Դոնալդ Թրամփը հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշման մասին

- in Միջազգային
donald-trump

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշման մասին` 1948թ-ի Իսրայելի ստեղծումից հետո ԱՄՆ-ը դարձնելով առաջին երկիրը, որ նման որոշում է կայացնում:

Իսրայելը Երուսաղեմը համարում է իր «միասնական և անքակտելի» մայրաքաղաքը, սակայն մինչև Թրամփի այսօրվա հայտարարությունն Իսրայելի իրավունքները քաղաքի նկատմամբ ճանաչված չեն եղել այլ պետությունների և միջազգային սուբյեկտների կողմից: Երուսաղեմի կարգավիճակն առանցքայինն է համարվում իսրայելա-արաբական հակամարտության գործընթացում, որովհետև պաղեստինցիներն Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը:

Նույնիսկ տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներըՍաուդյան Արաբիան և Հորդանանը, Թրամփին կանխավ զգուշացրել էին, որ նրա հայտարարությունն անկայունության մեջ օջախ է առաջացնելու մահմեդականների շրջանում և ամբողջ աշխարհում: Ավելորդ չէ հիշեցնել, որ Երուսաղեմի արևելյան հատվածը սրբազան վայր է համարվում մահմեդականների, քրիստոնյաների և հուդդայականների համար: Իսրայելը քաղաքի այս հատվածն օկուպացրել է 1967թ-ի մերձավորարևելյան պատերազմի ժամանակ: 1993թ-ի խաղաղության համաձայնագրի համաձայնԵրուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է հստակեցվեր բանակցությունների հետագա փուլերում:

Երուսաղեմի նկատմամբ Իսրայելի իրավունքը ճանաչված չէր միջազգային հանրության կողմից և ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերով: 1967թ-ից սկսածԵրուսաղեմի արևելյան հատվածում Իսրայելը կառուցել է տասնյակ թաղամասեր, որտեղ ներկայումս ապրում է մոտ 200 հազար հրեա: Միջազգային իրավունքի և ՄԱԿ բանաձևերի տեսանկյունից այս թաղամասերն ապօրինի են: Այսօրվա հայտարարությամբԹրամփը փաստորեն ճանաչում է Իսրայելի միակողմանի գործողությունների օրինականությունը հակադրության մեջ մտնելով միջազգային հանրության հետ:

Հորդանանն արդեն նախաձեռնել է Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստեր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թրամփն անցնում է «կարմիր գիծը» բոլոր մուսուլմանների համար ու սպառնացել է խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ: Ընդ որում` Էրդողանը հայտարարությունը հնչեցրել է բոլոր մահմեդականների անունից: Տասնամյակներ շարունակ Վաշինգտոնն ակտիվ միջնորդական առաքելություն է իրականացրել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն Թրամփի այսօրվա հայտարարությունն արաբների աչքերում ամերիկյան միջնորդությունը զրկեց անաչառությունից ու լեգիտիմությունից:

Այսօր Թրամփը կայացրել է իր նախագահության ամենավիճահարույց որոշումներից մեկը, ինչի հետևանքով Մերձավոր Արևելքը դառնալու է նոր լարվածությունների, գուցե պատերազմների օջախ: Ակնհայտ է, որ Թրամփի այսօրվա որոշումը ավելի է սրելու նաև Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները` նոր ռիսկեր ծնելով մեր տարածաշրջանի անվտանգության, ԼՂ խնդրում առկա փխրուն ստատուս-քվոյի համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20