Կարեն Կարապետյանը սրում է իշխանության հարցը

- in Հրապարակ
Karen Karapetyan

Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Խիստ ուշագրավ է այս հանդիպման մասին կառավարության տարածած հաղորդագրության մի հատված, որտեղ ասվում է, որ զրուցակիցները քննարկել են անվտանգության, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր:

Պաշտոնական հաղորդագրությունն ավելի շատ բացահայտում է ոչ թե երեկվա հանդիպման բովանդակությունը, այլ խոսում է Կարեն Կարապետյանի հավակնությունների մասին, որոնք վերաբերում են 2018-ի համատեքստին:

Անկախ այն հանգամանքիցԿարապետյանի այցը նախօրոք էր պլանավորված, թե կազմակերպվել է վերջին օրերին, դա անուղղակի պատասխան է «Արմենիա» հեռուստաընկերությանը տված Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցին: Այդ հարցազրույցում Սարգսյանն, իհարկե, չքողազերծեց 2018-ի իր պլանները, սակայն հստակ բացահայտեց վարչապետության հարցի լուծման, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզը»: Այն, ի դեպ, բավականին ստանդարտ է ՀՀԿ-ն շատ խնդրելու է, որ Սերժ Սարգսյանը ստանձնի վարչապետությունը, իսկ վերջինս չի կարող հակադրվել հարազատ կուսակցության միահամուռ հորդորին:

Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Հանրապետական վերնախավը Սերժ Սարգսյանին այլընտրանք չի տեսնում հենց ԼՂ, անվտանգության հարցերում: Կարեն Կարապետյանն, ով մինչ այս պահը, կարծես թե, ինքնակամ այդ հարցերի տիրույթ չի մտելերեկ դրանք դարձնում է իր և Բակո Սահակյանի զրույցի թեման, համենայն դեպս տարածված հաղորդագրության մակարդակում:

Հեռու ենք այն մտքից, որ Կարապետյանը տիրապետում է բանակցային գործընթացի մանրամասներին կամ, որ Բակո Սահակյանը նրանից պետք է տեղեկանար գործընթացի մանրամասների մասին: Ոչ մեկը, ոչ էլմյուսը, պարզապես Կարեն Կարապետյանը հրապարակավ հասկացնում է, որ չի հրաժարվում 2018-ի իր հավակնություններից և, ըստ էության, Սերժ Սարգսյանի տիրույթ է մտնում քննարկելով հարցեր, որոնք համարվում են գործող նախագահի «մենաշնորհը»:

Կարեն Կարապետյանը սրում է իշխանության հարցը` Սերժ Սարգսյանին հասկացնելով, որ մտադիր չէ զիջել դիրքերը: Արդյո՞ք Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում Կարեն Կարապետյանն ինչ-որ ակնարկ է տեսել, որը խախտում է նրանց հնարավոր պայմանավորվածությունները կամ անհանգստացնում է վարչապետին, թե՞ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին հասկացնում է, որ ինքը կարող է այլընտրանք լինել Սերժ Սարգսյանին և գործում է, այսպես կոչված, փրայմերիզի տրամաբանությամբ

Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցերին, սակայն նկատենք, որ Կարապետյանի ասոցացումը ԼՂ կամ անվտանգության խնդիրների հետ նույնիսկ արհեստական է ստացվում, որովհետև ոչ միայն հասարակությունը, այլ նաև քաղաքական էլիտան տեղյակ չեն, թե գործող վարչապետն ինչ բովանդակային դիրքորոշումներ ունի այս հարցերում: Չենք էլ կարծում, թե Կարեն Կարապետյանն այս հարցերում ինքնատիպ մոտեցումների կրող է ու լավագույն դեպքումկրկնելու է այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը: Այս հանգամանքն ոչ միայն համոզիչ չի դարձնում Կարեն Կարապետյանի այլընտրանքը, այլ տպավորություն է ստեղծում, որ վարչապետը հրաժարվում է տնտեսությունից անուղղակի խոստովանելով այս ոլորտում իր քաղաքականության ֆիասկոն:

Spread the love