Երկուստեք՝ զուտ դիվանագիտական հայտարարություններ ԼՂՀ-ի մասին

- in Պաշտոնական
us-russia

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Մենք աջակցում ենք ԼՂ խնդրի լուծում գտնելուն ուղղված Մինսկի խմբի ջանքերին: Մեզ գոհացնում են այն հանձնառությունները, որոնք հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, մասնավորապես՝ աշխուժացնել բանակցային գործընթացը, նվազեցնել լարվածությունը շփման գծում: Կարևոր առաջընթաց կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք: Մենք ողջունում ենք երեկ կողմերի կայացրած որոշումը՝ խոսելու խնդրի մասին»,- ասաց Թիլերսոնը: Նա ընդգծեց ձգձգված հակամարտություններում առաջընթաց գրանցելու կարևորությունը՝ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Վրաստանում և Մոլդովայում:

Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հիմնախնդրի լուծում գտնելու հարցում: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է հետագայում էլ աջակցել կողմերին փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում՝ համաձայն այն սկզբունքների, որոնք բազմիցս հավանության են արժանացել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից»,- հայտարարեց Լավրովը:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննայում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ավստրիայի մայրաքաղաքում են ԵԱՀԿ անդամ 57 պետությունների ԱԳ նախարարներն ու բարձրաստիճան դիվանագետները:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին մտահոգիչ է համարում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը:

Այս մասին նա հայտարարել է Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը:

«Ես հավասարապես մտահոգված եմ ԵԱՀԿ տարածքում բոլոր հակամարտությունների առկայության փաստով: Լարվածության և թշնամանքի աճը Լեռնային Ղարաբաղում լուրջ մտահոգության առիթ է»,- հայտարարել է Ծերեթելին: Նա հիշատակել է նաև ուկրաինական ու վրացական խնդիրները:

«Այս հակամարտությունների հետևանքով շատ մարդկային կյանքեր են խեղվել: Խախտվել են մարդկանց հիմնարար իրավունքները: ԵԱՀԿ-ն երբեք չպետք է նորմալ և հանդուրժող լինի նման գործողությունների նկատմամբ: Հուսով եմ, որ այս սեղանի շուրջ մենք կգտնենք քաղաքական կամք՝ առաջ մղելու մեր ջանքերը խաղաղության և վստահության կառուցման հարցում»,- ասաց ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ-ն յուրահատուկ հարթակ է, որը ծառայում է մեր հավաքական անվտանգությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20