2018թ. մեզ լայնածավալ թանկացումներ են սպառնում

- in Սոցիալական
Mterqner

Պայմանավորված մի քանի հանգամանքներով: Նախ՝ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու նոր Հարկային օրենսգիրքը, որը մի քանի ապրանքատեսակների՝ բենզինի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների և սեղմված գազի դեպքում ենթադրում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում:

Այնուհետև ընդունվելու է ԵԱՏՄ ընդհանուր Մաքսային օրենսգիրքը, որն անդամ երկրներում մաքսային դրույքաչափերի նույն ռեժիմ է սահմանելու, ինչը Հայաստանի դեպքում ենթադրում է դրույքաչափերի բարձրացում: Բացի այդ, հունվարի 1-ից այլևս չի գործելու ԵԱՏՄ անդամակցելուց հետո ավելի քան 800 անուն ապրանքատեսակների ներկրման մաքսային արտոնյալ ռեժիմը, ինչը նույնպես լրացուցիչ գնաճային ճնշում է առաջացնելու: Մի խոսքով՝ ընդամենը մեկ-երկու ամսից Հայաստանում համատարած թանկացումներ են մոլեգնելու, պարզապես այս անգամ այդ թանկացումները պայմանավորված են լինելու ոչ թե միջազգային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, այլև սահմանված է լինելու օրենքով:

Կոնկրետ Հարկային օրենսգրքով նախատեսված ակցիզային հարկի բարձրացման դեպքում, եթե ծխախոտն ու ալկոհոլային խմիչքները պարզապես թանկանալու են և կողմնակի ազդեցություն չեն ունենալու, ապա առավել ռիսկային է բենզինը, որի թանկացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու: Բենզինի գնի բարձրացումն իր հետ միաժամանակ թանկացնելու է շատ ապրանքներ ու ծառայություններ: «Ընդ որում՝ բենզինի շուկայի խնդիրներն իմանալով՝ կարող եմ ասել, որ հնարավոր են սպեկուլյատիվ թանկացումներ: Գիտենք, որ այդ ոլորտը կապված ներմուծվող գների փոփոխությամբ՝ երբեք գինը համարժեք չի փոխվում»,- մեզ հետ զրույցում ասում է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Վերջինիս խոսքերով՝ գնաճ կարող է լինել նաև եվրոյի և դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառով: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ տարադրամը թանկանում է, այդ միտումը դեռ պահպանվելու է ու կարող է ոչ միայն մինչև ամանորյա տոները շարունակվել, ինչը գրեթե ամեն տարի է լինում, այլև բարձր գինը պահպանվել նաև հաջորդ տարի: Չէ որ շատ փորձագետներ պնդում են, որ 470-480 դրամը դոլարի օբյեկտիվ արժեքը չէ, այն պետք է ավելի բարձր լինի: Իսկ եթե տարադրամը թանկանում է, ապա այն հանգեցնում է գնաճի: Չէ որ մեր սպառած ապրանքների գերակշիռ մասը ներկրվում է ոչ ԵԱՏՄ երկրներից և գնվում է դոլարով ու դրամով: Գ. Մակարյանի ներկայացմամբ՝ 2018թ. գնաճ կարող է բերել նաև տուրիզմի ակտիվացումը, հատկապես որ այս տարի արդեն այդ ոլորտում էական աճ է եղել: Զբոսաշրջիկների հոսքի ավելացումը ներքին շուկայում հանգեցնելու է առևտրի, պահանջարկի ավելացմանը, ինչը նույնպես կարող է գնաճ առաջացնել:

Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հավելում է, որ Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը և կանխատեսվող գնաճը ԵԱՏՄ-ի 2018թ. մաքսային նոր մոտարկումների կիրառմամբ է պայմանավորված: «Մենք գիտենք, որ երբ ՀՀ-ն միացավ ԵԱՏՄ-ին, մեզ տրվել էր հնարավորություն մոտ 800 անուն ապրանքատեսակի ներմուծման համար պահպանել գործող մաքսատուրքը՝ աստիճանաբար մոտարկելով մաքսատուրքի տոկոսադրույքը ԵԱՏՄ-ին մինչև 2022թ: Սա նշանակում է, որ ամեն տարի ակնկալվում է որոշակի տոկոսով գնաճ հենց միայն այս պատճառով: Այլ բան է, թե դրանք որ ապրանքատեսակներն են և որքանով են ազդելու քաղաքացիների կենսամակարդակի վրա: 2018թ.-ից մաքսատուրքի դրույքաչափերը բարձրանալու են, օրինակ, մսամթերքի, դեղորայքի, շաքարավազի, մեքենաների համար: Ըստ էության սրանք այն ապրանքատեսակներն են, որոնք էապես ազդելու են քաղաքացիների կենսամակարդակի վրա սպառման առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գնաճի տեսքով»,- ասում է պատգամավորը:

