Թշվառացող ու դատարկվող Հայաստանի արշալույսներն անխուսափելիորեն արյունոտ են լինելու

- in Կարծիք
Karter 1

Մասնագետներն ասում են, որ նախորդ տարվա համեմատ Ամանորի սեղանի համար նախատեսված ապրանքները թանկացել է մոտ 15%-ով: Ավելորդ է ասել, որ Ամանորը մեր ժողովրդի ամենասիրված տոներից մեկն է ու հիմա փաստորեն մարդիկ կքվելու են ծանր բեռի տակ` գոնե երեխաների երազանքները չփշրելու համար:

Հունվարի 1-ից էլ սպասվում են նոր թանկացումներ, որոնք հետևանք են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Այս ամենի համատեքստում թերևս հարկ կա ևս մեկ անգամ անդրադառնալ կառավարության քաղաքականությանը, որի հետևանքով, համոզված ենք, Հայաստանում աղքատությունն աճել է` ծավալային ու նույնիսկ որակական ցուցանիշներով և, մեղմ ասած, արդեն հնացած է աղքատության մասին պաշտոնական վիճակագրությունը:

Կարեն Կարապետյանի պաշտոնավարման շրջանում աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում տեղի չի ունեցել և նման հեռանկար չկա անգամ մյուս տարի, փոխարենըհատկապես վերջին ամիսներին առաջին անհրաժեշտության սննդամթերքի գներն անզուսպ աճում են մի կողմից, տնտեսության աշխուժության պատրանք ստեղծելով, մյուս կողմից` մուտքեր ապահովելով պետական դատարկ բյուջեի համար, մեծացնելով ավելի հարստացող օլիգարխիայի և թշվառության եզրին հասած հասարակության մեծամասնության անջրպետը: Աղքատությունը լրջագույն մարտահրավեր է ազգային անվտանգությանը:

Առաջին ու թերևս տեսանելի հետևանքն արտագաղթն է, ընդ որումզանգվածաբար հեռանում է երկրում կղզիացող միջին խավը, որի ներկայացուցիչները հասկանում են, որ Հայաստանում բարեկեցիկ կյանքի հեռանկարներն իրենց առջև փակված են, ինչն անխուսափելի է դարձնում աղքատների շարքերի ստվարացումը հենց նրանց հաշվին: Հեռացողները սիրում են Հայաստանը, բայց նրանց արժեքային համակարգը թույլ չի տալիս ապրել քրեաօլիգարխիայի բարքերով, իսկ այլընտրանքը թշվառությունն է, փոքր բիզնեսի ու գործի կորուստը, որովհետև, օրինակ, Սամվել Ալեքսանյան թույլ չի տալիս, որ իր «Սիթիների» հարևանությամբ փոքր խանութներ գործեն:

Անկասկած, «մենաշնորհային» այս զոռբայությունը բնորոշ չէ միայն Ալեքսանյանին և ընդհանուր հատկանիշ է բոլոր օլիգարխների համար: Աշխատավարձերն ու կենսաթոշակները կարող էին չբարձրանալ, բայց մարդիկ չէին արտագաղթի, եթե կառավարության քաղաքականությունը երկրի զարգացման հեռանկար բացեր, հասարակությանը վերադարձներ արժանապատվության զգացումն ու երազնքներ ունենալու պատեհությունը: Սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը ձախողվել է ոչ միայն ընթացիկ քաղաքականության մեջ, այլ հատկապես` ռազմավարական ծրագրերում:

Այս կառավարությունը հետևողականորեն կրճատում է կրթությանը հատկացվող միջոցները, ինչի հետևանքով կրթությունը դառնում է անհասանելի հասարակության ավելի լայն խավերի համարտգիտության ճանապարհով «կայունացնելով» թշվառությունն առնվազն մի քանի տասնամյակների համար: Հայաստանում չկան զարգացման ռեսուրս ունեցող ներդրումներ, ինչը նշանակում է, որ սահմանափակ ներդրողները փող են դնում ոչ թե տնտեսության մեջ, այլ կոնկրետ պաշտոնյաների, նրանց կարճաժամկետ, երկրի զարգացման հետ չաղերսվող ծրագրերի վրա: Կամ էլՀայաստանի տնտեսությունը վերածվել է «լվացքատան», որտեղ սպիտակեցվում են կեղտոտ փողեր ստեղծելով տնտեսության աշխուժացման իմիտացիա, իսկ իրականում` «կենսունակություն» հաղորդելով օլիգոպոլ համակարգին:

Սակայն արտագաղթը հատկապես հարվածում է երկրի զարգացման հեռանկարին, որովհետև Հայաստանում մնում է մի հասարակություն, որն օբյեկտիվորեն լյումպենացված է և չունի արդիականացում, բարեփոխումներ պահանջելու, դրանց շահառուն լինելու պոտենցիալ: Խորհրդարանական վերջին ընտրությունները, կարծես թե, հումանիտար, սոցիալական այդ աղետի նշանային դրսևորումներն են, որոնց խորքերից հառնում է ապագա չունեցող երկրի ուրվականը: «Աղքատ Հայաստանը» դարձել է Հայաստանի քաղաքական համակարգի նոր կոնսենսուսը, որովհետև այսօրվա իշխանության հաջողության բանաձևը հենց լյումպենացված հասարակությունն է, որը նաև արդարացում է ընդդիմության համարիր կոմֆորտը չզոհաբերելու, անտաղանդությունը քողարկելու համար: Սակայն այդ կոնսենսուսը հարաբերական է, որովհետև աղքատությունը սպանում է քաղաքականությունը ճանապարհ հարթելով ահաբեկչության համար: Թշվառացող ու դատարկվող Հայաստանի արշալույսներն անխուսափելիորեն արյունոտ են լինելու:

Spread the love