Իշխող, կառավարման համակարգում ո՞ւմ վրա է «թանկ» արժենալու հերթական բացահայտումը

- in Կեղտոտ լվացք
aac

Կամ հասարակությունն է վարժվել արդեն նախապատրաստվող կամ կատարված ահաբեկչական կամ զինված այլ բնույթի գործողություններին Հայաստանում, կամ հանրությունը շարունակում է դրանց վտանգն ընկալել ոչ բավարար լրջությամբ և դրանց մասին տեղեկությունները, նախ և առաջ, անցկացնել իշխանության հանդեպ բացասական, մերժողական վերաբերմունքի և իշխանության ոչ լեգիտիմության պրիզմայով, ըստ այդմ նաև վերաբերվել այդ տեղեկություններին թերահավատությամբ:

Այսպես թե այնպես, ահաբեկչության պլանավորման մասին ԱԱԾ հայտարարությունը, որ եղավ նախօրեին, Հայաստանում չառաջացրեց առանձնակի իրարանցում, լարվածություն, տագնապ: Իսկ ԱԱԾ հայտարարությունը վերաբերում էր ոմն Ռ.Ք.-ի, որը ԱՄՆ քաղաքացի է, բնակվում է այնտեղ, և փորձել է համացանցի կեղծ պրոֆիլի միջոցով հավաքագրել հանցակիցներ, որպեսզի Հայաստանում իրականացնի պետական վիճակն ապակայունացնող, տագնապ, խուճապ, ահ և անկառավարելիություն ստեղծող գործողություններ: Այդ մասին հայտարարող ԱԱԾ-ն հայտարարել էր նաև, որ դիմել է ԱՄՆ իրավապահներին՝ հանցագործության համար մեղադրվողին հայտնաբերելու և ձերբակալելու համար: Հայաստանում էլ փնտրվում են նրա հանցակիցները:

Ինչպիսի ընթացք կունենա գործի իրավական կողմը, մնում է հետևել, ուշադիր լինելով բովանդակային ամեն մի մանրուքի հանդեպ, քանի որ խնդիրը նաև ունի քաղաքական մեծ նշանակություն՝ ելնելով թե՛ ներքաղաքական, ներիշխանական ներկայիս փուլի կարևորությունից, թե՛ նաև այն հանգամանքից, որ փաստորեն իրադարձությունների զարգացմանը պաշտոնապես ներգրավված է նաև ԱՄՆ իրավապահ համակարգը: ԱԱԾ հայտարարությունից հետո թե՛ մամուլը, թե՛ փորձագետները գրեթե անմիջապես սկսեցին իրավիճակը համեմատել վերջին երկու տարիներին Հայաստանում եղած այդօրինակ աղմկոտ առնվազն չորս գործեր, համեմատություններ անցկացնել դրանց հետ, առաջին հերթին, իհարկե, զուտ քաղաքական ասպեկտի, շարժառիթի, ֆոնի և ազդեցության մասով: Խոսքը Նորք-Մարաշի զինված խմբի գործի մասին է, «Սասնա ծռեր»-ի և ՊՊԾ գնդի գրավման, Սամվել Բաբայանի և «Իգլա»-ի, և չորրորդը՝ նոր գործը:

Արվել են, և թերևս կարվեն այդ ամենը համեմատող, տարբերություններ կամ ընդհանրություններ մատնացույց անող վերլուծություններ, մեկնաբանություններ: Դրանք թերևս հնարավոր է համալրել ևս մեկով, որը ավելի շուտ ընդհանրության մասին է: Նախորդ բոլոր երեք դեպքերը, իշխանության համար լինելով տարբեր աստիճանի մարտահրավեր, ունեցան մեկ ընդհանուր այսպես ասած ազդեցություն՝ դրանց բոլորի արդյունքն այն էր, որ իշխանության ներսում տեղի ունեցան վերադասավորումներ, որոշակի փոփոխություններ, որոնք էլ իրենց հերթին բերում էին Սերժ Սարգսյանի դիրքերի ամրացման: Դժվար է ասել, այստեղ Սերժ Սարգսյանն էր ավելի լավ «շախմատ» խաղում, թե՞ ավելի վատ էին «խաղում» նրանք, ովքեր պլանավորում էին ֆորս-մաժորային զարգացումներ:

Համենայնդեպս, թե՛ Նորք-Մարաշի խմբի բացահայտումից հետո, որը նախորդել էր սահմանադրական հանրաքվեին, թե՛ ՊՊԾ գնդի գրավումից հետո, որը տեղի էր ունենում ղարաբաղյան խնդրում Ապրիլյան պատերազմի և դե ֆակտո դրա «հետցնցումների» ֆոնին, թե՛ «Իգլա»-ի համատեքստում ակնառու էր, որ բոլոր այդ խնդիրներից Սերժ Սարգսյանը կարողանում էր դուրս գալ իշխող համակարգում իր դիրքերը ամրապնդելով, և, որպես կանոն, այդօրինակ միջադեպերը հանգեցնում էին կամ հրապարակային պաշտոնանկությունների և զտումների, ընդհուպ վարչապետի մակարդակով՝ Հովիկ Աբրահամյանի հեռացումը, որն իշխող համակարգում Սերժ Սարգսյանի պլաններին մրցակից լինելու թերևս միակ կենսունակ պաշտոնյան էր, կամ ուղղակի, այսպես ասած, ուժերի հարաբերակցության փոփոխության:

Ահա այդ նախադեպերի պարագայում, ներկայումս հարց է առաջանում, թե 2018 թվականի գարնանն ընդառաջ հայտարարված բացահայտված ահաբեկչության հանգամանքը ինչ փոփոխությունների է բերելու իշխանության ներսում: Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրից հետո կանխատեսել էինք, որ Սերժ Սարգսյանն ավարտելով արտաքին քաղաքական որոշակի ցիկլ, աշխուժորեն կվերադառնա ներքին կյանք: Դա տեղի ունեցավ՝ ելույթ ՀՔԾ-ում, ելույթ ՏԻՄ համակարգի առաջ, առանցքային փոփոխություն ԶՈՒ Գլխավոր շտաբում: Նաև հարց էինք տվել, թե ո՞րն է լինելու շարունակությունը: Այդ հարցը թերևս առավել արդիական ու հրատապ է դառնում ահաբեկչության վտանգի կամ պլանավորման բացահայտման մասին ԱԱԾ հայտարարությունից հետո:

Իշխող, կառավարման համակարգում ո՞ւմ վրա է «թանկ» արժենալու հերթական բացահայտումը, և ինչ դրսևորումով՝ պաշտոնանկություն, շնորհազրկում, թե՞ ավելին՝ քրեական հետապնդում: Վերջում թերևս արժե նաև խոսել մեկ այլ ընդհանրության մասին, այս դեպքում իհարկե ոչ թե Սերժ Սարգսյանի կամ իշխանության, այլ պետության համար ընդհանրության: Խոսքն այն մասին է, որ, բարեբախտաբար, բոլոր դեպքերում պետությունը զերծ է մնացել լուրջ ցնցումներից և ճակատագրական ապակայունացումից, ինչը կունենար աղետալի հետևանք, հաշվի առնելով արտաքին մարտահրավերների բազմազանությունը: Դա իհարկե ոչ միայն իշխանության գործողությունների, այլ նաև իշխանությունից խիստ դժգոհ, սակայն պետության ու պետականության ներքին, այդուհանդերձ, շատ նուրբ զգացում, գիտակցում կամ ենթագիտակցում ունեցող հանրության ողջախոհ վարքագծի արդյունքն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20