2018-ի ապրիլի 9-16-ը Կարեն Կարապետյանը միանձնյա է իշխելու. Կհամարձակվի՞ կատարել սահուն իշխանափոխություն

- in Մամուլ
Karen Karapetyan

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական վերնախավում ոչ ոք չգիտի, թե եկող տարվա ապրիլի 9-ից հետո, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը կավարտվի, անցում կարվի խորհրդարանական կառավարմանը, և նախագահի լիազորությունների գերակշռող մասը կանցնի վարչապետին, ով կզբաղեցնի այդ պաշտոնը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս խոստովանել է, որ դեմ չէ 2018-ի ապրիլից ևս զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի բոլոր քայլերը վկայում են, որ նա չի ցանկանում իր լիազորությունների ավարտից հետո ՀՀ իշխանության ղեկը ուրիշի փոխանցել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներկայումս շրջանառության մեջ են դրվել ուժային կառույցների օրենսդրության մեջ փոփոխությունների նախագծերը, որոնցով այդ գերատեսչությունների բարձրագույն ղեկավարության նշանակման իրավունքը պետք է անցնի ՀՀ վարչապետին:

Համապատասխան օրենքները նախատեսվում է կիրառության մեջ դնել եկող տարվա ապրիլի 9-ից, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը կավարտվի, և իր լիազորությունները կստանձնի ՀՀ ԱԺ կողմից ընտրված նախագահը, որը գործադիր իշխանության վրա ազդելու լծակներից զրկված կլինի:

Այսինքն՝ փաստացի, 2018 թվականի ապրիլի 9-ից 16-ը Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան լինելու է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը չնայած մեխանիկորեն պաշտոնանկ է լինելու, բայց մինչև նոր վարչապետի ընտրությունը շարունակելու է պաշտոնավարել:

Իսկ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն յոթօրյա ժամկետում վարչապետի՝ իրենց թեկնածուն առաջադրել: Ասել կուզի՝ նշված մեկ շաբաթվա ընթացքում Կարեն Կարապետյանը լինելու է իշխանության միանձնյա ղեկավարը և կարող է փոխել ՀՀ ոստիկանապետին, ՀՀ ԱԱԾ տնօրենին և մնացած ղեկավար կազմին, ու այսպես շարունակ՝ փաստացի հեղաշրջում իրականացնելով երկրում:

Իսկ կգնա՞ արդյոք նա այդպիսի համարձակության՝ օրենքով սահմանված կարգով իրականացնելով սահուն իշխանափոխություն, ժամանակը ցույց կտա»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20