Արտաշատում հայրը մուրճով ջարդել-փշրել է դստեր գերեզմանաքարը՝ ենթադրելով, թե այն տեղադրել է դստեր ընկերը

- in Մամուլ
dat

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Մանվել Ն.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

59-ամյա Մանվելին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 265 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի վերջին Մանվելը տեղեկացել է, որ հանգուցյալ դստեր գերեզմանին շիրմաքար է տեղադրած:
Մանվելի կինն ասել է, թե դստեր գերեզմանին շիրմաքար տեղադրել է ինքը՝ իր խնայած դրամական միջոցներով:

Սակայն Մանվելը կնոջը չի հավատացել:

Նա ենթադրել է, թե դստեր գերեզմանին շիրմաքարը տեղադրել է դստեր ընկեր Արմենը: Մանվելը այդ հանգամանքը համարել է անհանդուրժելի:

Նա տանից մուրճ է վերցրել, գնացել է Արտաշատի գերեզմանատուն, մուրճով հարվածներ հասցնելով՝ ջարդել է դստեր գերեզմանաքարը և… ամբողջությամբ ոչնչացրել է այն:

Դատարանում Մանվել Ն.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Մանվելը նախաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել է, համարվում է դատվածություն չունեցող, վատառողջ է, բնութագրվում է դրական:

Ըստ հարևանների տված բնութագրի՝ Մանվելը «բարեխիղճ անձանավորություն է, նրա կողմից վատ արարք չեն նկատել, նա աչքի է ընկնում բարությամբ, ազնվությամբ: Շուրջ երեք ամիս է՝ ապրում է միայնակ…»:

Դատարանը Մանվել Ն.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 265հոդվածի 1-ին մասով, դատապարտել է կալանքի՝ 1 ամիս ժամկետով, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել է 1 տարի փորձաշրջան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20