2018 թ. բյուջեն դառնում է հիանալի «ալիբի» Սարգսյանի կառավարության համար

- in Տնտեսական
199
Ser Kar

2018 թվականի բյուջեի քննարկումներն անցնում են այդ փաստաթղթի համար գործնականում ավանդական քննարկումների հունով՝ իշխող մեծամասնությունը պաշտպանում է բյուջեն, իսկ խորհրդարանական ընդդիմությունը՝ քննադատում այն:

Բյուջե 2018-ը սակայն բացառիկ է իր բնույթով, քանի որ այն ներկայացնում է մի կառավարություն, որը պետք է հրաժարական տա բյուջետային տարվա մեկնարկից չորս ամիս անց, և չկա ոչ մի երաշխիք, որ այդ կառավարությունը և դրա ղեկավար վարչապետը վերանշանակվելու են իրենց պաշտոնին: Ավելին, այդ հարցում կա մեծ անորոշություն անգամ իշխանության շրջանակում:

Միաժամանակ, իրավիճակը բացառիկ է նաև այն հանգամանքի բերումով, որ բյուջեն ընդունվում է կառավարման մի մոդելի պայմաններում, սակայն դրա կատարումը տեղի է ունենալու ըստ էության այլ կառավարման մոդելի պայմաններում, քանի որ բյուջետային տարվա մեկնարկից չորս ամիս անց Հայաստանը թևակոխում է խորհրդարանական կառավարման մոդել: Իշխող մեծամասնությունն իհարկե չի փոխվում, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում կառավարման, իշխանական համակարգը ֆորմալ տիրույթից դուրս ունի դե ֆակտո առավել նուրբ երանգներ և հարաբերությունների մշակույթ: Երբ փոխվում է կառավարման մոդելն ու առաջանում է այլ իրավիճակ, ապա դա չի կարող չազդել ներքին հարաբերությունների դե ֆակտո կառուցվածքի և հոգեբանության վրա:

Դիցուք, ապրիլին նախագահի լիազորությունը վայր է դնում Սերժ Սարգսյանը, այլևս չկա ուժեղ նախագահի ինստիտուտ, վարչապետ մնում է Կարեն Կարապետյանը, բայց փաստորեն ձևավորվում է դե ֆակտո ուժեղ ստվերային առաջնորդի ինստիտուտը, եթե Սարգսյանը մնում է ՀՀԿ նախագահ: Այդ հանգամանքը՝ դե յուրե և դե ֆակտո իշխանությունների տարբերությունը, բերում է ներիշխանական ու ներհամակարգային բոլորովին այլ վիճակի: Իսկ բյուջեի կատարումը Հայաստանում կախված է հենց այդ ամեն ինչից, քանի որ տնտեսություն ասվածն էլ գործնականում այդ ներքին հարաբերություններով կանոնակարգված և քվոտավորված երևույթ է:

Մեկ այլ տարբերակ՝ Սերժ Սարգսյանը վայր է դնում լիազորությունն ու դառնում է կառավարության ղեկավար, բավականին բարդ տնտեսական իրավիճակում, այլ կառավարության ու վարչապետի ներկայացրած բյուջեով: Այդ պարագայում բյուջեն դառնում է հիանալի «ալիբի» Սարգսյանի կառավարության համար: Իսկ այդ «ալիբիի» կարիք նա կունենա, քանի որ տնտեսական իրավիճակը Հայաստանում ամենևին չի լինելու որակապես ավելի լավ մակարդակի, քան ներկայումս: Իսկ դա նշանակում է, որ վարչապետի պաշտոնին մնալու պարագայում Սերժ Սարգսյանը պետք է փնտրի իրավիճակի համար պատասխանատվությունը հնարավորինս երկար իրենից հեռու պահելու միջոցներ:

Նախագահի պաշտոնում այդ միջոցը վարչապետներն են, իսկ եթե նա մնում է վարչապետ, ապա առաջանում է միջոցների դեֆիցիտ պատասխանատվությունը հեռու պահելու հարցում: Ու քանի որ մոտակա ամիսներին՝ նվազագույնը մոտակա ամիսներին Սարգսյանին չի հաջողվելու որևէ էական փոփոխություն կատարել, իսկ քարոզչական տիրույթում փոփոխությունները արժեզրկվել են Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում, Սարգսյանի համար կարևոր կլինի ստանձնել վարչապետի պաշտոնը, բայց հնարավորինս զերծ մնալ այդ պաշտոնի հետ նաև պատասխանատվությունը ստանձնելուց: 2018-ի բյուջեն այդ իմաստով բավական հարմար է, և Սերժ Սարգսյանին կօգնի այդ հարցում նվազագույնը 5-6 ամիս: Իսկ դա քիչ ժամանակ չէ, առնվազն՝ նոր բան մտածելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20