ԵԱՏՄ ընդհանուր Մաքսային օրենսգրքի արդյունքում, օրինակ, մեր քաղաքացիներն այլևս չեն կարողանա առանց մաքսազերծելու 300 դոլար արժողությամբ էլեկտրոնային գնում կատարել, այդ թիվը կտրուկ նվազելու է: Մաքսազերծման դրույքաչափերն են բարձրանալու, դա թանկացման է բերելու ընդհանրապես: Այդպիսով ԵԱՏՄ-ն կամ այդ կառույցի համակարգող Ռուսաստանը պարտադրում է, որ անդամ երկրները հիմնականում իր հետ առևտուր անեն, իսկ որ ավելի ճիշտ է, իր արտադրանքը գնեն: Անգամ կարծիքներ կան, որ մսի, կարագի թանկացումը կարող է ինչ-որ տեղ առնչվել նաև այդ երևույթին: Երրորդ երկրներից այդ ապրանքի ներկրումը կտրուկ թանկանալու է, և ամիսներ առաջ այս թանկացմամբ, կարծես թե, մարդկանց սովորեցնում են բարձր գներին: «Ակնհայտորեն մաքսատուրքի աճը 2018թ.-ից բերելու է վերոհիշյալ ապրանքատեսակների թանկացման, ավելին՝ հենց այս հանգամանքը կարող է հանգեցնել գնաճի ավելի վաղ, քան 2018թ., ինչն էլ տեղի է ունենում որոշ ապրանքատեսակների պարագայում այս օրերին»,- համաձայնում է Մ. Թանդիլյանը:

Մեր իշխանություններն այս բոլոր պայմանների ու դրանցից բխող թանկացումների մասին գիտեին մի քանի տարի առաջ, երբ ստորագրեցին այդ կառույցին անդամակցելու փաստաթուղթը: Հենց դրա համար էլ այդ 800 ապրանքների մաքսազերծումը որոշ ժամանակ նույն դրույքաչափով պահելու արտոնություն խնդրեցին: Այդ ժամկետն անցավ և թանկացումները շուտով կբախեն մեր գրպանին: Գ. Մակարյանը շեշտում է, որ այդ ժամկետը վերցրեցին վերահաս թանկացումներին դիմակայող նախապատրաստական աշխատանքներ անելու՝ տնտեսական բարեփոխումներ անելու և տնտեսությունը զարգացնելու համար, որ այդ խնդիրն էլ ավելի աղքատացման չտաներ: Բայց այդպես էլ դա չարեցին: «Կամ պիտի թանկացման փաստի առաջ կանգնենք, կամ պիտի խնդրենք նորից այդ արտոնյալ ժամկետը երկարացնեն: Եթե մենք 5 տոկոս աճ ունենք, պետք է երկրում բարեկեցությունն ավելանար, աղքատությունը նվազեր, գործազրկությունը նվազեր, բայց այդ աճին հակադրվելու է եվրո-դոլարի թանկացումը, ակցիզային դրույքաչափի պատճառով գնաճը, շարունակվող միգրացիայի պակասով գնողունակության նվազումը: Դրա համար էլ ասում եմ՝ այդ 5 տոկոսը քիչ է, մենք ավելի բարձր տնտեսական աճ պետք է ունենանք: Եթե տնտեսական աճը չծածկի այս ռիսկերն ու դրանց բերած գնաճը, մենք կունենանք աղքատության նույն վիճակը»,- ասում է Գ. Մակարյանը:

Այնուամենայնիվ, հաջորդ տարի որքան կարող է լինել գնաճը: Օրինակ՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի արդյունքում ընդամենը 1 տոկոս գնաճ կլինի: Մյուս գործոնները որքան կավելացնեն դրան: Գ. Մակարյանի խոսքերով՝ իր նշած բոլոր գործոնները «կլղոզվեն գնաճի մեջ» և դժվար կլինի հասկանալ, թե որը որքան թանկացում է բերել: «Իսկ ինչ վերաբերում է Ա. Ջավադյանի այդ հայտարարությանը, ապա ես նրա հետ շատ քիչ հարցերում եմ համաձայնում, որովհետև ԿԲ գործունեությունն այլ կերպ եմ պատկերացնում, բիզնեսին ավելի մոտ եմ պատկերացնում: Բարդ է հաշվարկել գնաճը, կարծում եմ, պարզունակ ֆորմուլա չէ: 2018թ. բյուջեի նախագծում նշված է գնաճի 4+/-1․5 կանխատեսումը: Կարծում եմ՝ եկող տարվա համար սա իրատեսական կլինի»,- հավելեց նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20