Sezh Karen

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հյուրընկալ հարկի տակ՝ «Ֆլորանս» ռեստորանային համալիրում ավարտվել է իշխանական էլիտայի նախատոնական խնջույքը: Խնջույքի հիմնական մեխը եղել է վարչապետ Կարեն Կարապետյանի կենաց ձոնը՝ նվիրված Սերժ Սարգսյանին:

Կարապետյանը կարևորելով Սարգսյանի դերակատարումը Հայաստանի անկախության և պետականաշինության գործում, ընդգծել է, որ անկախության 25 տարիներին մեր պետականությունն ու Սերժ Սարգսյանն անբաժան են եղել: Այսպիսով Կարեն Կարապետյանը պաշտոնապես տվել է Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալու խնդրագրի մեկնարկը, որովհետև դժվար թե Կարապետյանը ուզենա, որ ինքը լինի այդ անբաժան երթը ընդհատողը: Հաջորդ տարվանից կարելի է սպասել, որ խնդրագրերը կլինեն արդեն հազարներով և տասնյակ հազարներով:

Միջոցառման ժամանակ հայտարարվել է նաև, որ ԱԺ չորս պատգամավորներ՝ Ռուզաննա Մուրադյանը, Սամվել Ֆարմանյանը, Աղվան Վարդանյանը և Վարդան Բոստանջյանը պարգևատրվում են Երախտագիտություն մեդալով: Եթե կոալիցիայի անդամ երեք պատգամավորներին մեդալներով պարգևատրելը հասկանալի է, ապա ֆորմալ ընդդիմադիր Բոստանջյանի պարագան հետաքրքիր է:

Այս պարգևատրումով իշխանությունն իր երախտագիտությունն է հայտնում Բոստանջյանին, որ նա պատգամավորության 8 ամիսների ընթացքում մշտապես պաշտպանել է իշխանության դիրքորոշումը, անտեսելով անգամ այն հանգամանքը, որ դրա համար արժանաում է կուսակիցների և նույնիսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կշտամբանքներին: