Բաղմանյանից վաղուց ուզում էր ազատվել Մովսես Հակոբյանը. Վերջին կաթիլը…

- in Մամուլ
Haykaz Baghmanyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվել է աշխատանքային պարտականությունների մեջ «թերանալու» պատճառով, բայց չասաց, թե ինչում է թերացել։

Մեզ հաջողվեց պարզել, որ Բաղմանյանից վաղուց ուզում էր ազատվել ԳՇ պետ Մովսես Հակոբյանը, վերջին կաթիլը լրացրել է զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթյունի հետևանքով զոհված 3 զինծառայողների մահը, չնայած Բաղմանյանին առնչվող այլ, այդ թվում և կոռուպցիոն խնդիրներ կային: ՊՆ-ում կարծում են, որ Բաղմանյանի պաշտոնը կվերացվի՝ ԳՇ պետն ուներ 3 տեղակալ, կմնան երկուսը»:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս այս տարվա մայիսին «Խոշոր չարաշահումներ ՊՆ–ում. նոր սկանդալ է հասունանում» վերնագրով հոդված էինք տպագրել, որում մասնավորապես ասված էր. «Մեր աղբյուրների վկայությամբ` փողերի լվացման «ոլորտում» խոշոր չարաշահումներ են հայտնաբերվել ՊՆ–ում: Դրանք կատարվել են մինչև Վիգեն Սարգսյանի նախարար դառնալը: Բացահայտումները կատարվել են ՀՀ նախագահի խորհրդական, նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ–գնդապետ Միքայել Հարությունյանի խմբի կողմից:

Հատկապես աչք ծակող խախտումներ կան շինարարական և ինժեներական ծառայության ոլորտներում: Առայժմ միայն մեկ տվյալ հաղորդենք. մի «դրվագով» մեկ հենակետի համար, որի տարածքը մի քանի քառակուսի մետր է, դուրս է գրվել շուրջ 400 տոննա ցեմենտ: Էլ չենք խոսում ձյուն մաքրելու և խրամատ փորելու պատրվակով փողերի «դուրս գրման» մասին»:

Երեկ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:

Հետաքրքիր է նախարարի պատճառաբանությունը. «Գեներալ Բաղմանյանը իմ հորդորով զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին: Այդ որոշումները կայացնում է ՀՀ նախագահը: Հորդորի պատճառը աշխատանքային պայմանավորվածությունների չկատարումն է, որը անհամատեղելի է հետագա համատեղ ծառայության հետ»:

Մեր տվյալներով, ժամանակին, գուցեև մինչև երեկ, շինարարական և ինժեներական ոլորտը համակարգել է Բաղմանյանը:

Մենք չենք ասում, թե գեներալը հազարավոր տոննաներով «ցեմենտ է կերել», բայց հնարավոր է, որ աշխատանքից ազատված լինի նաև նախկինում արածների համար»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20