ГАЗ-ի միջոցառումը հարմարեցված է եղել Պուտինի հայտարարությանն ու տեղի է ունեցել սովետական «լավագույն» ավանդույթների ոգով

- in Կարծիք
putin

Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2018թ-ի մարտի 18-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին: Նա այդ բանն արել էմասնակցելով Գորկիի ավտոգործարանի ГАЗ-ի, 85-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

Կասկածից վեր է, որ ГАЗ-ի միջոցառումը հարմարեցված է եղել Պուտինի հայտարարությանն ու տեղի է ունեցել սովետական «լավագույն» ավանդույթների ոգով: Ելույթ է ունեցել գործարանի բանվորներից մեկը, ով, բոլորի անունից, Պուտինին խնդրել է առաջադրվել: Ռուսաստանի գործող նախագահը չի կարողացել տեղի տալ «համազգային» խնդրանքին: Դատելով Պուտինի լակոնիկ ելույթից` ռուսաստանյան համակարգում կոնսենսուս է ձևավորվել ստատուս-քվոյի պահպանման հարցում և նախընտրական շրջանում Ռուսաստանի գործող նախագահի շեշտադրումներն առանձնապես չեն տարբերվելու նրա այսօրվա քաղաքականությունից:

Այլ խնդիր է, որ Պուտինի այսօրվա քաղաքականությունն, ըստ էության, պատային է ու գրեթե անխուսափելիորեն հանգեցնելու է փակուղային իրավիճակի, մանավանդ, որ Ռուսաստանի նախագահը չունի հասարակությանը կոնսոլիդսցնող նոր գաղափարներ: Պուտինն այս պահին ռուսաստանյան համակարգի ստատուս-քվոն է ու այդ ընտրությունը բխում է նրա համակարգի սահմանափակ ռեսուրսներից, որովհետև փորձագետներից շատերը կարծում ենՊուտինի նախագահության նոր ժամկետը ճգնաժամային է լինելու, ու գործող նախագահն իշխանությունը թողելու է առանց «ժառանգորդ» նախապատրատելու:

Ըստ ամենայնիՊուտինը ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է լինելու, այսպես կոչված, ռուսական նախագծերում կամ այն պետություններում, որտեղ մեծ է Մոսկվայի ազդեցությունը: Սա էլ բացատրվում է այն հանգամանքով, որ ռուսական ազդեցության տակ գտնվող երկրներում իշխանության առաջին դեմքի ցանկացած փոփոխություն ռիսկային է Մոսկվայի համար, որովհետև վերջինս չունի քաղաքական, ֆինանսական ռեսուրսներ այդ նույնիսկ կոսմետիկ փոփոխությունները վերահսկելու, կառավարելու համար: Պատահական չէ, որ դեռ մարտ ամսին Պուտինը իր զորակցությունը հայտնեց Սերժ Սարգսյանին` դա վերահաստատելով մեկ ամիս առաջ:

Մեծ հաշվով` Մոսկվայում լոյալ վերաբերվեցին Սերժ Սարգսյանի եվրոպական «կապրիզներին», որովհետև շահագրգռված էին նրա իշխանության միջազգային լեգիտիմացման հարցում: Եթե 2018-ի համատեքստում Կարեն Կարապետյանը որևէ հետաքրքրություն ներկայացներ Կրեմլի համար, կասկածից վեր է, որ այս ընթացքում Մոսկվայում կգտնեին Կարեն Կարապետյանին Վլադիմիր Պուտինի հետ գոնե լուսանկարելու առիթը:

Կարծում ենքզուտ հոգեբանորեն, Պուտինի առաջադրման որոշումն արագացնելու է հայաստանյան 2018-ի համատեքստի հստակեցումը: Պուտինի իշխանության երկարաձգումն ավելի է լեգիտիմացնում Սարգսյանի 2018-ի վարչապետական հայտը: Դժվար չէ նկատել, որ Սերժ Սարգսյանը նույնպես իր նոր իշխանությունը փորձում է ձևակերպել «համազգային մենյույով»: Ուղղակի Սարգսյանին «պարտավորեցնելու» է ոչ թե աշխատավորության խնդրանքը, այլ` «համազգային օրակարգը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20