Ինչպես են օնլայն վարկատու կազմակերպությունները մոլորեցնում քաղաքացիներին

- in Սոցիալական
Kasharq

«Այս կամ այն անձը, երբ փորձում է վարկ վերցնել օնլայն համակարգի միջոցով, ապա նա տեսնում է միայն վարկավորման գումարի չափը և տոկոսադրույքը, իսկ մնացած պայմանները, թե այդ վարկն ինչ պայմաններով են տրամադրում՝ դա հեշտ հասանելի կամ ընդհանրապես հասանելի չէ․ քաղաքացին պետք է իրենց ամբողջ տեղեկատվական համակարգը կարողանա փնտրել, որպեսզի կարողանա մանրամասն ինֆորմացիա ստանալ այդ վարկի պայմանների մասին։

Այսինքն՝ հիմնական պրոբլեմը կայանում է հենց դրանում, որ քաղաքացիները նախապես չեն կարողանում պատշաճ ձևով նայել ու հասկանալ, թե ինչ պայմաններով կնքեցին այդ վարկը»,- նշեց փաստաբան Դիանա Գրիգորյանը՝ խոսելով օնլայն վարկատու կազմակերպությունների մասին։

Փաստաբանի խոսքերով՝ քաղաքացիները չգիտեն, որ այդ վարկը կնքելուց հետո նրանք միաժամանակ պարտավորվում են վճարել նաև այդ վարկի սպասարկման գումարը, որն առանձին տոկոսադրույք է կազմում, վարկի տրամադրման միջնորդավճարը, ուշադրություն չեն դարձնում նաև վարկի տույժերին ու տուգանքներին, քանի որ հիմնականում բանկերը հսկայական տույժ-տուգանքներ են վարկի պայմանների մեջ ներառում։

«Մենք ունենք երկաստիճան տույժի համակարգ՝ մի հատ վարկի ժամկետանց տոկոսի նկատմամբ են տույժ հաշվարկում, մի հատ էլ առանձին վարկի ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժի նկատմամբ էլ ևս տույժ են հաշվարկում։ Այսինքն՝ այս պայմաններն են, որ վարկառուի համար ոչ բարենպաստ են, և հատկապես օնլայն համակարգի միջոցով, երբ որ քաղաքացին փորձում է վարկ ձեռք բերել, ապա ինքնուրույն չի կարողանում այս բոլոր մանրամասների մասին տեղեկանալ, որովհետև դրանք հասանելի չեն»,- շեշտեց Դիանա Գրիգորյանն ու միևնույն ժամանակ հավելեց․

«Սրանով իսկ առկա է սպառողին ուղղակի մոլորության մեջ դնելու խնդիր, որովհետև մեր իրականության մեջ այսօր շատ-շատ են լինում դեպքեր, երբ քաղաքացուն ասում են՝ մանր տառերով գրված էր դա, կամ եթե մտնեիր վարկի պայմանների մասին էսինչ էջի էնինչ ենթաէջը, ապա կտեսնեիր այս ամենը։ Մինչդեռ նկատենք, որ բոլոր կարևոր պայմանները չպետք է թաքցված լինեն կամ դժվարամատչելի փնտրտուքի արդյունքում հասանելի դառնան, այլ այդ շատ էական բաների մասին հաճախորդը պետք է նախապես տեղեկացված կամ նրա համար հեշտ հասանելի լինի»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20