Արտգործնախարարների հանդիպումից առաջ ինտրիգը սրեց Իրանը

- in Հասարակություն
Eduard Nalbandyan

Վիեննայում այսօր սպասվում է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, որին ընդառաջ, ինչպես իրենց հայտարարությունում շաբաթներ առաջ նշել էին Մինսկի խմբի համանախագահները, նրանք պատրաստելու են քննարկման ենթակա «սուբստանտիվ հարցեր» և հրադադարի պահպանման հստակ մեխանիզմներ: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը լինելու է ղարաբաղյան գործընթացի այսպես ասած նոր օրակարգի «շնորհանդես»:

Հավանական է, նկատի ունենալով այն, որ այդ հանդիպումից առաջ Մինսկի խմբի համանախագահ երեք պետություններից երկուսը՝ ԱՄՆ ու Ռուսաստանը, հակամարտող կողմերին հղեցին բավական թափանցիկ մեսիջներ առ այն, որ ստատուս-քվոյի փոփոխությունը գործնականում անհնար է և հետևաբար չկա այսպես ասած բանակցային գործընթացի այլընտրանք:
Մյուս կողմից, իհարկե, այստեղ էլ խոսելու բան ըստ էության վաղուց չկա և հետևաբար կողմերին, և իհարկե առաջին հերթին Ադրբեջանին հորդորելով վերադառնալ բանակցային գործընթաց, համանախագահները պետք է նաև այդ գործընթաց բերեն այսպես ասած քննարկելու որևէ բան:

Իրականում, բանակցային գործընթաց ասվածը պայմանական բնորոշում է, քանի որ բանակցություն որպես այդպիսին ոչ միայն չկա, այլ ըստ էության դատելով մի շարք հանգամանքներից չի էլ կարող լինել, գոնե տեսանելի ապագայում: Ըստ այդմ խոսքը կարող է վերաբերել քաղաքական գործընթացի, որի միջոցով պետք է լցվի այն վակուումը, որը առաջացնում է ռազմական գործողությունների մեծ հավանականություն: Իսկ քաղաքական գործընթացի կարևոր ատրիբուտներից մեկը հենց բովանդակությունն է, որը հնարավորություն է տալիս պահել գործընթացը: Ինչ տարրեր կպարունակի նոր օրակարգը, հայտնի կդառնա՞ այդ մասին արտգործնախարարների Վիեննայի հանդիպումից հետո, թե՞ կլինի ամեն ինչ միայն ակնարկների և տեղեկատվական արտահոսքերի մակարդակում, այսպես ասած ինտրիգը պահելու համար:

Ուշադրության է արժանի այն, որ արտգործնախարարների այդ հանդիպումից առաջ ինտրիգը սրեց Իրանը, ինչը թերևս պետք է գնահատել անսպասելի, հատկապես այն առումով, որ Իրանը ինտրիգը սրեց Արցախի սուբյեկտության շեշտադրումով: Իրանական մամուլում հրապարակվեց Արցախի արտաքին գործերի նախարարի բավականին ծավալուն հարցազրույցը, որտեղ թերևս առաջին անգամ այդ մակարդակում բաց տեքստով խոսվում էր Իրանի և Արցախի հարևանության, դրա անգամ իրավա-քաղաքական հեռանկարների մասին: Ակնհայտ է, որ այդ հարցազրույցի շահառուն ոչ միայն Ադրբեջանն է, և գուցե ոչ այնքան Ադրբեջանը, որքան Մինսկի խմբի համանախագահ քաղաքական-ուժային երեք կենտրոնները, ու նաև թերևս Անկարան, որը վերջին շաբաթներին սկսել է բավական հաճախ խոսել ղարաբաղյան կարգավորման և դրանում մասնավորապես Ռուսաստանի դերի մասին:

Վիեննայում այսօր տեղի ունենալիք քննարկմանը համանախագահներն ու արտգործնախարարները կանդրադառնա՞ն իրանական մամուլում Արցախի բավականին պատկառելի մակարդակի ներկայացման հանգամանքին, հատկապես այն ֆոնին, որ Վիեննայի հանդիպմանը մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարարը ընդամենը օրեր առաջ Երևանում ընդունել էր Իրանի իր գործընկերոջը: Կստանա՞ Իրանը տեղ ղարաբաղյան գործընթացի նոր օրակարգում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20