Տեսանյութեր. Իջևանի դենդրոպարկն ու Մեխակ Սայադյանը

Էկո մեդիա ցանցի նախաձեռնությամբ ու ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ և ներկայացուցչի ուղեկցությամբ բնապահպանության թեմաներով գրող լրագրողներիս խումբն այցելեց Իջևանի դենդրոպարկ, ուր բնության սիրահար, տնօրեն Մեխակ Սայադյանը մանրամասն ու յուրահատուկ կոլորիտով ներկայացրեց այնտեղ առկա վեց հարյուրակից ավելի ծառերն ու թփերը:

Ի դեպ, այս դենդրոպարկում, ինչպես և Բերդի Սորանիներում, մուտքն անվճար է, որի արդյունքում բազմաթիվ երիտասարդների տեսանք այգում, ովքեր սակայն երբեմն աղբ են թողնում այնտեղ:

Մեխակ Սայադյանն այս նվիրվածությունը ժառանգել է իր հայրիկից՝ դենդրոպարկի հիմնադրից ու այսօր էլ փոխանցում է որդուն, ով ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի ուսանող է:

Բավական տպավորիչ ու կոլորիտային շրջայցն ու Սայադյանների գեղարվեստական ներկայացումների մասին տեսանյութերը՝ ստորև.

Տավուշի անտառներում թանգարանային անկյուն. Իջևանի <Դենդրոպարկ>. Իջևանի այցետոմս հանդիսացող Իջևանի Դենդրոպարկը հիմնադրվել է 1962թ-ին: Դենդրոպարկի հիմնադիրն է Հայգիտանտառ փորձկայանի, ի դեմս տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մուշեղի Հախինյանը և ավագ գիտական աշխատող, անտառային տնտեսության ինժեներ Գրիգոր Իվանի Ադամյանցը, որոնց հետ միասին աշխատում էր նաև Լյուդվիգ Սայադյանը: Լյուդվիգ Սայադյանը համարվում է այդ շնորհալի գործի պահպանողը և շարունակողը:

Մոտավորապես հինգ տասնամյակի ընթացքում Իջևանի անտառաճման համար բարենպաստ հողակլիմայական պայմաններում փորձարկվել է 1000 տեսակ և ավել ծառեր և թփեր: Դենդրոպարկում փորձարկված ծառերից ու թփերից 640 տեսակ և ձև լավագույն քննություն են բռնել Իջևանի հողակլիմայական պայմաններում: Դրանք հոլարկտիկայի բուսական թագավորության 6 բուսաբանական մարզերի ներկայացուցիչներ են կան նաև հիբրիդ բույսեր:
Փորձարկված տեսակներից շատերն այստեղ գտել են իրենց երկրորդ հայրենիքը. Այսօր գերազանցորեն աճում են, ծաղկում և պտղաբերում, իսկ մի շարք տեսակներ տալիս են ինքնացանք:

Իջևանի <Դենդրոպարկը> ներկայումս աշխարհի այլ աշխարհագրական շրջաններից ներմուծված ծառերի և թփերի տեսակային կազմով հանրապետությունում ամենահարուստներից է և հետաքրքրականը: Այստեղ հաճախակի հրավիրվել են գիտական ժողովներ՝ ԽՍՀՄ-ի և Կովկասի մասշտաբով:

Դենդրոպարկը համարվում է բազմաթիվ բարձր գեղազարդ ծառերի և թփերի, սերմերի ու կտրոնների ստացման աղբյուր (գենոֆոնդ), գիտաճանաչողական և էկոճանաչողական էքսկուրսիաների և հանգստիվայր, մասնագետների ուսուցման բազա: Դենդրոպարկի բազայի հիման վրա հիմնադրվել են տնկարաններ, որոնք բաց են թողնում տնկանյութ՝ անտառային տնտեսություններին, կանաչապատող կազմակերպություններին՝ անտառատնկման և կանաչապատման նպատակով:

Պատահական չէ, որ Իջևան քաղաքի և հարակից բնակավայրերի բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները, դպրոցները, նախադպրոցական հիմնարկները կանաչապատված են լավագույն ձևով: Այստեղ կիրառվել են ծառայգում աճեցվող շուրջ 60 տեսակ բարձրգեղազարդ հատկանիշներ ունեցող ծառեր ու թփեր:

Դենդրապարկի բոլոր ծառերը և թփերը պիտակավորված են, որոնց վրա նշված են նրանց լատիներեն, ռուսերեն և հայերեն անունները հայրենիքը: Դենդրոպարկը հանդիսանում է հանրապետությունում կլոր տարին ծաղկող միակ բուսաբանական օբյեկտը, քանի որ նույնիսկ հունվար և փետրվար ամիսներին այստեղ կարելի է տեսնել ծաղկած ծառաթփատեսակ (Ձմեռած աղիկվաղ. Հոնի սովորական, ցախակեռաս Ստենդիշի):

Իջևանի <Դենդրոպարկ>-ը, ինչպես նաև ՀՀ-ում գործող մյուս երեք դենդրոպարկերը 2002-2003թթ. ընդգրկվեցին <Արգելոցապարկային համալիր> հիմնարկի կազմի մեջ, որն էլ 2006թ. վերակազմավորվեց և դարձավ՝ <Արգելոցապարկային համալիր> ՊՈԱԿ:

Իջևանի դենդրոպարկի գենոֆոնդի պահպանման զարգացման, խնամքի գեղազարդ ծառաթփատեսակների բազմացման գործի շարունակողն է հիմնադիրներից Լ.Սայադյանի որդին՝ անտառագետ Մեխակ Սայադյանը, ով շուրջ 30 տարի արժանապատվորեն կատարում է տնօրենի աշխատանքը:

Նյութը կազմեցին՝ Մ. Սայադյանը, Հ. Փարսադանյանը

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20