Եկավ, ստորացրեց և գնաց. Al Mesryoon, Եգիպտոս

- in Միջազգային
Putin

Վերջին օրերի ամենահուզիչ և լրատվական կայքերի, միջազգային գործակալությունների ու սոցցանցերի կողմից քննարկվող իրադարձություններից է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նվաստացումը Լաթաքիայի Խմեյմիմ օդանավակայանում: Նախկինում Սիրիայի նախագահը շատ անգամներ է նվաստացվել, թեև ամբարտավան է եղել իր ժողովրդի հանդեպ և հրաժարվել է պատասխանել ազատության, արդարության և հարգանքի նրա կոչերին:

Նա նաև հրաժարվել է խաղաղ իշխանափոխությունից և դրա փոխարեն՝ սիրիացիների դեմ է ուղղել տանկեր՝ այդպիսով բացելու համար դժոխքի դարպասները և Սիրիան վերածելու համար անտառի՝ բնակեցված բորենիներով ամբողջ աշխարհից՝ լինեն աշխարհազորայինների, բանակի, թե ավազակախմբի: Այս մասին գրում է եգիպտական Al Mesryoon պարբերականը:

Երբ Պուտինը որոշեց Սիրիա այցելել, նրա ինքնաթիռը մեկնեց ոչ թե մայրաքաղաք Դամասկոս, թեև կարող էր անել դա, այլ որոշեց վայրէջք կատարել Միջերկրական ծովիափին ռուսական ռազմաբազայում: Հետո նա Բաշար Ասադին կանչեց Դամասկոսից, որպեսզի նա իրեն ողջուներ ինքնաթիռի ժամանելուն պես: Ասադը նախագահական պալատ ունի Լաթաքիայում, սակայն Պուտինը չգնաց այնտեղ, այլ սահմանափակվեց ռազմաբազայում հանդիպմամբ: Երբ ռուսական ինքնաթիռը վայրէջք կատարեց, Բաշար Ասադն իրեն չպահեց ինչպես պետության իսկական նախագահ, որն ինքնիշխանություն ունի տվյալ տարածքում:

Սկզբում Պուտինը ողջունեց և զրուցեց ռուսական բանակի ավագ սպայի հետ և միայն հետո սեղմեց Ասադի ձեռքը, ով հիշեցնում էր երեխայի, որը նորից մոր ձեռքերում էր հայտնվել: Պուտինը ձեռքսեղմում փոխանակեց իր զինվորական ղեկավարների հետ և նրանց հետ անցավ առաջ, մինչդեռ Ասադը երկրորդ գծով էր քայլում՝ Պուտինի և սպաների հետևից: Այս ամենը շատ ստորացուցիչ տեսարան է պետության ենթադրյալ ղեկավարի համար: Հետո Պուտինը շտապեց դեպի ռուսական դրոշով հարթակ: Ասադը ցանկացավ հետել նրան, բայց ռուս սպաներից մեկը բռնեց նրա ձեռքը՝ թույլ չտալով մոտենալ Պուտինին: Սիրիայի նախագահն ակնհայտորեն ենթարկվեց և ժպտաց, ժպիտն արտահայտում էր նրա շփոթմունքը, նա կանգնած մնաց իր տեղում:

Այդ ամբողջ տեսարանը մեզ ցույց է տալիս Բաշար Ասադի ճակատագիրը՝ խոնարհ ծառայի ճակատագիր, ում բռնադատում են ռուսները: Նա նրանց ենթարկվում է, իսկ նրանք նրան արհամարհում են, թեև նա նրանց ամեն ինչ տալիս է և թույլ է տվել օգտագործել իր ռազմաբազան առաջիկա 100 տարում: Նա իրեն վաճառել է ռուսներին, բայց չափազանց ամբարտավան է իր ժողովրդի ազատության կոչերի և նույնիսկ պահանջների վերաբերյալ, որոնք հնչեցրել են ցուցարարները Սիրիայում արաբական գարնան ժամանակ, խաղաղ երկխոսությանը պատասխանելու համար՝ այնպես, ինչպես նրանց եղբայրներին Եգիպտոսում, Թունիսում, Եմենում և Լիբիայում: Այդպիսով նա միայն հաստատել է նացիստական առաջնորդ Հիտլերին վերագրվող խոսքերը:

Երբ նրան հարցրել են ամենախեղճ մարդկանց մասին, որոնց նա հանդիպել է իր կյանքում, նա պատասխանել է, որ նրանք են եղել, ովքեր իրեն օգնել են օկուպացնել իրենց երկրները: Ճիշտ նույն կերպ տիրաններն օտարերկրյա ուժերին թույլ են տալիս դաժանորեն վերաբերվել իրենց ժողովրդի հետ և վատագույն զիջումների են գնում օտարերկրյա տերությունների առաջ՝ իրենց սեփականությունը պաշտպանելու և իշխանության գլուխ մնալու համար: Սակայն նրանք ունակ չեն նույնիսկ ամենափոքր զիջումների իրենց ժողորդի հանդեպ և ծաղրում են նրան: Հենց այդ պատճառով դիկտատորներն ամենամեծ վտանգն են ներկայացնում երկրների անվտանգության համար, որոնք գլխավորում են: Նրանց թուլությունը և լեգիտիմության կորուստը, որի աղբյուր է ժողովուրդը, նրանց ստիպում են զիջել շորթման արտաքին փորձերին, այնպես որ, նրանք պատրաստ են առաջարկել և վաճառել ինչ ասես՝ սեփական ժողովրդի կողմից պաշտոնանկությունից պաշտպանվելու համար: Նրանք հրաշալի գիտեն՝ իրենց ինչ է սպասվում այդ դեպքում: Ժառանգությունը, որ նրանք թողնում են ճնշումների, հետապնդումների, նվաստացման և ձերբակալությունների տեսքով, չափազանց դառն է մոռանալ կարողանալու համար:

Հանցագործ և տիրան Բաշար Ասադը շատ չարագործություններ է արել իր ժողովրդի հանդեպ՝ ընդհանուր թվով սպանվել է մոտ կես մլն սիրիացի, որոնց կեսը կանայք և երեխաներ են, տասնյակ քաղաքներ ոչնչացվել են, մոտ 8 մլն սիրիացի արտաքսվել է իր երկրից, հազարավորները կտտանքների են ենթարկվել բանտերում:

Ասադը Սիրիան վաճառել է Ռուսաստանին և Իրանին, և աշխարհն այդ ամենը տեսել է: Սա քաղաքական աքսիոմա է, որն ամերիկյան հաստատման կամ ռուսական հերքման կարիք չունի: Սակայն վերը նշված տեսարանը Խմեյմիմում մեզ ցույց է տալիս, որ Ռուսաստանը սկսել է աշխատել իր տեսլականին համապատասխան, ըստ որի՝ Ասադը նոր Սիրիայի մաս չէ և երկիրը ժամանակավորապես է ղեկավարում՝ մինչև իրավիճակի կարգավորումը Դամասկոսում և ճգնաժամի, որը բավական երկար է տևում, համակողմանի կարգավորման հասնելը, եզրափակում է պարբերականը:

Spread the love