Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ծավալուն հարցազրույց է տվել «168 ժամ» թերթին: Կարեն Կարապետյանն ընտրել է հարցազրույցի անսովորայսպես կոչված, խմբային ձևաչափ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի մասնակցությամբ:

Նման ձևաչափը գուցե հարցազրույցն ավելի բազմասպրոֆիլ է դարձնում, մյուս կողմիցբազմաթիվ թվերի, մասնագիտական տերմինների հորձանուտում կորում է հիմնական ասելիքը: Այսուհանդերձ Կարեն Կարապետյանն այս հարցազրույցում, կարելի է ասել, սենսացիոն բացահայտումներ է արելանուղղակիորեն հաստատելով, որ իր կաբինետի գործունեությունը հիմնված է կեղծիքի ու թվային մանիպուլյացիայի վրա: Կարեն Կարապետյանը փաստորեն հրաժարվել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր տված ներդրումային խոստումներից: Ավելորդ չէ հիշեցնել, որ երեք միլիարդ ներդրումների խոստումը եղել է Կարեն Կարապետյանի հիմնական, առանցքային նախընտրական թեզը: Գործող վարչապետը կոնկրետ թվեր, ժամկետներ էր նշում ընթացիկ տարվա համար խոստանալով 850 միլիոն դոլարի ներդրում: Հենց այդ համատեքստում էլ ստեղծվեց Ներդրողների ակումբը, որը Կարեն Կարապետյանի և նրա տնտեսա-քաղաքական հովանավոր Սամվել Կարապետյանի իշխանության հայտն էր, այն գործիքը, որը ֆորմալիզացնելու էր վարչապետի քաղաքական ամբիցիան 2018-ի համատեքստում:

850 միլիոն դոլարի ներդրումները իրականություն չեն դսրձել, և Կարեն Կարապետյանն այսօրվա հարցազրույցում փաստորեն հրաժարվել է իր նախընտրական հիմնական խոստումից, առնվազն «խմբագրել» է այն. «Հենց այն պահին, որ մենք հայտարարել ենք 850 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասին, առաջին հայտարարության ժամանակ ֆիքսել ենք հասցեները՝ բյուջե, վարկեր, համայնքային դրամաշնորհներ, և այլն, և այդ ամենը հստակ ձևակերպված էր՝ ըստ նախարարությունների, նաև՝ ըստ հոդվածների: Մենք չենք ասել՝ դրանք ներդրումներն են, ասել ենք՝ դրանք այն ծրագրերն են, որոնք իրագործվում են»: Ակնհայտ է, որ եթե ընդամենը մեկ տարվա հաշվետվության կտրվածքով վարչապետը կեղծում է, ապա որևէ մեկը չի հավատալու նրա հեռանկարային ծրագրերին, օրինակ` այն պնդմանը, թե հինգ տարվա ընթացքում 12 տոկոսային կետով նվազելու է աղքատությունը, մանավանդ, որ Կարեն Կարապետյանն այսօրվա հարցազրույցում չի կարողանում հիմնավոր բացատրել, թե ինչպես են մարդիկ ավելի բարեկեցիկ ապրելու, եթե անխուսափելի գնաճի ֆոնին աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ անգամ հաջորդ տարվա բյուջեում։

Ներդրումային փաթեթի փաստացի տապալման, տխրահռչակ Ռոբսոնի սկանդալային պատմությունից հետո Կարեն Կարապետյանն առնվազն պետք է լռեր Ներդրողների ակումբի մասին, սակայն նա շարունակում է պնդել, որ այն «բիզնեսի նոր մշակույթ է բերում»` ավելի արժեզրկելով իր անձի հանդեպ առկա հանրային որոշակի սպասումները: Կարեն Կարապետյանը դարձյալ հրաժարվել է խոսել 2018-ի իր ծրագրերի մասին, սակայն խոստովանել է, որ իշխանության հարցում առկա անորոշությունը խանգարում է տնտեսության զարգացմանը: «Այնպես չի, որ բիզնեսն անմիջապես արձագանքում է մեր քայլերին, դու ինչ էլ ասես՝ գործարարները, լինելով ամենապրագմատիկ խավը, որոշակի դադար են վերցնում, որ հասկանան՝ ինչ է լինելու։ Դրան գումարվում են բազմաթիվ այլ գործոններ, որոնք ընթացքը դանդաղեցնում են՝ ընտրություններ, հիմա էլ ասում են՝ ապրիլի 9-ը անցնի՝ տեսնենք։ Անընդհատ մի պատճառ են գտնում, որ ամեն ինչ «երկուշաբթի օրվանից» սկսեն»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Այս ֆոնին անհասկանալի է, որ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան զույգը պարզություն չի մտցնում 2018-ի հարցումնույնիսկ այն բանից հետո, երբ ապրիլի 2-ին հասարակությունը դրվել է «խաղից դուրս» վիճակում: Ումի՞ց է դժգոհում Կարեն Կարապետյանը, երբ չի համարձակվում հստակ ձևակերպել 2018-ի իր հայտը, կամ Սերժ Սարգսյանը «տաք» է պահում ինտրիգը պետական ինստիտուտները դարձնելով համակարգային շահերի պատանդ: Հարցազրույցը ավելի վիրտուալ, վերացական է դարձնում Կարեն Կարապետյանի 2018-ի հայտը` ամրապնդելով այն համոզումը, որ «մինչև երկուշաբթի» Կարեն Կարապետյանը վարչապետ չի լինի: