Աշխարհն աղետի շեմին է. Գորբաչովը կոչով դիմել է ԱՄՆ և ՌԴ նախագահներին

- in Հասարակություն
gorbachov-mikhayil

ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը La Repubblica պարբերականին տված հարցազրույցում խոսել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների կտրուկ վատացման, միջուկային պատերազմի սպառնալիքի մասին:

«Աշխարհն աղետի շեմին է. Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներին կոչ եմ անում աշխարհն ազատել զանգվածային ոչնչացման զենքից»,- ասել է նա՝ երկու պետությունների ղեկավարներին կոչ անելով հետևել իր և Ռոնալդ Ռեյգանի օրինակին:

30 տարի առաջ ԽՍՀՄ և ԱՄՆ ղեկավարները ստորագրել են գործողության միջին և փոքր շառավղով հրթիռների վերացման մասին համաձայնագիր, ինչը եղել է առաջին քայլը գերտերությունների միջև «սառը պատերազմի» վերջի ուղղությամբ:

«Պետք էր անել առաջին վճռորոշ քայլը, և մենք դա արեցինք 1987թ. դեկտեմբերին: Դրանից հետո սկիզբ դրվեց միջուկային զինաթափման գործընթացին»,-ասել է Գորբաչովը՝ նշելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի տարաձայնությունները հաղթահարելու համար պետք է քաղաքական կամք դրսևորել:

«Կոչով դիմում եմ երկու նախագահներին՝ նոր շունչ հաղորդեք աշխարհը զանգվածային ոչնչացման զենքից ազատելու գործընթացին: Չեմ ուզում չափազանցնել, բայց միջուկային հակամարտության ռիսկը հսկայական է: Սպառազինման նոր մրցավազքն արդեն իրականություն է, այն աշխարհի համար կարող է աղետով վերջանալ: Ստեղծված իրավիճակը հնարավոր չէ լուծել կախարդական փայտիկի մի շարժումով: ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պետք է իրենց ձեռքն առնեն միջուկային զինաթափման գործընթացի վերահսկումը»,- ասել է Գորբաչովը:

Նրա խոսքով՝ միջուկային պատերազմն անթույլատրելի է, քանի որ դրանում չի կարող հաղթող լինել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20