«Քանի դեռ Աստծո շնորհածն ուժի մեջ է, մահն անզոր է». Էդուարդ Խաչիկյան

- in Մշակույթ
116

Հայաստանի գրողների միությունում նշվեց արձակագիր, Դերենիկ Դեմիրճյանի անվ. գրական մրցանակակիր, արցախյան ազատամարտի մասնակից Էդուարդ Խաչիկյանի ծննդյան 60-ամյա հոբելյանը: Այն համընկավ հոբելյարի նորերս լույս տեսած՝ «Գրավաճառը» գրքի շնորհանդեսին:

Երկու տասնյակից ավելի գրքերի հեղինակ Էդ. Խաչիկյանին ցերեկույթին ներկա գրողները, գրականագետները, ընկերները ներկայացրեցին՝ որպես բեղուն ստեղծագործողի, բառ ու բանի վարպետ արձակագրի, հայ վիպագրության մեջ իր ուրույն ձեագիրն ու ասելիքն ունեցող անձի ու քաղաքացու: Գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, խոսելով Էդ. Խաչիկյանի գրականությունից, հատուկ ընդգծեց հոգեբանական բարդ իրավիճակների կառույցները նրա բազում ստեղծագործություններում: Հերոսների ներքին երկվությունները հաղթահարելու ճանապարհով են անցնում նրա կերտած հերոսներն իր բազում գրական երկերում՝ լինի դա պատմվածք, վիպակ թե վեպ: «Երևակայականի մեջ շնչավորվում է նոր իրականություն, գաղտնազերծում հոգեբանական տարրեր… Նյութի և հոգու պայքարը բոլոր ստեղծագործություններում է:»,- նկատեց Պ. Դեմիրճյանը: Նա ներկայացրեց նաև արձակագրի ստեղծագործություններում պատկերավորման, լեզվաոճական մի շարք առանձնահատկություններ:

ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը խոսեց արձակագրի մարդկային նկարագրի, գրականության մարդու, պետական պաշտոնյայի մասին, որ առավելությունը միշտ տվել է գրական արվեստին, պատմավեպի նոր տեսակ ներմուծել հայ գրականություն: «Հավատարիմ մնալով հայ պատմավեպի տեսակին՝ նոր ժանրեր է ներմուծել նրանում՝ փաստավավերագրական, գեղարվեստական: Նրա պատմավեպերը բազմաճյուղ են, նրանցով հեղինակն արդիական հարցեր է շոշափում: Նրա երկերում արտացոլված են տարբեր ժամանակաշրջաններ, ժամանակակից կյանք, ապագայի խնդիրներ: «Գրավաճառը» ևս արդիականության կարևոր խնդիր է արծարծում: Էդ. Խաչիկյանի գրականությունը մեր արդի արձակի ուրույն գույներից է»:

Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանի կողմից հոբելյարին ուղերձ հաղորդեց գրադարանի փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը: Հրատարակիչ Մկրտիչ Կարապետյանը խոսեց հայոց՝ հաճախ մոռացվող, կարևոր դասեր պարունակող պատմական անցքերին անդրադառնալու կարևորության մասին, ինչն անում՝ Է. Խաչիկյանը, և ահա ինչու ինքն արդեն տարիներ հանձն է առնում հրատարակելու նրա ստեղծագործությունները: «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն էլ նկատեց, որ գրքի ու գրականության հանդեպ նոր սերնդի հետաքրքրությունը զգալիորեն մեծացել է, և Էդ. Խաչիկյանի գործերը ևս ընթերցողին կարևոր դասեր են հաղորդում: «Ծիծեռնակ» ամսագրի և հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը խոսեց հեղինակի առանձնակի օժտվածության, գերհագեցած գրականության և բեղուն գրչի մասին:

«Ամեն ոք մի առաքելությամբ է հանդես գալիս, ու քանի դեռ Աստծո շնորհածն ուժի մեջ է, մահն անզոր է»,- Էդուարդ Խաչիկյանի «Սմբատ Գունդստաբլ» վերտառությամբ վեպից մեջբերում արեց բանաստեղծուհի Հասմիկ Սարգսյանը, որի գրախոսականը այս և «Ղեբուբան կամ արքայի գործակալը» պատմավեպերի մասին էր: «Հայոց պատմության՝ մեզ համար բավական անհայտ կամ ոչ բավարար կերպով ուսումնասիրված էջերի գեղարվեստական շարադրանքներն են՝ հերոսականությանն ու արիությանը շաղախված արյունալի ու դաժան պատերազմների, քաղաքական բարդ շրջադարձերի, դավադրությունների հյուսքով,- ներկայացրեց բանախոսը:- Հայոց պատմության հատվածներն ի ցույց դնելը, նաև ամենաբարդ ժամանակներում խելամիտ ու հեռատես կառավարելու արվեստի շնորհիվ հաջողության հասնելու գաղտնիքները բացահայտելը վիպագրի կարևոր առաքելություններից է:

Բազմաթիվ ու բազմազան են այս բազմահանգույց վեպերում Էդ. Խաչիկյանի կերտած կերպարները. ընթերցողի հիշողության մեջ են մնում տիրակալների և հոգևոր հայրերի, եվրոպացի ասպետների ու կղերականների, առևտրականների և այլազգի զինյալների կերպարները,- բոլորն առանձին-առանձին իրենց հատուկ գույնով ու իրենց բնույթին հարիր մանրամասներով գծված: Օրինակ, Սմբատ Պապեռոնցու մտածումները՝ պետության, իրավունքի, պատերազմի և խաղաղության, հավատքի և կրոնի վերաբերյալ, հեղինակային ուղղորդումներ են՝ ուղղված արդի ընթերցողին: Հերոսն ինքը ստեղծարար լինելով՝ հասկանում է տարվող պատերազմների անհրաժեշտությունը, քանզի ժամանակներն են այդպիսին. հնարավոր չէ խույս տալ պատերազմներից, երբ հրդեհ է ներսում և դրսում, սահմաններին մոտիկ: Հեռուներում կատարվող քաղաքական տեղաշարժերն անգամ արձագանք են գտնում հայկական պետությւոնում, վտանգի տակ առնում նրա ամբողջականությունը, անգամ գոյությունը: Ուստի մեծ հեռատեսություն է պետք՝ տեսնելու ապագան և ճիշտ քայլեր ձեռնարկելու… Մեզնից տասնյակ դարեր հեռավորությամբ դեպքերն ու իրադարձություններն անմիջականորեն հիշեցնում եմ մեր ապրած օրերը: Հեղինակը չի էլ թաքցնում իր մտադրությունը՝ ցուցանելու մեր ապրած ժամանակների և հեռավոր, պանծալի, բայց և բազում վտանգներով ու մարտահրավերներով լեցուն դարաշրջանների նմանությունները: Ասես դաս է տալիս, պատմությունից օրինակներ առնելու առիթ է ստեղծում»:

Էդ. Խաչիկյանին ՀԳՄ նախագահության որոշմամբ «Գրական վաստակի համար» մեդալ շնորհվեց:

Հասմիկ Սարգսյան

Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20