ԽՍՀՄ-ի դիսիդենտական շարժման մեջ հայերն առանցքային դերակատարություն են ունեցել

- in Վերլուծական
Paruyr Hayrikyan

Պարույր Հայրիկյանի, Ազատ Արշակյանի, Աշոտ Նավասարդյանի, Ստեփան Զատիկյանի, Ռաֆայել Պապյանի, Հայկազ Խաչատրյանի, մյուսների անունները հայտնի են նախկին խորհրդային դիսիդենտական շրջանակներում:

1968-ին ստեղծված Ազգային միացյալ կուսակցությունն ընդհատակյա ամենալուրջ կազմակերպություններից մեկն էր ԽՍՀՄ-ում, Հայրիկյանը 1973-ին շրջանառու է դարձրել մի ծրագիր, որը ենթադրում էր Հայաստանի անկախություն` ինքնորոշման ճանապարհով:

Համազգային պայքարի մեկնարկից օրեր անց` 1988-ի մարտի 12-ին, Պարույր Հայրիկյանը Մոսկվայում ձերբակալվեց, հունիսին արտաքսեց Եթովպիա, այնտեղից էլ տեղափոխվեց ԱՄՆ, որտեղից Հայաստան վերադարձավ միայն 1990-ի նոյեմբերին:

Սակայն եթե նույնիսկ Հայրիկյանը հայրենիքում լիներ, գրեթե բացառված է, որ նա ստանձներ համազգային շարժման առաջնորդությունը, որովհետև Հայաստանում մնացած նրա կողմնսկիցներն, որոնց թվումլուսահոգի Մովսես Գորգիսյանը, ով վառ անհատականություն էր, շարժման հարթակում եղանակ չէին ստեղծում: Այլախոհական շարժումը, որ կենսունակ էր գտնվել կայսրության դեմ պայքարում, ըստ էության անպատրաստ էր աշխատել հրապարակային դաշտում, հարյուր հազարավոր մարդկանց հետ:

Մյուս կողմից` չմոռանանք, որ 1988թ-ի փետրվար-մարտ ամիսներին մենք գործ ունեինք սովետական Հայաստանի հասարակության հետ, որը քաղաքական իմացության իր մակարդակով, նույնիսկ հոգեբանորեն պատրաստ չէր անկախության գաղափարին: Շարժման առաջին ամիսներին անկախության գաղափարն օբյեկտիվորեն նույնիսկ կարող էր պառակտել մեր հասարակությանը, որովհետև կոմունիստական յոթանասունամյա տիրապետությունից հետո համազգային շարժման կոնսոլիդացնող գաղափարը չէր կարող լինել անկախության պահանջը:

Մի հանգամանք էլ կա, որի մասին չենք կարող չխոսել: Բանն այն է, որ նույնիսկ այսօր մեր հասարակության զգալի հատվածը անկախության համար պայքարը նույնացնում է հակառուսականության հետ: Այդ առանցքով մեր հասարակությունը չի կարող կոնսոլիդացվել անգամ այսօր, առավել ևս` չէր կարող կոնսոլիդացվել 1988-ին: Համազգային շարժումը զարգանում էր խորհրդային ժողովրդավարացման հոսանքի համատեքստում և ՀՀՇ-ի օրակարգում անկախության գաղափարը հաստատուն տեղ գտավ այն բանից հետո, երբ ելցինյան Ռուսաստանի ու գորբաչովյան ԽՍՀՄ-ի հակադրությունը հրապարակ էր բերել Ռուսաստանի սուբեկտության ձեռքբերման անհրաժեշտությունը:

Այս օբյեկտիվ գործոններին գումարվում է նաև Պարույր Հայրիկյանի գործոնը, ում հակասական վարքագիծը ԱԻՄ-ի շուրջ ոչ թե կոնսոլիդացնում էր մարդկանց, այլ նրանց վանում էր անկախության դրոշակակիր կազմակերպությունից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20