Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այդքան խտրականորեն հետապնդում հենց Գևորգ Սաֆարյանին. հայտարարություն

- in Հասարակություն
Serj Sargsyan

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այդքան խտրականորեն հետապնդում հենց Գևորգ Սաֆարյանին: Նման հարցադրմամբ հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի կոչով ստեղծված «Հանուն Հայաստան պետության ճակատը»:

Հայտարարությունում ասվում է. «32-ամյա քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանը 2015-ի ամանորին իշխող ռեժիմի՝ Ազատության հրապարակ տոնածառ չտանելու ապօրինի պահանջին հակառակվելու հանդգնություն ունենալու համար, երկրում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի քմահաճույքով 2 տարի անցկացրեց բանտում: Ոստիկանների կեղծ ցուցմունքների վրա հիմնված շինծու «քրեական» գործն իր ավանդական խայտառակ ընթացքն ունեցավ իշխող ռեժիմի խամաճիկ դարձած դատական համակարգում: Նույն ոգով էլ կազմակերպվեց նրա պատիժ կրելը՝ ուղեկցվելով կալանավայրում նրա նկատմամբ կազմակերպված բռնություններով:

Թվում էր, թե իշխող ռեժիմն այդքան ապօրինություններ գործելուց հետո կհրաժարվի մեկ այլ շինծու՝ «Ժիրայր Սեֆիլյան և ընկերների» գործով Գևորգ Սաֆարյանի քաղաքական հետապնդումից, սակայն ոչ միայն չհրաժարվեց, այլև նոր խափանման միջոց կիրառելով՝ ցանկանում է առաջին պատժի ժամկետն ավարտվելուց հետո էլ անազատության մեջ պահել նրան:

Հարց կարող է ծագել. ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այդքան խտրականորեն հետապնդում հենց Գևորգ Սաֆարյանին: Մեզ համար պատասխանը շատ հստակ է. Գևորգ Սաֆարյանն այն բոլոր հատկանիշների կրողն է, որոնք խորթ ու անհանդուրժելի են Սերժ Սարգսյանի համար: Գևորգը երիտասարդ է, համակրելի, ամբողջ սրտով սիրում է իր հայրենիքը և մեր երկրի պատվախնդիր ու նվիրյալ քաղաքացի է, ունի իր երկրի անկախության ու ժողովրդավարացման համար պայքարելու անկոտրում կամք ու կորով:

Քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի: Քանի դեռ նման մարդիկ բանտում են, մենք բոլորս ենք անազատության մեջ:

Մեր համաքաղաքացիներին ու հայրենակիցներին կոչ ենք անում իրենց բոլոր հասանելի միջոցներով բողոք հնչեցնել Գևորգ Սաֆարյանի դեմ ռեժիմի սանձազերծած քաղաքական ստոր հալածանքների դեմ»:

Spread the love