ինստիտուտների ասպարեզում:

80-ականների վերջին-90-ականների սկզբին Հայաստանն, իր ժողովրդավարական ցուցանիշներով, համեմատվում էր անգամ Լեհաստանի հետ, որն այսօր Արևելյան գործընկերության ծրագրի, այսպես կոչված, քաղաքական սպոնսորներից մեկն է և ինքն է գնահատում Հայաստանի և այլ երկրների համապատասխանությունը եվրոպական չափանիշներին: Սկզբունքորեն Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումն անգամ չի երաշխավորում Հայաստանի պոկումն Ադրբեջանից, եթե եվրոպական ինտեգրացիան Հայաստանի իշխանությունների համար շարունակի մնալ իմիտացիայի մակարդակում` ծառայեցվելով իշխանության լեգիտիմության ճանաչման և Բրյուսելի խողովակներով գումարներ ստանալու խնդիրներին:

Մրցակցային պետություն ստեղծելու բանալին ոչ Բրյուսելում է, ոչ էլեվրոպական որևէ այլ մայրաքաղաքում, այլ Երևանում: Եթե Հայաստանի իշխանությունները Եվրամիության հետ համաձայնագիր են ստորագրելու, սակայն շարունակելու են որպես դաշնակից ունենալ օլիգարխիային ու կրիմինալին, ապա «10000 հազարանոց» ընտրություններն ու շաքարային և բանանային մենաշնորհները մնալու են մեր պետության հիմնական «այցեքարտը»` չհասկացվածության մեծ պատ գոյացնելով մեր ու Եվրամիության միջև և ավելի չեզոքացնելով այն պայմանական քաղաքական, քաղաքակրթական սահմանը, որ գոյություն ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Ադրբեջանը բացահայտորեն հակադրվում է եվրոպական արժեքներին, Հայաստանի իշխանությունները, գոնե մինչև այս պահը, զբաղված են եվրաինտեգրման տնազով, նմանակմամբ: Խորքային առումով, բովանդակային հարթության վրա հետևանքները նույնն են ու դա է պատճառը, որ Բրյուսելում նույն աչքով են նայում Երևանին ու Բաքվին:

Վիճակը արմատապես չի փոխվի, եթե Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք համաձայնագիրը մնա թղթի վրա կամ օգտագործվի սոսկ որպես արգումենտ, որը պետք է ցուցադրի մեր երկրի խզումն Ադրբեջանից: Եվ առհասարակ` անհրաժեշտ է փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը:

Մեր արտաքին քաղաքականությունը չպետք է կաշկանդվի ԼՂ խնդրով, այլ հնարավորինս բազմահարթակ ու բազմաբովանդակ դառնալու անհրաժեշտություն ունիԼՂ խնդիրը Ադրբեջանի ստեղծած նաև միջազգային որոգայթներից դուրս բերելու համար: Դրա համար ամբիցիաներ, երազանքներ պետք է ունենան մեր երկրի քաղաքացիները և Հայաստանը` որպես պետություն: Այդ պարագայում անգամ նվաստացուցիչ կլինի համեմատությունն Ադրբեջանի հետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20