Armen Ashotyan

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարևորում է Եվրոպական Միության հետ կնքված համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումները:

Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ համաձայնագրում Եվրամիության կողմից ամրագրվել է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններին ամբողջությամբ համապատասխան մի բանաձև, ըստ որի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա:

«Հակամարտության կարգավորման այն սկզբունքների եռյակը` տարածքային ամբողջականություն, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառում և ինքնորոշման իրավունք, որոնք առաջարկում են Մինսկի խմբի համանախագահները և որոնց դեմ տարիներ շարունակ պայքարել է Ադրբեջանը, ֆիքսվել են Եվրոպական Միության և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրում, ինչը շատ կարևոր է»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Նա նկատեց, որ 2017թ. շփման գծում լարված իրավիճակ էր, սակայն Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո լարվածության որոշակի թուլացում է նկատվում: Արմեն Աշոտյանը լարվածության թուլացումը չի կապում Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներով կամ որևէ ինստիտուցիոնալ հիմքերի հետ: Նրա խոսքով` դա կարող ենք կապել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության «բարի կամքի» կամ անձնական որոշման հետ: «Եթե լարվածության թուլացումը կարող է լինել անձնական որոշման կամ «բարի կամքի» հետևանք, շատ հանգիստ կարող են լինել նոր սրացումներ նույն անձնական որոշման պատճառով, որի ականատեսը շատ ենք եղել»,- ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

Այս առումով նա կարևորեց Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման համար և միջադեպերի հետաքննության համար ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծումը: Նրա խոսքով` «բարի կամքը» կարևոր է, բայց այն պետք է դրսևորվի նաև նախապես ստանձնած պարտավորությունների կատարման քաղաքական որոշման մեջ:

2017 թվականի երկրորդ կեսը ղարաբաղյան կարգավորման տեսանկյունից ավելի հանգիստ էր: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայնեց  ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

2017 թվականի առաջին կեսը, ըստ նրա, տարբերվում էր շփման գծում իրավիճակի սրման բազմաթիվ դեպքերով, սադրանքներով, որոնք մարդկային կորուստների են հանգեցրել:

«Սակայն Ժնևում կայացած գագաթնաժողովից, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո արձանագրվեց լարվածության որոշակի մեղմացում»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ է զգոն լինել, քանի որ շփման գծում լարվածության անկումը պայմանավորված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկներով, որոնց հետ հակամարտության երկու կողմերն էլ համաձայն էին, ինչպես նաև կապված չէ դիտորդական գործառույթների ընդլայնման, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման հետ:

Արմեն Աշոտյանն արձանագրում է, որ հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են մնալ ամբողջական քաղաքական, դիվանագիտական և տնտեսական փակուղու մեջ: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն Արմեն Աշոտյանը շեշտեց, որ հայկական կողմի նախաձեռնությամբ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն այլևս քաղաքական օրակարգի մաս չեն լինելու 2018թ. գարնանից սկսած:

«Այն ակտիվությունը, որով թուրքական կողմը փորձում է արդարացնել այդ արձանագրությունների տապալումը, վկայում է այն մասին, որ Թուրքիան ունի որոշակի երեսը փրկելու կարիք: Երեսը փրկելու բոլոր ջանքերը, տապալված են, որովհետև բոլորը գիտեն, թե ում պատճառով է տապալվել հայ-թուրքական կարգավորման գործընթացը»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Պատգամավորի խոսքով՝ թուրքական կողմի ակնհայտ դիվանագիտական «լկտիությունը» բերում է նրան, որ չեն էլ թաքցնում, որ հայ-թուրքական կարգավորումները շաղկապված են բացառապես արցախյան հիմնախնդրի, ադրբեջանամետ լուծումների կարիքների հետ: «Եվս մեկ անգամ փաստենք մի պատմական իրողություն, որ Ադրբեջանը պարզապես մեկ այլ Թուրքիա է տարածաշրջանում, մեկ այլ Թուրքիա Հայաստանի ու հայ ժողովրդի համար»,- եզրափակեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

Ազգային ժողովի դեկտեմբերի 21-ի նիստի ընթացքում յուրաքանչյուր քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնելն Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի շրջանակում է արվել: Այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր,  արտաքին  հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը. «Ազգային ժողովում մթնոլորտը երեկ հագեցած էր, և ամեն ինչ տեղի է ունեցել կանոնակարգի շրջանակում»: Նրա գնահատմամբ` Հայաստանում լիարժեք խորհրդարանական մշակույթը կայացնելու համար դեռ ճանապարհ կա անցնելու:  «Առաջին դեպքը չէ, որ ընդդիմադիրները օգտվում են իրենց իրավունքներից, բայց առաջին դեպքն է, որ դա տեղի է ունենում 11 անգամ»,- ասաց նա:

Պատգամավորը պարզաբանեց, որ  խորհրդարանական հանրապետություն չի նշանակում ընդդիմության կողմից խաղի կանոնների բացարձակ թելադրանք. «Հայաստանի խորհրդարանում կա երկու ընդդիմադիր խմբակցություն: «Ելք»-ի կողմից որոշակի դժգոհությունների գոյությունը կապված չէ նրա հետ, որ չունեն բավարար լծակներ, խնդիրն այն է, որ ընդդիմությունը ունի լծակներ, բայց դրանք «Ելք»-ի ձեռքում չեն»: Նա նշեց՝ իշխանության մեղքը չէ, որ ընդդիմության մեջ կա առողջ մրցակցություն:

Ազգային ժողովի դեկտեմբերի 21-ի նիստի ընթացքում ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, օգտվելով կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորությունից, յուրաքանչյուր քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում էր վերցնում: Խորհրդարանն օրակարգում առկա բոլոր 11 օրենսդրական նախաձեռնությունները քվեարկությամբ ընդունեց 20-ական րոպե տևող ընդմիջումներից հետո: Վերջին քվեարկությունից առաջ 11-րդ 20-րոպեանոց ընդմիջումն էլ վերցրեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը: