Գալուստ Սահակյանը չի կասկածում՝ որդին կարող է նախարար աշխատել

- in Մամուլ
Galust Sahakyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրության պահանջով՝ կառավարությանն առընթեր մարմինները մինչև եկող տարվա ապրիլը պետք է միավորվեն որևէ գերատեսչության հետ կամ նախարարության կարգավիճակ ստանան:

Մեր տեղեկություններով՝ քննարկվում է Կադաստրի պետական կոմիտեն պետգույքի վարչության հետ միավորելու և տարածքային կառավարման նախարարության մեջ ընդգրկելու հարցը: Տեղեկություններ կան, որ Գալուստ Սահակյանն ամեն ինչ անում է, որ միավորված միավորի ղեկավար դառնա որդին՝ պետգույքի վարչության պետ Արման Սահակյանը:

ԱԺ նախկին խոսնակը որդու՝ կառույցի ղեկավար դառնալու լուրերի մասին մեր հարցին պատասխանեց. «Որ իմ տղան նախարար կարող է աշխատի, դրանում չեմ կասկածում, բայց քաղաքական նախապայման է պետք, որ աշխատի… որդիս իր աշխատանքը լավ կատարող անձնավորություն է»:

Նրա կարծիքով, ժողովուրդը դեռ վաղ ժամանակներից կարծես մի հարցի մասին է մտածում, թե «երբ իրենց երեխաները պետք է նախարար դառնան»: «Նախկինում՝ կոմունիստների ժամանակ, գյուղացիների մեջ արմատավորված էր հետևյալը՝ երբ պիտի որդիս փոխնախարար դառնա, որովհետև նախարարներն արագ փոխվում էին, փոխնախարարները՝ երկար մնում իրենց տեղում:

Ես ասեմ հետևյալը. ես միայն փոշմանել եմ, որ իմ որդին կամ որդիները քաղաքականությամբ են զբաղվում, ես իրենց չեմ ուղղորդել, պարզապես իրենք տեսել են՝ ես ինչ եմ անում, ինչպես եմ անում, և եկել են իմ հետևից: Ես փոշմանել եմ, որովհետև, օրինակ, մարդը, որի որդին նկարիչ է դարձել, իր զավակին միայն ծափահարում են արած աշխատանքի համար, իսկ քաղաքական գործչի որդին, որ քաղաքական գործիչ է դառնում, ասում են՝ ըհը, սաղ երկիրը կերավ, հիմա էլ որդուն է բերել շարունակող: Ես չեմ կարծում, թե քաղաքական գործիչները լավ են ապրում: Նրանք, ովքեր բիզնես ունեն, իրենք են լավ ապրում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20