Ցանկացած ուսանողական շարժում քաղաքական էլիտայի ձևավորման մեխանիզմ է

- in Վերլուծական
168
eritasardner

Ուրբաթ երեկոյան, երբ Բաղրամյան 26-ի անմիջական ցուցումով պատգամավորները «բերման ենթարկվեցին», և խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստ գումարվեց, հօդս ցնդեցին վերջին լավատեսական սպասումները, որ ուսանողական տարկետման հարցով իշխանությունները գուցե գնան փոխզիջման կամ երկխոսության: Նման բան չի լինելու, չեն կրկնվելու 1997-ի և 2004-ի նախադեպերը, և ԱԺ-ն հենց վաղը մեկնարկող քառօրյայում երկրորդ ընթերցմամբ ընդունելու է վիճահարույց օրինագիծը:

Սա սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծում ուսանողական շարժման համար, որն, ըստ էության, կանգնում է երկընտրանքի առջև, որովհետև իշխանությունները խաղը տանում են «սևի և սպիտակի» սկզբունքով: Ուսանողական շարժման խնդիրն է դուրս գալ այս փակուղային դիլեմայից՝ մանավանդ, որ ԵՊՀ ռեկտորատը պաշտոնապես պաշտպանել է իշխանությունների նախաձեռնությունը, ինչը ճանապարհ է բացելու ռեպրեսիվ քայլերի համար՝ անկախ հրապարակային հավաստիացումներից:

«Մենք սովետական շրջանի ուսանող ենք եղել, այն ժամանակ նույնիսկ մտածելու համար կարող էին բանտ նստեցնել, բայց նույնիսկ այդ տարիներին համալսարանը շատ ավելի դեմոկրատական է եղել․ միտք է եղել, սկզբունքներ, հիմա դրանք դարձրել են թաղի խուժանի մակարդակով կառավարելի»,- ասել է ԵՊՀ դասախոս, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, և թերևս այս գնահատականն այնքան դիպուկ է, որ ավելացնելու որևէ բան չկա։

Այսօր դասադուլի կազմակերպիչները խոստացել են հրապարակայնացնել իրենց առաջիկա ծրագրերը, քայլերը: Ակնհայտ է, որ դասադուլը կամ միայն դասադուլը իր արդյունավետությունը կկորցնի արդեն ԱԺ այս քառօրյայից հետո, որովհետև տարկետման խնդիրն ինչ-որ իմաստով կկորցնի իր հրատապությունը, եթե չլրացվի այլ պահանջներով, խնդիրներով: Այլ խոսքով՝ ուսանողական շարժումը կանգնած է սոցիալիզացիայի և օրակարգի բովանդակային վակուումը լցնելու հրամայականի առջև:

Սկզբունքորեն տարկետման խնդիրը լոկալացվում, նույնիսկ կորցնում է բովանդակային իր նշանակությունը, եթե այն չի դիտարկվում սկզբունքային մի քանի խնդիրների համատեքստում:

Առանցքային խնդիր է ուսանողության սուբյեկտության վերականգնման հարցը, որովհետև մինչև բուհական համակարգը չազատվի իշխանության աքցաններից, ցանկացած լոկալ հարցի նույնիսկ դրական լուծում ժամանակավոր է ու զուրկ ինստիտուցիոնալ հիմքերից: Ուսանողական ինքնավարության պահանջը հիմնականը պետք է դառնա «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության օրակարգում: Դա կօգնի, որպեսզի որակապես նոր հարթության վրա ձևակերպվեն շատ պահանջներ՝ նաև նպաստելով ուսանողական շարժման ցանցային կառույցի ձևավորմանն ու սոցիալական բազայի ընդարձակմանը:

Ուսանողական շարժումը տարկետման ինստիտուտի վերացումը պետք է դիտարկի կառավարության ավելի գլոբալ քաղաքականության համատեքստում, որովհետև Կարեն Կարապետյանի կաբինետը սկզբունքորեն գործում է գիտության և կրթության դեմ՝ հետևողականորեն կրճատելով այս ոլորտների պետական հատկացումները: Այս առումով նախաձեռնող խումբը, իր կոչմանը հավատարիմ, չպետք է զգուշանա քաղաքական հրապարակային ձևակերպումներից՝ ընդհուպ մինչև կառավարության հրաժարականի պահանջը: Այդ դեպքում կա ռիսկ, որ ուսանողական շարժման ղեկավարները կհյուրընկալվեն ոչ թե կառավարությունում կամ նախարարություններում, այլ քաղմասներում, բայց ի վերջո՝ այդպես է միս ու արյուն ստանում ուսանողական շարժումը, նույնիսկ քաղաքակիրթ երկրներում:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը պետք է համարձակորեն բարձրացնի նաև բուհական կոռուպցիայի խնդիրը՝ առաջին հերթին այն պատճառով, որ դա ազդում է կրթության որակի վրա, և հետո՝ կոռուպցիոն մեխանիզմի միջոցով են իշխանությունները վերահսկում բուհական համակարգը: Մյուս կողմից՝ կոռուպցիայի խնդրի արծարծումը բխում է տարկետման հարցից, որովհետև իշխանությունները փաստարկ էին բերում, թե իբր վերացնում են կոռուպցիոն ռիսկերը, սակայն, ըստ էության, փոխանակ կոռուպցիան վերացնեն՝ տարկետումն են վերացնում։

Եվ վերջապես՝ դասադուլի կազմակերպիչները պետք է գիտակցեն, որ ցանկացած ուսանողական շարժում քաղաքական էլիտայի ձևավորման մեխանիզմ է, ըստ այդմ՝ սկզբունքային է դառնում նաև իրենց հայտի արժեքային կողմնորոշումների ձևակերպումը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20